«Հարկադրեց», որ վերանորոգեն 


 

Ինչպես հիշում ենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 10 աղբատար մեքենա  ու 10 ձյունամաքրիչ տրակտոր  էր նվիրել  Գյումրիին: Սակայն, ինչպես նշում են որոշ աղբյուրներ, վերջերս  ԲՀԿ-ական վերնախավը, այցելելով Գյումրի ու տեսնելով համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը, որը գտնվում էր ողբերգական վիճակում, հրաժարվել էր  նախատեսած  նվերը Գյումրի ուղարկել այնքան ժամանակ, քանի դեռ կարգի չի բերվել ճանապարհը:

Այլ կերպ ասած Գագիկ Ծառուկյանն է  հարկադրել, որպեսզի  գյումրեցիները  վերանորոգեն  Բուլվարային թաղամասի` դեպի աղբանոց տանող 2 կիլոմետրանոց իրենց  ճանապարհը: Այս ճանապարհի վերանորոգումն արդեն սկսված է, իսկ իրականացնողն էլ ավագանու նախկին անդամ Չուբար Զաքարյանն է, ով ժամանակին դուրս չէր գալիս Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից, ստանում էր բոլոր ճանապարհաշինական պատվերները: Հիմա էլ օրնիբուն նա Բալասանյանին է փառաբանում` արդեն ստանալով առաջին պատվերները: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմա այդ աշխատանքներում ընդգրկված է նաև «Արամ էլիտշին» կազմակերպությունը, որն, ըստ քաղաքապետարանից ստացված տեղեկության, իր կատարած աշխատանքների համար գումար չի պահանջել:

Ստացվում է, որ Գյումրիում կան կազմակերպություններ, որոնք անվճար ծառայություններ են մատուցում, բարեգործություն անում: Իսկ ինչ վերաբերում է աղբատար մեքենաներին, ապա քաղաքապետարանից փոխանցեցին, որ Ծառուկյանի  նվիրած աղբահաններից  2-ն արդեն իսկ Գյումրիում են, 2-ը  գտնվում են Երևանում, 4-ը ներկրվում են Հայաստան: Եվ որպեսզի գյումրեցիները չկասկածեն իր ասածին, Զոհրապ Եգանյանը մեզ ցուցադրեց ԲՀԿ առաջնորդի  նվիրած տրակտորները, որոնք կայանած են Գյումրու քաղաքապետարանի ավտոպարկում: