ԿԱՐԵԼԻ Է ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ Ողորմություն տալն արգելվել է


Մուրացկանությունը և փողոցում աղքատներին նյութական օգնություն ցուցաբերելն արգելվել է Վիլնյուսում: Այդ մասին BFM.ru¬ին տեղեկացրել են քաղաքապետարանից: Արթուրաս Զուոկասը հավաստիացրել է, որ քաղաքի իշխանությունն ունակ է մտահոգվել օգնության կարիք ունեցողներով: Նրանք, ովքեր փողոցում մուրացկանին ողորմություն կտան` կտուգանվեն 1000-2000 լիտով (290-580 եվրո): Արգելանքը չի տարածվում եկեղեցիների մոտ կամ կրոնական հատուկ միջոցառումների ժամանակ բաշխվող օժանդակությանը: - Երբ դուք մուրացիկներին փող եք տալիս` նրանց զրկում եք ուղղվելու հնարավորությունից: Ընդհակառակը, դուք նպաստում եք նրանց այդ ապրելաձևին և արդարացնում եք մուրացկանությունը: Օգնելու լավագույն միջոցը բարեգործության համար փող տալն է,¬ պաշտոնապես մեկնաբանել է Զուոկասը: Վերջերս տնանկներին Վիլնյուսում բաժանվել են հատուկ քարտեր` բարեգործական կազմակերպությունների հասցեներով և հեռախոսահամարներով: Այդ կազմակերպությունները նրանց կտրամադրեն սնունդ, հագուստ և գիշերելու տեղ: Իսկ կարիքավորները քարտեր կարող են ձեռք բերել ցանկացած հյուրանոցում, սրճարանում կամ ռեստորանում: Նման որոշումը պայմանավորված էր այն իրողությամբ, որ տնանկները վտանգում են քաղաքի վարկանիշը: Բացի այդ` մուրացկաններն իրենց հավաքած գումարներով հաճախ ալկոհոլ են գնում: Ի դեպ, Արթուրաս Զուոկասը մինչ այս էլ մեծ համբավ էր ձեռք բերել` արժանապատիվ ղեկավարին վայել իր այլ որոշումներով ևս: Մասնավորապես, նա առաջարկել էր 29 եվրո տուգանք սահմանել այն քաղգործիչների համար, ովքեր հրապարակավ կարտաբերեն «ճգնաժամ» բառը: Իսկ ամռանը նա զրահամեքենայով անցել էր չթույլատրված հատվածում կայանած «Մերսեդեսի» վրայով ու հետո հայտարարել էր. - Ահա թե ինչ կպատահի, եթե կայանեք ոչ ճիշտ վայրում: Իհարկե, այդ վրաերթը պատկերող հոլովակը հատուկ է պատրաստվել. - Քաղաքապետ Զուոկասը կամենում էր պարզ ու հստակ բացատրել, որ քաղաքը չի հանդուրժի լկտի և անհարգալից պահվածքն այն վարորդների, ովքեր չեն ենթարկվում կայանման կանոններին ու խնդիրներ են ստեղծում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար,¬ պարզաբանել է մամլո խոսնակ Իրմա Յուշկենայտեն: *** Հավելենք, որ նախաձեռնությունների համար Զուոկասն արժանացել է Շնոբելևյան համաշխարհային մրցանակի, որը նրան հանձնվել է այս տարվա սեպտեմբերին` Հարվարդում: Ինչ վերաբերում է մուրացիկներին փող տվողներին տուգանելուն` այդ մեթոդն արդեն տարածված է այլ քաղաքներում: Ինդոնեզական Մակասարայում դեռևս 2008¬ին տուգանքի չափն ավելի մեծ է եղել` 1,5 միլիոն ռուփի (160 դոլար) կամ եռամսյա կալանք: Իսկ մուրացկանները պատժվում են 5 միլիոն ռուփի (550 դոլար) տուգանքով կամ մինչև 3 տարի ազատազրկմամբ: Արաբական Միացյալ Էմիրություններում այս պահանջը չկատարողներից բռնագանձվում է 800 դոլար, կամ նրանք դատապարտվում են 0,5-3 ամիս բանտարկությամբ: Հունգարիայում` 444 եվրո տուգանք կամ ազատազրկում է սպառնում մուրացկանությունը «հովանավորողներին»: