ՊԵՏԱԿԱՆԻ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ 


 

«Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն օրերս այսպիսի տեսակետ է հայտնել.

- Այսօր չկան մասնավոր բուհեր, որովհետև չկան պետականներ: Բուհերը պետական էին Սովետական տարիներին, երբ պետությունը հոգում էր ուսման վճարը և ավարտելուց հետո աշխատանքի տեղավորում: Իսկ պետական բուհերն այսօր շրջանավարտներին չեն նշանակում աշխատանքի, այդ պատճառով պետք չէ բուհերը մասնավոր կամ պետական անվանել:

Առաջին հայացքից կարող է փոքր-ինչ հավակնոտ թվալ այս տեսակետը, բայց խորանալով` տեսնում ենք, որ հենց սրանում են մեր այն ձախավերությունները, որոնց պատճառով էլ խոսում ենք բարձրագույն դպրոցի դեռևս չկայացվածության, կրթության համակարգում տեղ գտած բազմաթիվ ձևախեղումների և խնդիրների մասին: Իհարկե, «Գլաձորի» ռեկտորը չափազանց նեղլիկ սահմաններում է դիտարկել պետական և ոչ պետական բուհերի տարբերությունները, մինչդեռ, իսկապես, մեզանում չեն հստակեցված այդ տարաբաժանումները, գործառույթների առանձնահատկությունները: Խոստովանենք, որ պետական բուհերում պատվիրակված կրթության սահմանափակումն ու վճարովի տեղերի առատությունը, պետական համարվող բուհերը ՊՈԱԿ-ի շրջանակներում դիտարկելու հանգամանքներն էլ գրեթե հավասարեցրել են պետականն ու ոչ պետականը` որոշակի միտումներով ոչ պետականները դարձնելով գրեթե մասնավոր: Մինչդեռ պետական բուհերը պիտի բացառապես զբաղվեն պատվիրակված կրթության ապահովմամբ և գործեն առանց վարձավճարների` ամբողջապես սնվելով պետբյուջեից:

Հենց այս ամենն էլ պիտի դառնա քննարկման նյութ ու առարկա: Գուցե ժամանա՞կն է, որպեսզի ԱԺ-ն, Կրթության և գիտության նախարարությունը, բարձրագույն կրթություն տվող բոլոր կառույցները հավաքվեն, խորհեն, քննարկեն և առաջարկեն...