Նոբելյան` ՎիկիԼիկսին


Նորվեգիայի օրենսդիրն արդեն հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի է ներկայացրել ՎիկիԼիկսը: 1 մլն 600 հազար դոլար արժողությամբ այդ մրցանակին ՎիկիԼիկսի թեկնածությունն առաջադրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ 26-ամյա պատգամավորը: Վերջինս համոզված է, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը նպաստում է խաղաղությանը և կառավարություններին ստիպում է պատասխանատու լինել` սեփական գործողությունների համար: Միջին հաշվով` Նոբելյան կոմիտեն ամեն անգամ ավելի քան 200 դիմում է ստանում: Ասել է թե` թեկնածություն ներկայացնելը դեռևս հաղթելու երաշխիք չէ: Պատվաբեր այս մրցանակների ճանաչված մասնագետը, սակայն, ասել է, որ Ջուլիան Ասանժի ու թիմի հաղթանակի հավանականությունը շատ քիչ է, որովհետև մերկացնող գործունեության համար նրանց կազմակերպության հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել: Միջազգային առաջնորդները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե դիվանագիտական հեռագրերի ու գաղտնի մյուս փաստաթղթերի գաղտնազերծումը վտանգում է համաշխարհային անվտանգությունը: Ինչևէ: Այսպես թե այնպես` հարկ կլինի սպասել մինչև հոկտեմբեր. այդ ժամանակ միայն հայտնի կդառնա Նոբելյան մրցանակակիրը: