Հատուցման ժամը 


 

Արդյո՞ք Վրաստանում շարունակական կլինեն ներկա ու նախկին պաշտոնյաների ձերբակալությունները` հիմա դժվար է կանխասել: Բայց առաջին քայլն արդեն արված է: Դատախազություն հարցաքննության կանչված Ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան կալանքի է վերցվել:

Փաստաբան Դավիթ Դեկանոիձեն ասել է, որ կատարվածն անսպասելի էր և իր պաշտպանյալին դեռ մեղադրանք չի ներկայացվել: Այդուհանդերձ, հարցաքննության ու կալանքի շարժառիթները նրանց հայտնի են:

- Խոսքը վերաբերում է Ախալայայի` պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին: Ազատված մի քանի աշխատակիցներ դժգոհում են, որ նա իբր վիրավորանքներ է հասցրել իրենց` մի քանի անձանց ներկայությամբ,- նշել է փաստաբանը:

Ախալայան հարցաքննության է կանչվել երեքշաբթի երեկոյան: Դատախազությունում տեղեկացրել են, որ դրա առիթը որպես վկա ծառայողական լիազորությունների չարաշահման փաստն է:

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ախալայան Միխեիլ Սահակաշվիլիի ամենամտերիմ ու ամենաազդեցիկ դաշնակիցներից է: Մինչև 2012-ի հուլիսին ՆԳ նախարար նշանակվելը եղել է պատժավայրերի դեպարտամենտի ղեկավարը, պաշտպանության նախարարը: Իսկ երբ տարածվել է վրացական բանտերից մեկում կատարվող խոշտանգումները ներկայացնող տեսագրությունը, նա հրաժարական է ներկայացրել: Տեսահոլովակը լուրջ հուզումներ է հարուցել Վրաստանում. ցուցարարներն Ախալային համարում են այդ ամենի գլխավոր մեղավորը: