Մոլագար ոստիկանը 


 

Մոլագար` ամենաուղիղ իմաստով: Ու բարեբախտաբար նա արդեն մեկուսացվել է` վայրագ նպատակը չիրականացրած:

Նյույորքցի 28-ամյա ոստիկան Հիլբերտո Վալյեն ծրագրել էր բռնաբարել, տանջամահ անել և ուտել հարյուր կին: Իր այս մեծ ախորժակը խելագարը կարող էր նաև իրագործել (գոնե` մասամբ), եթե նրա նախկին կինը համակարգչում չհայտնաբերեր ամուսնու նամակագրությունը` անհայտ հանցակցի հետ (տեղեկացրել է Vesti-ն):

Իրավապահներն առգրավել են համակարգիչը: Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ անհերքելի ապացույցներ են հայտնաբերել: Իր ապագա զոհերին գտնելու համար ոստիկանն օգտագործել է ոստիկանական տվյալների բազան: Նրա համակարգչում պահպանված էին շուրջ 100 կանանց անձնական տվյալները: Նրանցից մեկի հետ Հիլբերտոն նույնիսկ հասցրել էր հանդիպել ռեստորանում:

Նորօրյա Ջեկ-փորոտիք թափողի հանցակցի անձն առայժմ պարզված չէ: Տեղեկություններ չկան նաև այն մասին, որ նա հասցրել է որևէ կնոջ զոհաբերել: Ուրեմն` նրա գործընկերներն ու հատուկ ծառայություններն անվրեպ են գործել: