Լոպեսը դատապարտում է


Ամերիկացի երգչուհի և արտիստուհի Ջենիֆեր Լոպեսը դատական հայց է ներկայացրել նախկին ամուսնու` Օջանի Նոայի դեմ` նրան մեղադրելով իրենց ինտիմ հարաբերությունները պատկերող տեսագրությունները վաճառելու փորձի համար: Լոպեսը պնդում է, որ Նոան գնորդ է փնտրում այն ժապավենի համար, որտեղ նկարահանված են իրենց ամուսնական կյանքի սեքսուալ դրվագները, այդ թվում և` 1997 թ. մեղրամիսի ընթացքում: 40-ամյա փոփ աստղ հայցորդուհին պահանջում է, որպեսզի դատարանն արգելի Օջանիին` տարածելու իր մասնակցությամբ «անկեղծ» տեսաերիզը և 10 միլիոն դոլար էլ վճարի` որպես բարոյական վնասի հատուցում: 2006 թ. Լոպեսն արդեն մեկ անգամ դատապարտել էր էքս-ամուսնուն, ում հետ ամուսնությունը տևել էր 11 ամիս: Այն ժամանակ, հօգուտ Ջենիֆերի, դատարանը 545 հազար դոլար տուգանք էր գանձել` գտնելով, որ աստղի հետ համատեղ կյանքը նկարագրող գրքի հրապարակումը խախտում է նրանց ամուսնական պայմանագիրը, ուր հստակ վավերացվում է` չհրապարակել մանրամասներ իրենց հարաբերություններից: Հիշեցնենք որ 2004 թ. Լոպեսն արդեն ամուսնացել էր երգիչ Մարկ Էնթընիի հետ, և 2008-ին ծնվել են նրանց երկվորյակները: