Երբեք չհոգնեցնող և սպասված


Շուրջ 42 տարի հնչում են «Արձագանք» խմբի` երբեք չհոգնեցնող, սիրված ու միշտ սպասված երգերը: Արդեն 4 տասնամյակ դրանք դարձել են մեր ուղեկիցը` ամեն անգամ համակելով լավատեսությամբ ու հույսով: Միայն հոգուց բխող երգն է արժեք դառնում: Իսկ ճշմարիտ արժեքների դեմ նույնիսկ ժամանակն է անզոր: «Արձագանքը» կարողացավ ստեղծել իր յուրահատուկ ոճը, ասելիքը և այսօր էլ հավատարիմ է դրան: Խումբը ձևավորվել է 1969¬ին, երբ անդամները դեռ դպրոցական էին: Համադասարանցիների առաջին ելույթները դպրոցական, ապա բուհական դահլիճներում էին: Կյանքի տարբեր երևույթներն արտացոլող, խորը, միևնույն ժամանակ մատչելի երգերը կարճ ժամանակում դարձան հանուրի սեփականությունը: Առհասարակ, արձագանքն արտահայտվում է ժամանակի մեջ: Ձայն, ապա` արձագանք: Պատանի երգիչները, խմբի անդամներն այնպիսի անվանում էին փնտրում, որ այս կամ այն կերպ առնչվեր հնչյունի հետ և համապատասխաներ իրենց ընկալումներին: Այսինքն` այնպիսի խոսք ասել, որն արդիական լինի նաև վաղը: Իսկապես, ասելիքը խորն էր, այնքան խորը, որ մեկեն արձագանք գտավ շատերի սրտերում և դեռ երկար կարձագանքի: - Դեռ դպրոցական տարիներին նվագում էինք: Հետաքրքիր ժամանակներ էին, նոր շունչ էր թևածում: Ամբողջ աշխարհում երիտասարդությունն սկսել էր նոր խոսք ասել: Մինչ այդ բոլորը լուռ հետևում էին իրենց ծնողներին: Սակայն ըմբոստացան: Դա հեղափոխության նման մի բան էր: Ես կհամարեի ըմբոստություն, սակայն, անշուշտ` դրական իմաստով: Ի վերջո, մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Յուրաքանչյուրն ինչ¬որ եղանակ էր փնտրում` զգացածն ու ընդվզումն արտահայտելու համար: Շատերը որպես դրսևորման եղանակ` ընտրեցին երգը: Եղավ մի պահ, երբ մենք էլ կարող էինք խոսք ասել: Ոգևորությունը մեծ էր, քանի որ մերն էր ասելիքը: Երբեմն թերություններ էլ կային, բայց դրանք էլ մերն էին: Երբեք նպատակ չենք ունեցել երգել` զարմացնելու համար: Երգում էինք` հաղորդակից լինելու, շփվելու, ըմբոստանալու համար: Եվ միշտ հավատարիմ մնացինք մեր պատկերացումներին,¬ պատմում է «Արձագանք» խմբի մենակատար Արտավազդ ԲԱՅԱԹՅԱՆԸ: Հավանաբար իշխող անկեղծությունն ու լավատեսությունն են պարզ, բայց խորաթափանց այս երգերի երկարակեցության գաղտնիքը: «Արձագանքի» ելույթներն այսօր էլ նույնքան գրավիչ են, որքան բոլոր ժամանակներում: Մոտ օրերս կկայանա խմբի` երկար սպասված մենահամերգը: Կհնչեն հին, հարազատ ու նոր երգեր: - Երբ ասում են, որ մեր երգերն սպասված են, ես դա մի փոքր վերացական եմ ընկալում: Քանի որ մարդն իր ստեղծածով որքան սպասված, նույնքան էլ չսպասված է: Կան մարդիկ, ովքեր իսկապես սիրում, հասկանում են մեր ստեղծագործությունը, գտնում են, որ այն համահունչ է իրենց հոգուն, փոխում է ինչ¬որ բան, բեկում է մտցնում: Իհարկե, դրական բեկում, քանի որ մեր երգերը բացառապես լավատեսական են: Ես ուրախ եմ դրա համար: Իսկ եթե չեն փնտրում, չեն ընդունում, նշանակում է մեր երգն այն միջոցը չէ, որով ունկնդիրը պետք է փոխվի: Դա նույնպես շատ բնական է: Սայաթ¬Նովան մի շատ լավ խոսք ունի` «Իմ գիրն ուրիշ գրեն է` ամեն մարդ չի կանա կարդա, իմ ջուրն ուրիշ ջրեն է` ամեն մարդ չի կանա խմի»: Շատ լավ է, որ կա ուրիշ գիր, ուրիշ ջուր: Եվ թող խմի ու կարդա միայն նա, ում հասու է այդ ամենը: Մոտ օրերս կկայանա մեր մենահամերգը: Բավական երկար ժամանակ մասնակցել ենք տարբեր միջոցառումների` մի քանի կատարումներով: Ժամանակի սղության պատճառով մենահամերգի մասին խոսք լինել չէր կարող: «Արձագանք» ստուդիան և ռադիոկայանն անընդհատ շեղում էին կազմակերպչական և ադիմինիստրատիվ աշխատանքներով: Վերջապես խիզախեցինք և որոշեցինք «Ինչ¬որ մի օր» մենահամերգ ունենալ: Այդպիսի երգ կա մեր երգացանկում: Այդ նույն խորագիրն ընտրեցինք նաև համերգի համար: Մենք զարմացնելու կամ հոգնեցնելու նպատակ չունենք, ոչ էլ ուզում ենք ցույց տալ, որ ավելի խելացի ենք: Պարզապես ուզում ենք կարեկից լինել մարդկանց և ցույց տալ, որ կյանքն իրականում շատ ավելի լավն է, քան մենք ենք պատկերացնում: Նյութապաշտությունը, փողի, ոսկու տենդը, գռեհկությունը, ատելությունը թունավորում են մեր կյանքը: Այն դառը չէ, ինքներս ենք դառնացնում: Չենք պատկերացնում, թե ինչպիսի մեծ նվեր է մեզ տրված: Ուզում ենք կարեկից լինել, փոխանցել այն ճշմարտությունը, որ կյանքը մեր պատկերացրածից գեղեցիկ է: Յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսին խնդրում եմ գոնե կարճ ժամանակով մոռանալ բոլոր հոգսերը, մոռանալ, թե ինչ կոստյում են կրում, որքան գումար կա գրպանում և ինչ պաշտոն ունեն: Գոնե մեկ անգամ սիրեն իրենք իրենց և խոստովանեն այդ սերը,¬ հավելում է Ա. Բայաթյանը: Սիրված ու սպասված կատարումներից զատ` հանդիսատեսին մշտապես հիացրել ու նաև զարմացրել է Արտավազդ Բայաթյանի և Եղիշե Պետրոսյանի` վաստակած, երկարատև ստեղծագործական ու նաև անձնական մտերմությունը: Ո՞րն է ի վերջո այդ անխախտ մտերմության երաշխիքը: - Ստեղծագործական վեճեր միգուցե եղել են, սակայն անձնական` երբեք: Այնքան հետաքրքիր է: Ես զարմանում եմ` ինչպե՞ս է այդպես պատահել: Չեմ հիշում այնպիսի դեպք, որ Եղիշեի հետ տարաձայնություններ ունեցած լինենք: Մեզ համար այս կյանքն իր ուրիշ կողմն է ցույց տվել, և մենք զգացել ու հասկացել ենք դա: Մանր¬մունր վեճերը, ճղճիմ խոսակցություններն այդ ցույց տվածի մեջ չկան: Դրանցով երբեք չենք տարվել, և իրենց նշանակությունը կորցրել են: Այդպես էլ պետք է լիներ: Մանկուց մեր ընտանիքները մտերիմ են եղել, հիմա էլ այդ ավանդույթը շարունակում են մեր զավակները: Մեր ընկերությունը պահպանվեց: Իսկ պահպանվել կարող է միայն այն, ինչը ճշմարտությանը մոտ է և արդարացի: Մնացածը ժամանակի մեջ մոխիր է դառնում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ