Տաքսի-տաքսի 


 

Երևանի մի բնակիչ վերջերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հայտարարություն է տվել, որ կինը նախորդ երեկոյան անհայտ տաքսի ծառայության ավտոմեքենայով ուղևորվել է Օպերայի և բալետի պետական թատրոն և նույն ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհին թալանվել:…

Պարզվել է, որ կինը Թումանյան փողոցում, «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, վարորդին խնդրել է մի քանի րոպեով կայանել ավտոմեքենան, որպեսզի ուղեվարձը վճարելու համար խանութում մանրի 20.000-անոց թղթադրամը: Իսկ երբ վերադարձել է` տաքսու վարորդը ավտոմեքենայով և ավտոմեքենայում թողնված պայուսակով հանդերձ` անհետացած է եղել: Թանկարժեք պայուսակը նույնքան թանկարժեք պարունակություն է ունեցել` դրամապանակ` 100.000 դրամով, «Այֆոն-4/Ս» բջջային հեռախոս, մարզական պարագաներ, փաստաթղթեր և այլ իրեր...

Փաստորեն` մայրաքաղաքի ոչ վաղ անցյալի տաքսու նախկին վարորդներին` մեր կոլորիտով, պատվախնդիր, ազնիվ և պատրաստակամ վարպետներին (ինչպես նրանց մեծարանքով դիմում էինք) փոխարինելու են եկել սնկի նման աճած տաքսի ծառայությունների տնօրինությունների կողմից ամենևին չստուգված, մութ կենսագրության և կասկածելի վարքուբարքի տեր հանցավոր տարրեր: Մեկ անգամ չէ, որ ոստիկանության բաժիններում նրանց կողմից կատարված ամենատարբեր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է, և ոլորտը վերահսկող պատասխանատուների համար թող այս հրապարակումը ահազանգ հանդիսանա` անհապաղ միջոցներ և կտրուկ քայլեր ձեռնարկելու առումով:

Եթե ոչ, ապա ստիպված ենք լինելու բախվել ինչպես վերը նշված, այնպես էլ ներկայացվող մեկ այլ պատմության գործող անձի, դարձյալ տաքսու վարորդ, անպատասխանատու և հանցագործ պահվածքի մասին վկայող նորանոր տհաճ անակնկալների...

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Գյուրջյան փողոցում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նոր Նորքի մասնաճյուղի մոտից, «Ռոյալ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայով, ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա վարորդ Սուրեն Ա.-ին: Բայց մինչ այդ` ուղևորների բարեկիրթ սպասարկմանը կոչված տաքսու վարորդը նկատելով մեքենային մոտեցող ոստիկանության ծառայողներին` շագանակագույն ստվարաթղ թից փաթեթ է նետել մեքենայի պատուհանից:

Փաթեթի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել` դեղնականաչավուն կանեփանման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:

Իսկ օրական քանի-քանի˜ ուղևոր է առնչվում այս կարգի վարորդների հետ: Ընդ որում, տաքսի ծառայություններից օգտվում են նաև կանայք, աղջիկներ, երեխաներ...