ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


2004 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ տենոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը բեմադրեց Արմեն Տիգրանյանի նշանավոր «Անուշ» օպերան: Բեմադրության որոշ լուծումների վիճելիությունը չխանգարեց, որպեսզի երաժշտասեր հասարակությունը տեսներ ու գնահատեր Մոսիի դերերգը կատարող երիտասարդ երգչին` Գևորգ Հակոբյանին: Լեռնցու անմիջականությամբ, խանդաղատանքով և, միևնույն ժամանակ, անհողդողդ պատվասիրությամբ էր տոգորված Գևորգ Հակոբյանի Մոսին, որն իրապես նորություն էր այս օպերայի բազմաթիվ բեմադրությունների մեջ, քանզի Մոսի երգող մեր բոլոր երգիչները ծանրաշարժ էին, ի սկզբանե` ինչ-որ ոխակալությամբ ու դաժանությամբ լցված: Այդպիսին էր անգամ երիտասարդ երգչի ուսուցչի` նշանավոր բարիտոն, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի Մոսին, որը մեր օպերային ժառանգության նշանավոր իրողություններից մեկն էր: - Սերգեյ Դանիելյանն ինձ շատ օգնեց, որ կարողանամ ներկայացնել իմ կարողությունները: Իսկական մանկավարժ էր, հրաշալի մարդ և մեծ արվեստագետ: Նա այնպես էր վարում դասերը, կարծես զրուցում էր, քննարկում, անգամ` ինձանից խորհուրդներ հարցնում: Մենք այսօր նման մանկավարժներ շատ քիչ ունենք: Դասերից հետո դառնում էր ընկեր ու բարեկամ: Այդպիսին է նաև Գեղամ Գրիգորյանը, ում հետ ես պատրաստեցի Մոսին: Փորձերի ժամանակ խստապահանջ, փորձերից հետո` պարզապես լավ ընկեր: Հիմա էլ ես նրա հետ ընկերություն եմ անում, երկար զրուցում ենք մի բաժակ սուրճի շուրջ: Երևի արվեստում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը պետք է այլ լինի, պետք է մոռացվեն մանկավարժական քարացած մեթոդները: Ասում ենք` ստուդիականություն, ուրեմն, արվեստի ուսուցման մեջ պետք է հենց ստուդիականությունը կարևորել,- ընդգծում է երգիչը: Գևորգ Հակոբյանը 1999-ին ընդունվել և 2004-ին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Եվ անմիջապես հրավիրվել է Օպերայի և բալետի թատրոն: Ուրեմն, նրա Մոսին նաև ամենաերիտասարդն էր երբևէ մեր բեմում ներկայացված մոսիների մեջ: Իր առաջին պարգևն ու գնահատականը Գևորգ Հակոբյանը ստացել է տակավին 2000 թվականին` մասնակցելով Ավետիք Իսահակյանին նվիրված հանրապետական մրցույթին: Դափնեկրի կոչումը նրան ուժ ու եռանդ հաղորդեց: Իսկ ահա 2005-ին Մոսկվայում կայացած միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը: Այս հաջողությունները պատահական չէին, որովհետև երգիչն աչքի է ընկնում առանձնակի ձայնական տվյալներով, կատարողական ինքնատիպ վարպետությամբ: - Ես սիրահարված եմ հայոց պատմությանը, ինձ համար միշտ էլ պատմության դասագրքերն ու պատմավեպերը սեղանի գրքեր են եղել: Ինչպես ասում են` մանկությունից իմ մեջ ներարկվել է մեր պատմությունը: Այդ պատճառով էլ առանձնակի ոգևորությամբ պատրաստեցի Արշակի դերերգը: Նաև Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» վեպն իմ բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեց: Առհասարակ, ես այն կարծիքն ունեմ, որ պատմությանը պետք է այսօրվա հայացքով նայել, որպեսզի ուսանելի լինի: Շատ եմ լսում, որ մենք կրկնում ենք անցյալի սխալները: Դե, այդ սխալները չկրկնելու համար պիտի հաճախ հայացք հառենք պատմությանը, ուսումնասիրենք այն և գնահատենք մեր դիրքերից,- ասում է Գևորգ Հակոբյանը: Ազգային օպերայի մյուս կարևորագույն դերերը, որը կատարեց երգիչը` Դավիթ Բեկն էր` Ա. Տիգրանյանի համանուն օպերայից: Ազգայինից զատ` Գ. Հակոբյանը թափանցել է նաև ռուսական և արևմտաեվրոպական օպերաների աշխարհ, կատարել Էբն-Խակիայի դերերգը Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա» օպերայում, ապա երգել Տոնիո` Լեոնկովալլոյի «Պայացներ»-ում: Գևորգ Հակոբյանին հրավիրել են մի շարք արտասահմանյան թատրոններ ևս. Իտալիայի Կալիարի քաղաքի Teatrol Lirico օպերային թատրոնում երգել է Ֆյոդոր Պոյառոկի` Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին», Օնեգին` Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաների բեմադրության մեջ: Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնում հանդես է եկել Ալֆիոյի դերերգով` «Գեղջկական ասպետություն» օպերայում: Գևորգ Հակոբյանը մասնակցել է նաև Յոհան Բրամսի Ռեքվիեմի համերգային կատարմանը: Բարձր են գնահատվել երիտասարդ, այսօր արդեն աշխարհի մի շարք օպերային թատրոններում իր ներկայությունը հաստատող երգչի տաղանդն ու ծառայությունները. 2007 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` օպերային երգեցողության ասպարեզում ունեցած ակնառու հաջողությունների համար, իսկ 2011-ին, ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: - Իմ կյանքում ունեցած բոլոր հաջողությունների համար պարտական եմ ուսուցիչներիս, ստեղծագործական գործընկերներիս, հանդիսատեսին: Նաև` այն դիրիժորներին, ում հետ համագործակցում եմ: Ես հանդես եմ եկել Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ, եղել աշխարհի մի շարք երկրներում: Լավ են ընդունել, դրվատել են: Շնորհակալ եմ դրվատողներին, որովհետև երբ արվեստագետին գնահատում են` նա ոգևորվում է, ցանկանում է ավելացնել իր հաջողությունները: Մեծ տեղ եմ տալիս մամուլի հրապարակումներին, որովհետև երկար ժամանակ դրանք կարդում եմ, մտորում, սկսում մի տեսակ «կողքի հայացքով» նայել ինքս ինձ: Ուզում եմ ձեր թերթին էլ շնորհակալություն հայտնել, որ անդրադարձ է կատարում ինձ ու իմ ստեղծագործությանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ