ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ


Իհարկե, այսօր մարքսիզմի դասականներին հղում անելն ընդունված չէ: Մանավանդ որ մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ ինքներս չենք կարողանում կողմնորոշվել, թե գաղափարական կամ տնտեսական ինչ դիրքորոշումներ ենք ընդունել, գերակա դարձրել: Մարքսիզմն էլ որպես գաղափարախոսություն` սպառվել է վաղուց, սակայն հատկապես այդ դասականներից մեկի միտքը կինոյի մասին հաճախ պիտի հիշել. «Բոլոր արվեստներից ամենակարևորը մեզ համար կինոն է»: Այստեղ որոշակի ծայրահեղականություն և սուբյեկտիվիզմ կա, սակայն նաև պարփակված է մի մեծ ճշմարտություն, որը ներկայացնում է կինոյի բնույթն ու էությունը, ներազդման այն մեծ ուժը, որով օժտված է «իններորդ մուսան»: Կինոն կարողանում է լինել զանգվածային, իր շուրջ մեծագույն ուշադրություն ձևավորել, նաև` վերացնել լեզվական արգելքը, քանզի կրկնօրինակումը, համաժամանակյա թարգմանությունը ու սուբտիտրերի կիրառումը կինոն դարձնում են հասանելի` աշխարհի բոլոր ժողովուրդներին: Եվ կինոյի այս առանձնահատկությունն էլ գիտակցելով` խորհրդային տարիներին մենք Հայաստանում ձևավորեցինք լայն ու զարգացած կինոցանց` ամենահեռավոր գյուղերում անգամ տեղավորելով կինոկայանքներ: Երևանը ԽՍՀՄ այն առաջադեմ քաղաքներից էր, ուր գործում էին 20-ից ավելի կինոթատրոններ, կինոցուցադրմամբ էին զբաղվում նաև տարբեր մշակույթի տներ ու պալատներ: Լայն կինոցանց էր ձևավորված նաև Գյումրիում, ուր 5 կինոթատրոններից զատ` ֆիլմեր էին ցուցադրում մոտ 10 գերատեսչական ու արհմիութենական մշակույթի օջախներ: Անկախության հռչակումից հետո Երևանում, Հայաստանի մյուս մեծ ու փոքր քաղաքներում խաչակրաց արշավանք կազմակերպվեց կինոթատրոնների վրա. ավերվեց տասնամյակներով ստեղծվածը: Մայրաքաղաքում կինոթատրոնները վերածվեցին խանութների և առևտրի սրահների, իսկ իր ճարտարապետական լուծմամբ բացառիկ «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը դարձավ… տոնավաճառ: Եթե այսպես վարվեին մեր թշնամիները, եթե նրանք մեր մշակութային օջախները վերածեին առևտրի կենտրոնների` մենք օրնիբուն կխոսեինք մշակութային ցեղասպանության և ավերումների մասին: Սակայն այս դեպքում թշնամին մեր մեջ էր նստած, երկրում որդեգրած մշակութային սխալ քաղաքականությունն էր մեզ թելադրողը… Չբավարարվելով 1990-ականների սկզբների «արշավանքներով»` հենց վերջերս էլ կորցրեցինք նշանավոր կինո «Նաիրին», որը սերտակցված էր մեր երկրի պատմութ յանը, երևանյան արժեքներից մեկն էր` շատ ու շատ սերունդների համար` նվիրական վայր… Հայաստանում հիմնելով արդեն միջազգային դարձող «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, անընդհատ խոսելով կինոարտադրության և կինեմատոգրաֆիական մթնոլորտի ձևավորման մասին` չե՞նք պատկերացնում, որ պարզապես ծիծաղելի է մեկ կինոթատրոն ունեցող քաղաքում հիմնավորել միջազգային կինոփառատոն: Բայց կինոթատրոններն անհրաժեշտ են ոչ միայն փառատոների համար: Ժամանակակից աշխարհն ընտրում է փոքր կինոսրահների, կինոսրահ-սրճարանների սկզբունքը, ինչն արդյունավետ է, եկամտաբեր, նպաստում է նաև մարդկանց հանգստի կազմակերպմանը: 50-60 տեղանոց կինոսրահները ժամանակի հրամայականն են, նրանք ժամանակի շունչն են բերում: Ուրեմն, պետք է մտածել այս մասին, պետք է որոշակի քաղաքականություն մշակել, հոգ տանել այս մասին, պետական մակարդակով լուծել այս խնդիրը` ներգրավելով այն գործարարներին, ովքեր պատրաստ են իրենց կառուցած սրճարաններում ու ռեստորաններում տեղադրել կինոկայանքներ, զբաղվել նաև ֆիլմերի ցուցադրությամբ: Մայրաքաղաքի բազմաթիվ «ննջարանային» շրջաններ զրկված են մշակույթի օջախներից, մարդիկ բավարարվում են հեռուստատեսությամբ, իսկ սա ձևավորում է պասիվ ու անառողջ կյանք, մարդուն զրկում շփումներից, ակտիվ հոգեբանական ներազդեցություններից: Նույն վիճակն է մարզերում… Քաղաքակրթությունը սոսկ բառ չէ, եզր չէ. այն գոյավիճակ է, կենսամակարդակ, գեղագիտական և հոգեբանական գործոնների ամբողջություն: Հետևաբար, հարկավոր է լրջորեն մտածել ու գործել…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ