Թե ինչի կհանգեցնի Սահակաշվիլիի քաղաքականությունը


ՎՐԱՍՏԱՆԻ մասին խոսելիս, իհարկե, չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ նրա ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն ու նրա թիմին հաջողվեց ոչ երկար ժամանակահատվածում երկրի ներքին կյանքի կարևոր ոլորտներում նկատելի բարեփոխումներ իրականացնել: Սակայն, այնուամենայնիվ, Վրաստանում այսօր էլ պահպանվում են տնտեսության կլանային համակարգն ու կաշառակերությունը, ինչի հետևանքով բնակչության մեծ մասն իրեն սոցիալապես ապահովված չի համարում, չնայած, պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են, որ երկրի պետական բյուջեն ավելացել է 5-6 անգամ: Երկիրն արդյունաբերություն չունի, սակայն հաջողությամբ զարգանում է զբոսաշրջության ոլորտը: Ինչու չէ, Հայաստանից նույնպես շատերն են ամառային հանգստի համար գերադասում վրացական ծովափերը: Պատկառելի չափերով նաև արտերկրից, հատկապես Արևմուտքից է օգնություն տրամադրվում վարդերի ասպետի երկրին: Սահակաշվիլիի քաղաքականությունը գնահատվում է առավելապես երիտասարդության շրջանում. նրան համարում են հարկ եղած պահին վճռական որոշումներ կայացնելու և գործողությունների դիմելու ընդունակությունների տեր քաղաքական գործիչ: Հատկապես երիտասարդության կողմից վրաց նախագահի քաղաքականության ընդունելի լինելու հիմնական գործոնը, թերևս, ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունն է: Մասնավորապես, հայերին նույնիսկ հայաբնակ Ջավախքում այդպիսին համարելը, նպաստեց հայր Տարիել կոչվող տխրահռչակ վայ հոգևորականի և նրա նման` վանականի սքեմի տակ թաքնված թրքաբարո ազգայնամոլների ի հայտ գալուն: Սակայն, մտավորականությունը և միջին տարիքի մարդիկ հիասթափված են` 2008-ին Հարավային Օսիայի դեմ Սահակաշվիլու սանձազերծած ագրեսիան և այդ հողի վրա վրաց-ռուսական հարաբերությունները փչացնելը համարելով արկածախնդրություն: ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանն արտաքին քաղաքականության ոլորտում արևմտյան կողմնորոշում որդեգրեց, ինչն առավել ցայտուն դրսևորվեց հատկապես վարդերի հեղափոխությունից հետո: Վրաց հասարակության ընկալումներում Միացյալ Նահանգներ արտահայտությունը նույնացվում է համատարած ու անվերապահ աջակցության ակնկալիքի հետ: Սակայն, ԱՄՆ-ը, լինելով Հարավային Օսիայի դեմ Վրաստանին ագրեսիայի մղողը, արդեն այսօր ինքն է դժգոհ ռուս-վրացական հարաբերություննների վիճակից: Այս առումով եվրոպացիներն ու ամերիկացիներն արդեն հոգնել են Սահակաշվիլիից: Ըստ դիվանագիտական հավաստի աղբյուրների, Ռուսաստանի և Ամերիկայի հատուկ ծառայություններն ակտիվորեն քննարկում են Վրաստանի ապագա նախագահի թեկնածությունը: Այս հանգամանքը վկայում է, որ Վաշինգտոնին, կարծես, հաջողվում է Մոսկվայի հետ պայմանավորվել Վրաստանի և Հարավային Կովկասի շուրջ: Եվ որպեսզի Նահանգներն ու Ռուսաստանը ձեռքից բաց չթողնեն տարածաշրջանային քաղաքականության մեջ այնքան դժվարությամբ ձեռք բերվող համաձայնության հնարավորությունը, Վրաստանի ապագա նախագահի թեկնածուն պետք է հավանության արժանանա կամ ընդունելի լինի թե´ Մոսկվայի և թե´ Վաշինգտոնի համար: Վերջինիս կողմից Ռուսաստանին Վրաստանի հարցում ներկայացվող պահանջներն արդեն ձևական, չպարտավորեցնող բնույթ են կրում: 2008թ. ռուս-վրացական ռազմական բախման ժամանակ Ռուսաստանը նրբանկատորեն պահպանեց էներգատարների անվտանգությունը, ինչն ամերիկացիների համար արդեն ոչ այնքան տնտեսական. որքան ներկայացուցչական նշանակության հարց էր: Այսինքն, ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ շատ ավելի լուրջ հարցերում համաձայնություն է ձեռք բերում: Եվ Սահակաշվիլին, թերևս, հասկացել է, որ Վաշինգտոնն այլևս մտադիր չէ օժանդակել իրեն` դիմակայելու Ռուսաստանի հնարավոր ճնշումներին, և նրա երևանյան վերջին այցի գլխավոր նպատակը, հավանաբար, իր պաշտոնակցի միջնորդություն խնդրելն էր` Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար: Կրեմլում լավ գիտեն Վրաստանի կենսագործունեության հարցում իրենց դերի ու նշանակության մասին: Նաև գիտեն` որևէ այլ երկիր Թբիլիսիի վրա այնպիսի լայնածավալ ներազդեցություն գործելու հնարավորություն չունի, ինչպես` իրենք: Դա գիտեն և´ եվրոպացիները, և´ ամերիկացիները: Հասկանում է և Սահակաշվիլին: Սակայն, ռուսները, կարծես չեն էլ շտապում Վրաստանի ներկայիս նախագահից հնարավորինս շուտ ազատվել: Մոսկվայի համար արդեն տեսանելի է, թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանի հանդեպ Սահակաշվիլիի քաղաքականությունը. տնտեսապես երկրի է´լ ավելի քայքայմանն ու տարածքային մասնատմանը: Դրա փորձն արդեն կա:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ