Վատառո՞ղջ են, թե՞…


- Տղայիս զորակոչվելը լավ առիթ դարձավ, որ մենք իմանայինք նրա առողջական վիճակը,¬ կես¬կատակ, կես¬լուրջ` վերջերս խոստովանում էր խմբագրության այցելուներից մեկը: ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված զորակոչային հանձնաժողովն ակտիվորեն շարունակում է ընթացիկ աշխատանքները: Զորակոչի ընթացքը վերահսկելու կոչված այս օղակի պարբերաբար գումարվող նիստերի ընթացքում ամենայն պատասխանատվությամբ և հետևողականությամբ քննարկվում, վերլուծության են ենթարկվում զինակոչիկներին և նրանց հարազատներին հուզող ամենատարբեր խնդիրներ: Անհրաժեշտության դեպքում չբավարարող հարցին կրկնակի անդրադառնալու միջնորդություն է ներկայացվում: Հանգամանք, ինչը նաև նպաստում է նախորդ օղակների աշխատանքներում տեղ գտած թերացումների շտկմանը: Դեկտեմբերի 2¬ի դրությամբ` զորակոչային հանձնաժողովը ստացել է 35 դիմում և բողոք, որոնց մեծ մասը` 20¬ը, հանրապետության մարզերից, 15¬ը` մայրաքաղաքից: Ինչպես և կարելի էր սպասել, դրանց ճնշող մեծամասնությունը` 28¬ը, վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Հատկանշական է այն փաստը, որ աշնանային զորակոչի ընթացքում այս բնույթի գանգատների քանակի աճ է նկատվել: Առողջական խնդիրներին վերաբերող դիմում¬բողոքների տեսակարար կշիռը նախորդ զորակոչերին արձանագրված միջին ցուցանիշների համեմատ բարձրացել է 13 %¬ով: - Առողջական խնդիրները մեծ թիվ են կազմում: Այս օրինաչափությունը պահպանվում է բոլոր նիստերի ընթացքում: Սա շատ լուրջ հարց է, և մենք աշխատում ենք հնարավորինս մանրակրկիտ մոտեցում ցուցաբերել` տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, անհրաժեշտ վերլուծություններ անելով, հարկ եղած դեպքում անգամ խնդրի քննարկումը հետաձգելով` ավելի ամբողջական և լիարժեք պատկերացում կազմելու համար,¬ հավաստիացնում է զորակոչային հանձնաժողովի և Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Մնացած 7 դիմումներից 4¬ում ներկայացված են ծառայության վայրի հետ կապված խնդրանքներ, 3¬ում` իրավական բնույթի հարցեր: 12¬ի առնչությամբ (որոնց մեծամասնութ յունը` 8¬ը, դարձյալ առողջական խնդիրների են վերաբերում), հանձնաժողովը և դիմողները բավարարվել են կատարված պարզաբանումներով, որոնցով այդ դիմումները փակվել են: Զորակոչիկի` բժշկական հետազոտության մեջ գտնվելու պատճառով 1 դիմում հանվել է քննարկումից, ևս 1¬ի համապատասխան վերլուծությունը հետաձգվել է` հետազոտա կան ակտերի բացակայության պատճառով: Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել միջնորդություն ներկայացնել 21 դիմումների վերաբերյալ, որոնց անդրադարձել և իրենց նկատառումներն են ներկայացրել զորակոչային մարմինները: Այս խմբի զորակոչիկներից 7¬ի վերաբերյալ կայացվել են վերջնական որոշումներ. նրանցից 2¬ը ստացել են տարկետման իրավունք: Զինակոչիկ Ալբերտ Հովսեփյանը 2009¬ին ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ էր ստացել: Եվ չնայած երկարատև բուժմանը, հայրը հավաստիացնում էր, որ աչքի վնասվածքը դեռ լիովին չի ապաքինվել: Բացի այդ, տղան գանգատվում է սուր գլխացավերից, արյան ճնշման տատանումից և հաճախակի բժշկին դիմելու անհրաժեշտություն է առաջանում: Ծնողի` կրկնակի հետազոտություն անցկացնելու խնդրանքը բավարարելով, հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական բժշկական հանձնաժողովին: Վերջինիս որոշման համաձայն` Ալբերտ Հովսեփյանը տարկետում է ստացել` 3 տարի ժամկետով: Իսկ զորակոչիկ Կնյազ Թամոյանի գանգատները կապված էին սրտի հետ: Քանի որ ախտորոշվել էր կրծքավանդակի առաջնային պատի դեֆորմացիա, զորակոչիկը տարկետում էր ստացել: Չնայած ծնողները հավաստիացնում են, որ այդ ընթացքում որևէ բուժում չի նշանակվել, հետազոտական ակտերը փաստում են, որ դեղորայքային բուժում նա այնուամենայնիվ ստացել է: Կրկնակի հետազոտությունից հետո Կնյազ Թամոյանը ևս տարկետում է ստացել` 1 տարի ժամկետով: Հաճախակի են այնպիսի դեպքերը, երբ զինակոչիկների առողջական խնդիրների մասին ծնողները տեղեկանում են միայն բուժհետազոտությունների արդյունքում, երբ տղան արդեն չափահաս է: Մինչդեռ հիվանդության նշաններն առկա են եղել մինչ այդ ևս, սակայն անտեսվել են: Զրույցներից պարզ է դառնում, որ այդպիսի դեպքերում հաճախակի են եղել, օրինակ, սրտի ծակոցները կամ քթից արյունահոսությունը: Սակայն ծնողները պատշաճ ուշադրության չեն արժանացրել և երբեք բժշկի չեն դիմել` դա համարելով սովորական: Իսկ երբ գալիս է բանակ ճանապարհելու ժամանակը, մինչ այդ անտեսված խնդիրները փորձում են ներկայացնել որպես ծառայությունից ազատելու հիմնավոր պատճառ: Թող ներվի ասել` տպավորություն է ստեղծվում, որ այս դեպքերում ծնողին ավելի շատ հուզում է տղայի բանակ չգնալու, քան հիվանդությունը կանխարգելելու կամ իր զավակի առողջությունը վերականգ նելու խնդիրը: - Յուրաքանչյուր նիստի ընթացքում 1-2 այսպիսի դեպքեր լինում են: Պարզվում է, որ միայն 18 տարեկանում է բացահայտվել հիվանդությունը: Մինչդեռ այն պատմություն ունի, եղել է և ուշադրության չի արժանացել ծնողի կողմից: Սա շատ կարևոր հանգամանք է: Այստեղ բացարձակապես բանակ տանել¬չտանելու խնդիրը չէ, որը, կարծես թե, ավելի շատ է անհանգստացնում ծնողին: Երեխայի առողջության խնդիրն է, ինչին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել: Սա ծնողական հոգատարության պակասն է: Մենք` ծնողներս, պետք է այս հարցում շատ ավելի աչալուրջ լինենք,¬ պարտավորեցնում է Գեղամ Հարությունյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ