Կփրկի՞ արդյոք Բաքուն Ռուսաստանի դեմքը


Անցյալ դարավերջին միջազգային հանրության լուռ համաձայնության առկայությամբ Հայաստանին հաջողվեց ազատագրել իր արևելյան տարածքի` ժամանակին խորհրդային Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արհեստածին «կարմիր» Ադրբեջանին զոհաբերված հատվածը` Լեռնային Ղարաբաղը: 1994թ. մայիսի 12-ին` միջազգային հանրության միջնորդությամբ և Ռուսաստանի գործուն աջակցությամբ Հայաստանի, ԼՂՀ-ի, և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարից սկսած` Ռուսաստանն ու միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, հերթով փորձում են ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանել խաղաղությունը` այդ անվան տակ Հայաստանին ու Ադրբեջանին բանակցային սեղանի մոտ պահելով: Օրերս Վիլնյուսում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովն առաջարկեց առաջիկայում նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ եռակողմ հանդիպում կազմակերպել, ինչին Էդուարդ Նալբանդյանը շտապեց համաձայնել: Նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը նույնպես համաձայնեց` ասելով, թե ժամանակն է սկսել աշխատել խաղաղության հռչակագրի վրա, առանց ընկնելու կարգավորման սկզբունքների շրջապտույտի մեջ: Հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած նախաձեռնություններում քանիցս ձախողվելուց հետո, Ռուսաստանն այս առաջարկությամբ հավանաբար ցանկանում է փրկել իր և անձնապես Դմիտրի Մեդվեդևի դեմքը: Մի խոսքով` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասնակիցներից յուրաքանչյուրն իր շահերն ու հաշվարկներն ունի: Հայկական կողմի համար կարևոր է, որ Վիլնյուսում կայացած հնգակողմ բանակցություններում շեշտադրումները եղել են հատկապես սահմանային միջադեպերի քննության մեխանիզմների հստակեցման համաձայնագրի կայացման վրա: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը, որ անթույլատրելի էր համարում ստատուս-քվոյի պահպանումը, այսօր գրեթե բացահայտորեն խոսում է միայն տարածաշրջանում կայունության պահպանման հրամայականի մասին: Այսինքն, լուռ համաձայնում է ստատուս-քվոյի պահպանմանը` ինչպես անցյալ դարավերջին լուռ համաձայնեց Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքների մի մասի ազատագրմանը: Իսկ հիշյալ միջադեպերի քննության մեխանիզմների հստակեցմանը կողմ լինելով, պաշտոնական Բաքուն պետք է շփման գծից հետ քաշի դիպուկահարներին, ինչը խաղաղության հասնելու համար վերջերս Երևանում կարևորել են նաև Կովկասի մուսուլմանների առաջնորդն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. դրա շրջանակներում Մեդվեդևի մասնակցությամբ արդյո՞ք կկայանա Վիլնյուսում Լավրովի առաջարկած եռակողմը` սահմանային միջադեպերի քննության մեխանիզմների հստակեցման համաձայնագիրը ստորագրելու և Ռուսաստանի ու նրա նախագահի «դեմքը փրկելու» համար: Ի՞նչ կպահանջի Ադրբեջանը, կամ ստորագրելուց հետո իր ստորագրվածին արդյո՞ք հավատարիմ կմնա Ալիևը: Ա.Դ.