Սիրտս ցավում է... Գնաց նաև ՎԱԼՏԵՐԸ


Սա մահախոսական չէ… մահը լուռ է: Խոսեցնում է ՑԱՎԸ, սա ՑԱՎԱԽՈՍԱԿԱՆ է… Չկա˜ (ներողություն)… Ո´չ` կա´ և կմնա´ ՎԱԼՏԵՐԸ… պարզապես նա գնաց, որ փարվի իր երջանկահիշատակ եղբորորդուն` Վալերիին, ում շիրիմին մենք տարիներ առաջ արցունքոտ ծաղիկներ դրեցինք: Նա գնաց, որ փարվի մեր ԵՌՅԱԿԻ սյունին` Ալբերտին Փարսադանյան, ում հետ, արդեն միասին` ինձ «դավաճանաբար» մենակ թողեցին… Մի խոսքով… Արցունքոտ բոթը ինձ գուժեց տիկին Վիկտորյան… ներողություն… ՏԵՐՈՒՆԱԿԱՆ կին, լեզվաբան Վիկտորյան, ով եղավ Վալտերի և´ «Առաջին ընթերցողը (իհարկե` հոգու), և´ Առաջին քննադատը» (իհարկե` գրչի)… Բոթից հետո, առաջին զանգը, որ հղեցի` առ Ջուլիետն էր` Մարտիրոսյան, նաև իմ և Վալտերի գրչի ծանրությունը «Ավանգարդ»-ում վստահաբար տանող մեր «հաշիշով օծուն» ընկերուհին, ով տխրահառաչ ասաց` «Ամեն մի իսկական ընկերոջ կորստով, մեր կյանքից, իրոք, մի թանկ բան պակասում է…»: Այնուհետև զանգեցի մեր երամից անբաժան Արամ Հարությունյանին, ով քիչ լռեց և տխուր ասաց. «Հիշո՞ւմ ես տարիներ շարունակ նրա վարած «Սպորտլանդիաները» և սպորտի հայոց մեծերից շատերի մասին գրքեր դարձած նրա կրակոտ վերլուծությունները»… Իհարկե հիշում էի և հպարտությամբ: …Ուրիշ ոչ մեկին չուզեցի զանգել… Արժանավորներից շատերը, ցավոք, արդեն հողի տակ էին, իսկ հողի երեսին եղածներն էլ` վաղուց «ղազարոսվել» էին… Գնաս բարով, նրբանկատ ու բարեկիրթ ընկեր, նաև բոլորանվեր սիրող ամուսին, հայր և պապիկ, շնորհաշատ լրագրող և շատ ու շատ գրքերի հեղինակ, կազմող ու խմբագիր, «Ոսկե գրիչ» տոհմական մրցանակակիր ՎԱԼՏԵՐ ԱՅԴԻՆՅԱՆ… Այո´, սիրտս ցավում է, և էս անգամ արդեն ես ու Վահրամ որդիս քո´ շիրիմին կդնենք արցունքոտ ծաղիկներ: Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ «Ավանգարդի» խմբագրակազմը խորապես վշտացած է թերթի լավագույն բարեկամ, լրագրող Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆԻ մահով և ցավակցում է նրա հարազատներին, մերձավոր ներին: Նրա մահվամբ լուսավոր մի ժպիտ պակասեց այս աշխարհից: Անչափ բարի, հատկապես դժվարին պահերին ամենքին նեցուկ դարձող, ուրիշի հոգսերով ապրող մի Մտավորական էլ գնաց` Երկնային անհունին ձուլվելու: Գնաց, բայց իրեն ճանաչող բոլորին թողեց այն թանկ հուշը, որ Բարի անուն է կոչվում: