Ե՞րբ է այդ մոտ ապագան 


 

Բարձրագույն կրթության խնդիրները մշտապես հետաքրքրում և մտահոգում են մեզ: Հատկապես բուհական համակարգում վճարովի կրթության հիմունքների ներդրումներից հետո տարեցտարի մեծանում են դժգոհությունները, ավելանում է թիվը նրանց, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու մեծագույն ձգտումներ ունենալով հանդերձ` հրաժարվում են ցանկությունից և հեռանում Հայաստանից` այլ երկրներում հանապազօրյա հացը վաստակելու համար:

Որակ

Կրթության մեր պատասխանատուներն, իհարկե, անտարբեր չեն այս ամենին և շարունակաբար խոստումներ են հնչեցնում` իրավիճակի շտկման, նոր մարտավարությունների մշակման մասին: Մեր ուշադրությունը սևեռվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` օրերս Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում ունեցած հանդիպմանը: Հանդես գալով գիտական խորհրդի անդամների առջև, նախարարը մի շարք կարևորագույն քայլերի և նախաձեռնությունների մասին է խոսել: Նախարարն առաջին հերթին կենտրոնացել է բարձրագույն կրթության համակարգում օրավուր նոր ծավալներ ընդգրկող կոռուպցիայի խնդրին.

- Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են և´ մեզ, և´  հանրությանը: Խնդիրներից մեկը  կրթական ոլորտի կոռուպցիոն երևույթների առկայության աստիճանն է: Իհարկե, մի կողմից մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գերագնահատման խնդիր կա կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մեջ: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ  է, որ այդ երևույթները կան, և դրանց նվազեցման արագությունը  մեզ նույնպես չի բավարարում:

Նախարարի ընկալմամբ` կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը որակյալ կրթության ապահովումն է.

- Հետևաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը:

Իհարկե, շատ կուզենայինք, որ կրթության և գիտության երիտասարդ նախարարի այս համոզմունքն իրականություն լիներ, որ բարձրագույն որակյալ կրթությունը դառնար կոռուպցիայի վերացման երաշխիքը: Սակայն… ասվածը հեռու է իրականությունից, որովհետև մի շարք բուհեր ապահովում են որակյալ կրթությունը, սակայն հենց այդ բուհերում է կաշառակերությունը ծաղկում ապրում:

Համոզված ենք, իհարկե, որ Արմեն Աշոտյանը միանգամայն անկեղծ է, որ նա հավատում է իր առաջադրած գաղափարին: Սակայն որոշ բուհերում կոռուպցիան և կաշառակե րությունն այնպիսի խորը արմատներ են ձգել, այնքան են բարգավաճել, որ հազիվ թե որակյալ կրթության պատկերացման տակ հնարավոր լինի պայքարը դարձնել իրական:

Հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում ամենակոռումպացված բուհերի շարքում առաջատարի դիրք ունի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը: Չենք կարող կասկածել այս բուհի տված որակյալ կրթությանը, մանավանդ որ այստեղ սովորելու են գալիս նաև այլ երկրներից և հեռանում բավարարված` համոզված, որ ստացել են որակյալ կրթություն…

Մատչելիություն

Նախարարն անդրադարձել է նաև կրթական ծառայությունների մատչելիության խնդրին, ասելով.

- Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, և ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթևությամբ  կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը: Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձև է բարձրաձայնված, ըստ որի`` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չմնա բուհից:

Արմեն Աշոտյանի այս հայտարարությունը կարող է ոգևորություն առաջացնել, սակայն նախարարից թաքուն` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը հրահանգել է մինչև նոյեմբերի 10-ը վարձեր չվճարած ուսանողներին զրկել ուսումնական պարապմունքներին մասնակցելու իրավունքից, ապա` հեռացնել բուհից: Հասկանալի է, որ բուհն ապրում և գործում է նաև վարձավճարների հաշվին, սակայն նման` դատախազական կեցվածքով ուսանողների արժանապատվության տրորումը, նրանց բոլորի ներկայությամբ ստորացնելը, սոցիալական անբարվոք վիճակն ի ցույց դնելը հազիվ թե մանկավարժական ու մարդկային համարվի: Պարզ է, որ վճարովի համակարգում սովորող ամեն մի ուսանող պայմանագիր է ստորագրել և պարտավոր է վճարել ստացած կրթական ծառայության դիմաց: Չնայած` երբեմն այդ ծառայությունը հակադարձ համեմատական է հաստատված վարձավճարի չափին: Բայց բուհերի ղեկավարների հրահանգներն ու հրամանները, «սովածին մանր բրդող» կուշտ կերած մարդու անմարդկային վարքագիծը խեղում է շատերին, գուցեև ոմանց մղում ճակատագրական վճիռների:

Նախարար Արմեն Աշոտյանն այս ամենի դեմ յուրատեսակ պայքարի «դեղատոմսի» մասին խոսեց.

- Կառավարության որոշմամբ` «Փարոսում» անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հավաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի 1-ից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ` ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են  կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների և հիմքերի վրա: Պարզեցվում  է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու են և ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի: Այս գործընթացը նույնպես դառնալու է շատ թափանցիկ, շատ օբյեկտիվ, և կապված չի լինելու բուհի ղեկավարությունից կամ նախարարի բարեհաճ վերաբերմունքից:

Հրաշալի նախաձեռնություն և հրաշալի քայլ է, բայց…2013 թվականի սեպտեմբերի 1-ից: Իսկ ի՞նչ անեն այն ուսանողները, ովքեր մինչև նշված ժամանակամիջոցը կարող են դուրս մնալ բուհից: Այս հարցին ոչ ոք չի պատասխանում, ոչ մի պատասխանատու չի հայտարարում, որ քայլեր կձեռնարկեն, բուհերի ռեկտորներին կպարտադրեն զերծ մնալ վճռական քայլերից, կոպիտ ու և անմարդկային որոշումների փոխարեն` կառաջարկեն ուսանողների հետ ժամանակացույցեր կազմել, այսպես լուծել խնդիրները…

Իհարկե, նախարար Աշոտյանը տեղեկացրեց, որ`

- Ուսանողական վարկերի մեխանիզմ է մշակվում, որը կներդրվի մոտ ապագայում: Որակյալ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն լավ սովորող ուսանողների համար: Սա աջակցություն է այն ուսանողներին, ովքեր ուզում են սովորել:

Նախարարը չասաց սակայն, թե ե՞րբ է այդ մոտ ապագան… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ