ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ՆՈՐ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ


Հալեպի «Համազգայինի» թատերախմբում այս օրերին լարված աշխատանքներ են ընթանում: Ինչպես մեզ տեղեկացրեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, վաղուց իր գործունեությունը դադարեցրած թատերախմբում ինքը բեմադրում է Արթուր Էդար-Հարությունյանի «Մեր մեղքը» տրագիկոմեդիան, որով ձգտում է նոր որակ հաղորդել Հայաստան-Սփյուռք մշակութային կապերին: Երիտասարդ բեմադրիչը, ում մեր հանդիսատեսը գիտի «Արա Գեղեցիկ», «Վերջին ուսուցիչը», «Շրջազգեստով գեներալները» բեմադրություններից, նպատակ ունի անդրադառնալու նաև Աննա Պետրոսյանի առասպելապատումին` այսպես հալեպյան դպրոցականներին կապելով ազգային առասպելաբանության հետ: Հալեպի մեկ այլ թատերախմբում այս օրերին բեմադրություն է իրականացնում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Անվանի բեմադրիչը մեր հեռախոսային զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ այժմ չափազանց սերտ են դարձել սիրիահայ համայնքի և Հայաստանի կապերը, հատկապես հալեպահայերը հայրենիքի հետ սերտակցման մեջ են տեսնում իրենց ապագան:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ