Հերթական դիտարկումը 


 

Հայ-ադրբեջանական շփման գոտում ԵԱՀԿ հերթական դիտարկումն այս անգամ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և ադրբեջանական Ալիբեյլի գյուղերի ուղղութ յամբ էր: Հայկական կողմից դիտարկումն իրականացրեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Ուիլիամ Փրայորը և Խրիստո Խրիստովը: Արդեն օրինաչափ դարձած սցենարով` այս անգամ ևս հակառակ հայկական կողմի ջանքերի` դիտարկումն իրականացվեց առանց ադրբեջանական կողմի հետ անմիջական շփման հնարավորության:

ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ներկայացմամբ`

- Թե ինչո՞ւ են հրաժարվում և խուսափում հանդիպումից` բոլորս շատ լավ ենք հասկանում: ԵԱՀԿ ներկայացուցիչները կրկին ներկայացրեցին Ադրբեջանի կողմից տարեցտարի աճող հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տեղեկությունները: Հերթական անգամ քննարկվեց առաջնագծից դիպուկահարների հետ քաշման հարցը: Ադրբեջանական կողմը, սակայն, կտրուկ հրաժարվում է կատարել այդ պահանջը: Նրանց այդ պահվածքը դատապարտում ենք և´ մենք, և´ միջազգային հանրությունը: Սակայն աշխարհի բոլոր «բեմերից» ադրբեջանցիները շարունակում են թափել կոկորդիլոսի արցունքներ` իբր մեր դիպուկահարների պատասխան կրակից ունեցած կորուստների վերաբերյալ: Ադրբեջանական «հերոսները» շարունակում են միտումնավոր կրակել խաղաղ բնակիչների և բնակավայրերի վրա` կոպտորեն խախտելով ժնևյան կոնվենցիայի պահանջները: Վերջերս ադրբեջանական կողմը, բողոքելով հայտարարել է, թե հաճախակի են դարձել հրադադարի խախտման դեպքերը, ինչը բերում է մահվան դեպքերի աճի` շփման գծի երկայնքով տեղակայված ադրբեջանական գյուղերում և քաղաքներում: Թե ի՞նչ քաղաքների մասին է խոսքը` դժվար է հասկանալ: Այս տրամաբանությամբ շարունակելու դեպքում շուտով մեզ մեղադրելու են նաև Բաքվում մահվան դեպքերի աճի կապակցությամբ` կրկին կապելով հրադադարի խախտման հետ: Իր զինվորների զոհվելու մեջ ադրբեջանական կողմը շարունակում է մեղադրել հայերին` չցանկանալով խոստովանել, որ նրանք զոհվում են առաջին հերթին դիպուկահարներին հետ չքաշելու պատճառով: Մեզ համար այդ հարցը քննարկման ենթակա չէ: Մենք պատրաստ ենք այն իրականացնել անգամ վաղվանից, սակայն` ոչ միակողմանի:

- Ի՞նչ են ցույց տալիս այս դիտարկումները: Կա՞ արդյոք տարբերություն դիտարկմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում հրադադարի ռեժիմի խախտման հաճախականության միջև: Ի վերջո` ի՞նչ է փոխվում, եթե բնակիչներից ոմանք հավաստիացնում են, որ եղել են դեպքեր, երբ դիտարկումներից հետո հակառակորդն առավել ակտիվ է սկսել կրակել:

- Ես չէի ասի, որ անմիջապես դիտարկումից հետո սկսում են ավելի ակտիվ կրակել: Ինչպես փորձն է ցույց տալիս` ադրբեջանական կողմը մշտապես կրակում է և կրակելու է: Ինչ վերաբերում է դիտարկումների արդյունքներին, ապա պետք է նշեմ, որ արդեն քանի տարի մենք առաջարկում ենք դրանց իրականացման առավել արդյունավետ եղանակ. դիտարկում` անմիջապես սահմանի հատումով: Բայց ադրբեջանական կողմն արդեն 5-6 տարի շարունակ` մշտապես հրաժարվում է և խուսափում. Բաքվից թույլատրություն չկա, ցանկություն չկա և այլն: Մենք պատրաստ ենք. հայկական կողմն անմիջապես սահմանը հատելու իրավասություն ունի, իսկ թե ադրբեջանական կողմից ո՞վ է գալիս, ի՞նչ լիազորություններ ունի` անհասկանալի է: Կարելի է եզրակացնել, որ իրենց կողմից այս ամենը ձևական բնույթ է կրում: Այո, այդ 10-15 րոպե դիտարկումը ոչինչ չի տալիս և չի փոխում: Հենց դրա համար ԵԱՀԿ ներկայացուցիչներին առաջարկել ենք, որ դիտարկումներն անցկացվեն սահմանի հատումով: Առաջին փուլում հրամանատարներն առերես հանդիպեն, իսկ հետագայում նաև համայնքների ղեկավարները: Դա բավական արդյունավետ կլինի:

Սահմանամերձ Այգեպարից մինչև ադրբեջանական ամենամոտ բնակավայր` Ալիբեյլի, ուղիղ գծով ընդամենը 200 մետր է: Այստեղ ապրում են մշտական զգուշավորությամբ` հակառակորդի կողմից յուրաքանչյուր րոպե հավանական կրակի տակ:

Այգեպարում ԵԱՀԿ ներկայացուցիչներին իրենց համայնքների խնդիրները ներկայացրին նաև սահմանամերձ Մովսեսի և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետերը:

Ակամա սահմանապահ դարձած բնակչության հոգսերն անհամար են: Իսկ այս դիտարկումներն իրականում ոչինչ չեն փոխում գյուղացու հոգսաշատ կյանքում:

ԵԱՀԿ դիտորդները հերթական անգամ դիտարկումից հետո հեռացան` կրկին արձանագրելով, որ այն անցավ առանց միջադեպերի, իսկ իր տունն ու նաև հայրենի սահմանը պաշտպանող գյուղացին շարունակում է իր առօրյան` օրվա ապրուստի համար կռիվ տալով ու հայացքն ուղղելով առ Աստված, որ գոնե հակառակորդը չկրակի:

Սահմանամերձ Այգեպարի առօրյային առավել ընդգրկուն անդրադարձը` մեր գալիք համարում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ