Կյանքը սխրանք դարձնելու պատրաստակամությամբ


Տավուշի մարզի Նավուր գյուղից է ազատամարտիկ, մարտական շքանշանի ասպետ Սպարտակ Հարությունյանը: Նրա պատանեկությունը մեր ազգային հերոսների` Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Նժդեհի հերոսական սխրանքների պատմություններով է ներծծված: 14 տարեկան էր Սպարտակը, երբ առաջին անգամ հորից իմացավ Անդրանիկի և Աղբյուր Սերոբի մասին: Հայրը որդուն ցույց տվեց նրանց լուսանկարները: Մեր ազգային¬ազատագրական պայքարի ոգին էր խոսում այդ լուսանկարներում: Ոգեշնչանքի անմոռաց պահեր էին դրանք, որ միշտ Սպարտակի հետ են: - Հայրս թանկ մասունք դարձած լուսանկարներն իր մոտ էր պահում, ծոցագրպանում,¬ վերհիշում է Սպարտակը:- Լուսահոգի հայրս` Հայրենական պատերազմի վետերան Սերյոժա Հարությունյանը, նրանց լուսանկարներն իր հետ ռազմաճակատ է տարել, և մեր դյուցազնացած ազգային հերոսների հրեղեն ոգին մարտերում ուժ է տվել հայ զինվորին: Երբ զրուցում էինք, Սպարտակը պատմեց նաև Անդրանիկի հուշարձանի հետ կապված մի ոդիսական: 1989¬ին էր: Զորավարի հուշարձանը պիտի կանգնեցվեր Երևանում: Մարդիկ արդեն գիտեին այդ մասին, բայց հեռուստատեսությամբ հաղորդում են, որ արգելվում է Անդրանիկի հուշարձանը մայրաքաղաքում կանգնեցնել. շրջաններում էր թույլատրվում: Սպարտակն իմացել է այդ մասին: Հաջորդ օրը գնացել ու հանդիպել է քանդակագործին` Սարգիս Այվազյանին, պայմանավորվել է հուշարձանը տեղափոխել իր հայրենի գյուղ: Սակայն շրջանի ղեկավարներն ամեն կերպ փորձել են խոչընդոտել, որ Զորավարի հուշարձանը չբարձրացվի Տավուշում: Սպարտակը պայքարել է մինչև վերջ, և մեծ ջանքերի գնով հուշարձանը տեղափոխել է գյուղ: Անդրանիկի ոգին իր մեջ առած` 14 մետր բարձրությամբ պղնձե վիթխարի կոթողն այդ 10 ամիս մնացել է գետնին ընկած. տարածք չեն հատկացրել: Սպարտակին վերջապես հաջողվել է հուշարձանը բարձրացնել հայրենի գյուղում: Ժողովուրդը մեծ ոգեշնչանք է ապրել սիրելի Զորավարի վերադարձով, և Տավուշում ազատագրական պայքարի ոգին նոր ուժով է թև առել: Շրջանի կամավորականները գալիս, հավատարմության երդում էին տալիս Անդրանիկի հուշարձանի առջև ու մեկնում ռազմաճակատ: Գնում ու մարտի էին նետվում` իրենց կյանքի գնով պաշտպանելով հայրենի հողը: Այո, Սպարտակի համար դժվարին է եղել այդ ճանապարհը: Սակայն նա մենակ չէր, Զորավարի հուշարձանը Նավուրում բարձրացնելու համար Սպարտակի հետ մեկտեղ պայքարել են այդ հողի լավագույն զավակները` շրջանում փառաբանված շինարար Արամայիս Գրիգորյանը և նրա պես հայրենասեր մարդիկ: Անդրանիկի հուշարձանի պատվանդանը 86-ամյա Արամայիս պապի ձեռքերով է կանգնեցվել: Եվ ահա քառորդ դար է` մարդկանց երթը չի դադարում դեպի Նավուր գյուղի բարձունքին վեր խոյացած Մեծ Զորավարի հուշարձանը… Պարույր Սևակի խոսքը հիշեցի. «Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի… Սրա համար կարելի է ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է հայ ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն: Բայց ամոթից գետինը պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության բացատրելի, բայց անքավելի մեղքը»: Այդ մեղքը, փառք Աստծո, քավել ու փրկվել ենք պատմության դատից: …1991¬ին էր: Տավուշում սրվել էր իրադրությունը: Ռազմական խոշոր բազաների վերածված Թոուզից և Գեդաբեկից օր ու գիշեր հրետակոծվում ու գնդակոծվում էին շրջանի սահմանամերձ բնակավայրերը` Այգեպարը, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարն ու Այգեձորը: Հակառակորդի զրահապատները հաճախակի խախտելով մեր պետական սահմանը, գրոհներ էին ձեռնարկում գյուղերի ուղղությամբ` բնակիչների մեջ խուճապ առաջացնելու նպատակով: Պատասխան գործողությունների դիմելու միջոցներ չկային: Այգեպարի վրա ադրբեջանցիների ձեռնարկած հերթական տանկային գրոհը կասեցնելու ժամանակ հերոսաբար զոհվեց Վարուժան Պողոսյանը: Եվ Տավուշն ալեկոծվեց ծովի նման` ատամների տակ սեղմած վրեժի ցասումը: Շրջանի «Զորավար Անդրանիկ» ինքնապաշտպանական ջոկատի առաջին զոհն էր քսանամյա Վարուժանը: Մարտական ջոկատը 1990¬ին Սպարտակ Հարությունյանն է ստեղծել` իր միջոցներով ձեռք բերել զենք ու զինամթերք, զինել տղաներին, ապահովել սննդամթերքով ու հանդերձանքով: Սպարտակը հասկանում էր, որ առանց զրահատեխնիկայի չափազանց դժվար է լինելու պաշտպանական մարտերում հակառակորդին դիմադրել: Եվ նա ազատամարտիկ Վահրամ Ղարսայանի հետ մեկնել է հեռավոր սահմանային զորամասեր, դարձյալ իր միջոցներով ձեռք բերել հետևակի երկու մարտական մեքենա, գիշերը անտառներով ու լեռներով բերել¬հասցրել է դիրքեր: Եվ այդ երկու մարտական մեքենաներով պաշտպանվել է շրջանը: Սպարտակը ռազմագետ չէ, զինվորական կրթություն չունի, Մոսկվայի Ձերժինսկու անվան երկրաբանահետախուզական ակադեմիան է ավարտել: Իր բնածին տաղանդի, իր վճռականության ու հաստատակամության շնորհիվ է դարձել մեր ազատագրական պայքարի քաջերից մեկը: Սպարտակը գիտեր, որ հայրենասիրության աննկուն ոգին է միայն, որ կարող է պաշտպանել երկիրը հրոսակներից: Գիտեր նաև, որ հայրենասիրության հիմնական չափանիշներից մեկն էլ սեփական կյանքը սխրանք դարձնելու պատրաստակամությունն է: Նրա մարտավարական բնածին տաղանդն ամբողջովին դրսևորվեց Մովսես գյուղի պաշտպանական մարտերում: 1993¬ի հունվարին էր: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կենտասար բարձունքը ձեռքից¬ձեռք էր անցնում: Այդ օրը հետ գրավվեց: Մարտը ծանր էր, դաժան, որին մասնակցել է նաև Սպարտակ Հարությունյանը: Շրջանի ինքնապաշտպանությանը մասնակցում էին նաև կանայք, պատանիները: Ծերերի ու երեխաների համար ապաստարաններ էին կառուցում, սննդամթերք ու դեղորայք հասցնում դիրքերում հերթապահող մարտիկներին… Անում էին` ինչ կարող էին: Ազատամարտիկների հետ զրույցի ժամանակ Դավիթը, որ Տավուշի «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատարն էր, ասաց. - Տավուշցին աննկուն է իր լեռների պես, նա գիտի իր հայրենի հողը պաշտպանել: Մայոր Դավիթ Գյուրջինյանը ներկայումս ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում է ծառայում, շարունակում իր հայրենասիրական պարտքը կատարել: Ահա նրա հրամանատարությամբ կռված քաջերի անունները. Միսակ Եսայան, Արայիկ Առուստամյան, Նվեր Քոսակյան, Բորիկ Իսրայելյան, Գևորգ Հովակիմյան, Անդրանիկ Մարալյան… Նրանց համար արիության դպրոց էր դարձել Տավուշի «Զորավար Անդրանիկ» մարտական ջոկատը: Արցախյան պատերազմում Տավուշը 85 զոհ է տվել: 85 քաջակորով տավուշցիներ իրենց կյանքն են զոհաբերել, որ ապրի, հարատևի հայրենի եզերքը, ուր քարերն անգամ կռվել գիտեն: 1994¬ի օգոստոսին Սպարտակ Հարությունյանն իր միջոցներով Բերդում Տավուշի զոհված որդիների հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցրել: Հուշաղբյուր կա այնտեղ: Աղբյուրի ձայնը զոհվածների հավերժող ոգու կանչն է, նրանց սխրանքով ծնված մեր հաղթության երգի կանչը, որ ընդմիշտ պիտի թևածի հայրենի լեռներում, ուր խաղաղ են բացվում առավոտները: Ասում են` Հայնեն երազում էր պոկել ամենահզոր կաղնին, թաթախել Էթնա լեռան հրաբուխի մեջ ու երկնքի կապույտ պաստառին գրել. «Հայրենիք, ես սիրում եմ քեզ»: Հայնեական սիրով ապրողների մեջ է հավերժում հայրենիքը, մեր պապերի ավանդած այս բարի հողը, հավերժում է Սպարտակ Հարությունյանի ու նրա պես մարդկանց մեջ:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ