ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՆՆԵՐԵԼԻ Է


ՕՐԵՐՍ տեխնոլոգիական ստեղծարար «Թումո» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀԿ տնտեսական սեմինարը, ուր ելույթ ունենալով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց երկրում ստեղծված ծանր տնտեսական ու սոցիալական կացությունը` հրապարակելով բոլորիս ոչ անհայտ տվյալներ, տեղեկություններ: Հերթական անգամ խոսվեց երկրում առկա աղքատության բարձր մակարդակի մասին: Եվ, ի զարմանս շատերի, վարչապետը ոչ թե հենվեց վաղուց ի վեր շրջանառության մեջ դրված այն տվյալի վրա, թե` Հայաստանում աղքատության մակարդակը 20 տոկոս է, այլ եղավ առավել իրատես ու ներկայացրեց աղքատության 30 տոկոս մակարդակը, ինչը, մեղմ ասած, արդեն իսկ չափազանց մտահոգող և սահմռկեցնող տվյալ է: Այս երեսուն տոկոսի մեջ ծայրահեղ աղքատները բնակչության 15 տոկոսն են: Իհարկե, 30 տոկոսն էլ փոքր-ինչ լավատեսական է, որովհետև եթե հայացք հառենք բնակչության եկամուտներին, տարբեր երկրներից ստացվող գոյատևման տրանսֆերտներին, ապա կարող ենք ասել` աղքատության մակարդակը մոտ է 40 տոկոսին, իսկ նրա ուղիղ կեսը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Սակայն վարչապետի հրապարակած տվյալն էլ ինքնին մեծ անհանգստություն ծնող ցուցանիշ է, որովհետև 30 տոկոս աղքատությունն ամենաբարձր ցուցանիշն է այսրկովկասյան պետությունների մեջ: Եվ սա այն դեպքում, երբ 1991-ին Հայաստանում աղքատության ցուցանիշ գոյություն չուներ: Ավելին, վերջին տասը տարիների ընթացքում, երբ Հայաստանը հայտարարում է երկնիշ տնտեսական աճի մասին, 30 տոկոսն արդեն նոնսենս է, վկայությունն այն իրողության, որ գոնե տասը տարիների ընթացքում ոչինչ չի արվել աղքատության մակարդակը նվազեցնելու համար: Նվազեցնելու փոխարեն` ավելացվել է: Հայաստանը տարբեր միջազգային բանկերից և պետություններից արտոնյալ վարկեր է ստացել, որոնք այսօր ձևավորել են մոտ 3 մլրդ դոլարի արտաքին պարտք: Ո՞ւր են ուղղորդվել այս վարկերը, ի՞նչ նպատակների համար են ծախսվել… Կառավարության ամենամյա ծրագրերում և հաշվետվություններում նշվում են աղքատության նվազեցմանն ուղղված հայեցակարգեր, ներկայացվում են ինչ-որ միջոցառումներ: Բայց ստացվում է, որ իրականում որևէ ծրագիր չի իրականացվել, որը կարող էր շրջադարձ արձանագրել, մեղմել աղքատությունը: Վարկերի գերակշռող մեծամասնությունը տրվել է առևտրային բանկերին` նրանց գերշահույթներն ապահովելու համար, իսկ աղքատության ծավալների կրճատման համար այդպես էլ վարկային ծրագրեր կյանքի չեն կոչվել: Վարչապետն, իհարկե, իր ելույթում շրջանցեց այս խնդիրը, սակայն ակնհայտ է, որ միջազգային վարկերի հանդեպ ձևավորված նման մոտեցումներն առաջիկայում առավել կսրեն սոցիալական լարվածությունը` Հայաստանը դարձնելով տարածաշրջանի ամենաաղքատ բնակչությունն ունեցող երկիրը: Խոսելով սոցիալական բևեռացումների մասին` վարչապետը չհրապարակեց տվյալ, թե երկրում քանի տոկոս են կազմում մեծահարուստները: Ըստ շրջանառվող տվյալների` մոտ 20 %: Ուրեմն, միջին խավը կազմում է 50 տոկոս: Սա, թերևս, մոտ է ճշմարտությանը: Բայց հենց սա էլ սոցիալական քաղաքականության աննորմալ վիճակն է հաստատում, ապացուցում, որ մինչև օրս մեզանում չեն մշակվել կայուն տեսադրույթներ և մոտեցումներ` երկրի ֆինանսական հոսքերը ծառայեցնելով մի քանի տասնյակ մարդկանց շահերին: Սոցիալական բևեռվածությունը գլխավորապես հատուկ է ասիական երկրներին, նրանց, ում մոտ ամեն ինչ մոնոպոլացված է, որոնք չունեն սոցիալական զարգացման ծրագրեր, բացակայում է պետության վերահսկիչ գործառույթը: Վարչապետն իր ելույթում անդրադարձ կատարեց միջին խավի ձևավորման անհրաժեշտությանը: Սակայն ինչպե՞ս կարող է ձևավորվել այդ միջին խավը, եթե նա չունի լծակներ, եթե նրան չեն ուղղորդվում ֆինանսական հոսքերը: Ուրեմն, շրջադարձային քաղաքականություն է անհրաժեշտ իրականացնել, ամբողջապես փոխել ֆինանսական կառավարման և հատկացումների գործիքներն ու ուղղությունները: Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահարուստ և սոցիալապես ամենակայուն երկիրը, եթե մեզանում կյանքի կոչվեն այնպիսի ծրագրեր, որոնք պայքար ծավալեն տնտեսության հակամոնոպոլացման դեմ և վերահսկողություն սահմանեն վարկերի տրամադրմանը: