ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ 


 

Շարունակվում է քննարկվել Հանթսմանի կողմից Վարդան Օսկանյանին գումարներ տրամադրելու հարցը: Ոմանք դա քաղաքական հետապնդում են որակում, ոմանք փորձում են այդ ամենի մեջ տեսնել պարզագույն քրեական հանցանքը: Սակայն խնդիրը շատ ավելի այլ նշանակություն և իմաստ ունի, որին, ցավոք, ոչ ոք գրեթե չի անդրադառնում: Հայաստանում գործում են մի քանի օտարերկրյա կամ միջազգային հիմնադրամներ, որոնցից ամենահայտնիները Հանթսմանի և Սորոսի հիմնադրամներն են: Ի՞նչ խնդիրներ են լուծում Հայաստանում: Հազի´վ թե Սորոսին կամ Հանթսմանին հետաքրքրեն հայաստանցիների խնդիրները, հազի´վ թե նրանք կամենան, որ մենք հաստատենք ժողովրդավարական արժեքներ և ապրենք բոլորովին այլ իրականության մեջ: Ոչ ոք հենց այնպես փողեր շաղ չի տալիս: Ոչ մի հիմնադրամ, որքան էլ ֆինանսական շահեր չհետապնդելով, իր գումարները չի ներդնի բարեգործական ծրագրերում` չունենալով որոշակի ծրագրեր և հեռանկարներ: Հայաստանի պարագայում պարզ ու հասկանալի է, որ Հանթսմանի և Սորոսի հիմնադրամների գերխնդիրները կապակցվում են Ղարաբաղյան խնդրին ու հայ-թուրքական հարաբերություններին: Ղարաբաղյան խնդիրն այս հիմնադրամները դիտարկում են փոխզիջումների համատեքստում, բնականաբար` առաջնային դարձնելով Ադրբեջանի շահերը:

Պատահական չէ, որ շատ հաճախ են հնչել հանդուրժողության, այսպես կոչված փոխզիջումային տարբերակների ընդունման հորդորներ: Եվ բնավ էլ պատահական չէր, որ Վարդան Օսկանյանը հռչակել էր կոմպլիմենտարիզմի քաղաքականությունը, որում Ղարաբաղյան խնդիրը նույն «կոմպլիմենտար» շառավղի մեջ էր: Հիշենք, թե ինչպես Վարդան Օսկանյանը ազատագրված տարածքները գրավյալ կոչեց` հետագայում սկսելով մի բառախաղ, որից ինքն էլ, երևի, ամաչեց: Սա պատահական չէր և ոչ էլ տուրք էր միջազգային եզրաբանությանը: Օսկանյանը փող տվողներին բաց տեքստով ասաց, որ կատարում է նրանց առաջադրանքները: Այլապես ինչու՞ պիտի մի հիմնադրամ փող տա Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարին…

Անտարակույս, Օսկանյանի «Սիվիլիթասը» որևէ առնչություն չունի քաղաքականության հետ, հիմա նրա խնդիրը բացարձակապես քաղաքացիական հասարակությանն է կապակցվում: Եվ ինչպես գիտենք, Հանթսմանն իր գումարները, որոնք ներդրվել էին բարեգործության մեջ, չէր կամեցել դուրս հանել Հայաստանից` վստահելով արևմտյան տիպի գործչին:

Սորոսի հիմնադրամի առաջնահերթությունն էլ հայ-թուրքական հարաբերություններն են, Ցեղասպանության ճանաչման խոչընդոտումը: Եվ որոշակի քայլեր այս ուղղությամբ այդ հիմնադրամն արել ու շարունակում է անել: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ հատկապես այդ հիմնադրամն աջակցեց այն բոլոր ծրագրերին, որոնք կապակցվել են հայ-թուրքական հարաբերություններին: Անգամ տխրահռչակ գեորգիվանյանը ֆինանսավորվել է նաև Սորոսի կողմից…

Հիմա հարց է ծագում` որտե՞ղ էր մեր ազգային անվտանգությունը, ինչու՞ տարիներ շարունակ չէր հետաքրքրվում այն խնդրով, թե այդ հիմնադրամներն ի՞նչ են անում մեր երկրում և ու՞մ են ֆինանսավորում: Տեղին ենք համարում քաղաքագետ Երվանդ Բոզոյանի մի դիտարկում, որը նա հնչեցրել է օրերս.

- Հայաստանում այսօր կան մի քանի ֆոնդեր, օրինակ, «Սորոսի» ֆոնդը, որը նպատակային օգնություն է տալիս և ձևակերպում է հետևյալ ձևով` ես ձեզ օգնում եմ, տալիս եմ սա, դուք քննարկեք Ղարաբաղյան խնդիրը: Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ խնդիրը այդ դեպքում դու պիտի քննարկես, որպեսզի կոմպրոմիսների գնաս: Ասում էին` ես տալիս եմ գումար, չէին էլ թաքցնում` հայ-թուրքական պրոբլեմի հետ կապված: Իրենք ասում էին` դու պիտի կոմպրոմիսների գնաս Թուրքիայի հետ: Սա ուղղակի մղում է մարդկանց, որպեսզի գնան կոմպրոմիսների` Թուրքիայի, Ղարաբաղի հարցում: Ինչո՞ւ ոչ ոք այդ թեման չէր քննարկում: Ընդ որում, սա ազգային անվտանգության խնդիր էր: Հայաստանում  ինչքան ֆոնդ կար` քննարկում էին հայ-թուրքական խնդիրը, և Հայաստանում ոչ ոք չէր ասում` լավ, այդքան ֆոնդերը սպառնալիք չե՞ն հայ ժողովրդի համար:

Նման մոտեցումներ շատերն ունեն: Զրուցելով ԱԺ մի շարք պատգամավորների հետ, մենք համոզվեցինք, որ նրանցից շատերն էլ են մտահոգված այս հիմնադրամների գործունեությամբ և ազգային անվտանգության հարցերով, ցավ են ապրում, որ մեզանում մշակված չեն անվտանգությանն առնչվող այնպիսի հայեցակարգեր, որոնք ներառեն նաև տարբեր հիմնադրամների գործունեության հետազոտումը: Մինչդեռ հրամայական է դառնում նման հայեցակարգի գոյությունը, որովհետև շատ հաճախ հենց այդ հիմնադրամները կազմաքան դում են պետությունը բարոյապես, ապա` ֆիզիկապես…