ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ


Նիկոլայ և Զաբել Սահակյանների` ավանդույթներով հարուստ ընտանիքն ապրել է Մարտակերտի հիասքանչ Թալիշ գյուղում: Ունեին չորս դուստր, և երբ 1955 թ. ապրիլի 28-ին ծնվեց Վալերիկը, ցնծություն ու բերկրանք ապրեցին, որ օջախի ծուխը չի մարի: Պատանի Վալերիկը 15 տարեկանից տեղափոխվեց Կապան` ուսումը շարունակելու: Հմուտ դերձակ էր. աշխատանքի անցավ արտադրամասում, որտեղ էլ ծանոթացավ հետագայում իր բաժին տառապանքն իր հետ սիրով կրող կնոջը` Ռայա Օհանջանյանին: Տեղափոխվեցին Երևան, միասին աշխատեցին լամպերի գործարանում: Արդեն ծնվել էին նրանց երկու զավակները` Վահագնը և Վահանը, վայելում էին ընտանեկան բերկրանքը, երբ լսեց հայրենի գյուղին սպառնացող վտանգի մասին: 1990-ի սկզբին թշնամին հարձակվել էր Թալիշի վրա: Գյուղում ստեղծվել էր մարտական ջոկատ: Ծնողներն այնտեղ էին: Նրանց տեղափոխեց Երևան, իսկ ինքը` 1990-92 թթ. հաճախակի մասնակցեց Թալիշի պաշտպանությանը: 1992 թ. հունիսի 16-ին գյուղի անկումից հետո վերադարձավ Երևան: Այնպես ստացվեց, որ 1993 թ. սկզբին ինքնակամ մասնակցեց եռամսյա հավաքին, վերադառնալուց կարճ ժամանակ անց կամավորագրվեց Մարտակերտի Իլիչի գունդ: Նա չէր կարող տանը մնալ, երբ հայրենի Արցախը վտանգված էր: Թեպետ զավակները փոքր էին, ընտանեկան դժվարությունը միայն կնոջ ուսերին էր` նա մեկնեց մարտի դաշտ: Նույն թվականի հունիսի 16-ին Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ զոհվեց Վալերիկ Սահակյանը: Մինչ Նիկոլայ ու Զաբել Սահակյանները երազում էին հայրենի տուն վերադառնալու մասին` նրանց չամոքված վերքին ավելացավ զավակի մահվան չարագույժ լուրը: Բոթը ցնցեց ընտանիքին: Վալերիկի զավակները 10-ը ու 12 տարեկան էին: Ինչպես հիշում են զավակները` մայրը ծանր ապրումներ ունեցավ. օրվա հացը վաստակելու համար շատ դառնություններ ճաշակեցին: Պատանեկության տարիներից իրենք էլ սկսեցին չարչարվել: Հասցնում էին և´ լավ սովորել, և´ աշխատել` փորձելով թեթևացնել ընտանիքի հոգսը: -Հայրս բարի էր ու ընտանիքին նվիրված: Մեր կրթության հարցում շատ խիստ է պետք էր լավ սովորեինք: Դեռ մանկության տարիներին մշտապես ընտանիքով Թալիշ էինք գնում: Հայրս սիրում էր իր ծննդավայրը, մի քանի շաբաթ մնում էինք տատիկի ու պապիկի մոտ, օգնում նրանց: Նրա զոհվելուց հետո այդ տարիները ծանր հետք թողեցին: 2007 թվականից մայրս առողջական լուրջ խնդիրներ ունեցավ: Գնալով հիվանդությունը սրացավ, մամային անկողնուն գամեց: Երկու տարի անց` 2009 թ. դեկտեմբերի 4-ին, մաման մահացավ: Ծննդավայրը տեսնելու դառը կարոտը սրտներում անթեղած ` մահացել էին նաև տատիկս ու պապիկս, - ցավով հիշում է Վահանը: Ինչպես ասում են` հայրենիքի նկատմամբ սերը սրտացավ վերաբերմունքն է` նրա երջանիկ ու դժբախտ օրերին : Անցել են տարիներ, երկուսն էլ ծառայել են Հայոց բանակում: Ավագ եղբայրը ամուսնացել է, ունի երեք երեխա: Առաջնեկը ազատամարտիկ պապիկի անունն է կրում և ծնվել է հենց նույն օրը` ապրիլի 28-ին: Ամեն անգամ Եռաբլուր գնալիս փոքրիկ Վալերիկը ծնողներին կասի` ես պապիկի պես ուժեղ կլինեմ…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ