Խոչընդոտներ. Իրական և արհեստածին


Բարեփոխումների ընթացքին ժողովուրդը հետևում է: Մի մասը ուշադրությամբ և որոշակի ակնկալիքներով, մյուս մասը, որը ցավոք մեծամասնություն է կազմում` անտարբերությամբ, «աչքի պոչով», քանզի խիստ թերահավատ են և հույս չունեն, թե դրանք կհանգեցնեն շոշափելի դրական արդյունքների: Նույնիսկ կադրային փոփոխությունները, որոնք առաջին անգամ ընդգրկեցին նաև իշխանական բուրգի վերնամասի բարձրաստիճան պաշտոնյաներին (նախարարներ, փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավարներ), բնակչության հույսի և վստահության ավելացման շոշափելի նշաններ ի հայտ չբերեցին: Պատճառները տարբեր են: Շատերը զուտ անցյալի դառը փորձից դարձել են քրոնիկ թերահավատներ: Նույնիսկ տեսանելի և շոշափելի դրականը չեն ցանկանում նկատել, էլ ուր մնաց` վերլուծեն և հետևություններ անեն: Հասարակության մի շերտ էլ, որոնց թերահավատները հեգնանքով անվանում են անուղղելի լավատեսներ, տեղաշարժն ուզում են տեսնել, սակայն նույնիսկ նրանք, դա համարում են ոչ բավարար: Այնուամենայնիվ, խիստ անարդար կլինի` միտումնավոր չնկատելու տալ երկրի ղեկավարության անկեղծ կամքն ու ցանկությունը` իրավիճակը շտկելու: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր` լուրջ ձեռնարկումներ իրականացնելու ճանապարհին, հառնում է դրանց կենսագործման արդյունավետ մեխանիզմ ներ գտնելու և կիրառելու անհրաժեշտությունը, առանց որի երկրում իրավիճակը փոխելու ամենաարմատական քայլերն անգամ կարող են ձախողվել: Բնական է, որ կառավարությունում լավ հասկանում են դա: Բայց ճիշտ մեխանիզմներ գտնելը, պարզվում է, շատ դժվար գործ է, քանի որ այն` ինչը թվում է, թե գտնված է և կարող է անխափան գործել, այնպիսի անկանխատեսելի խոչընդոտների է հանդիպում, որ ստիպված այն դեն են նետում և «անցնում» մեկ այլ մեխանիզմի կիրառման, ինչն էլ հաճախ նախորդի ճակատագրին է արժանանում: