ՀԻՄԱ ԷԼ` ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 


 

Մի քանի տարի առաջ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը ստեղծեց «Դաշինք» կուսակցությունը, որին անդամագրվեցին մեծ թվով գործարարներ: Այդ կուսակցությունը, սակայն, երկար կյանք չունեցավ: Իսկ հիմա ՕԵԿ նախկին անդամ Արայիկ Հայրապետյանն է կուսակցություն ստեղծում` այն կոչելով Գործարարների կուսակցություն: Ըստ «Լավանդայի Արայիկի»` այս կուսակցությունը պաշտպանելու է փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողների շահերը, նպաստելու է մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

- Մանր ու միջին բազմաթիվ բիզնեսմեններ արդեն ցանկություն են հայտնել անդամագրվել կուսակցությանը: Խոշոր բիզնեսմեններն անդամագրվելու հայտ չեն ներկայացրել: Ճիշտն ասած` մենք չենք էլ ակնկալում, որովհետև իրենք քիչ են` 15-30 հոգի, և դա էական չէ: Մենք հազարների մասին ենք խոսում,- ասում է նոր կուսակցապետը:

Նա նաև հավելում է, որ այս նոր կուսակցությունը սերտ կապեր է հաստատելու Ապարանցիների միության հետ և ամեն ինչ անելու է` Ապարանը ծաղկուն բնակավայր դարձնելու համար: