Եթե լեզուդ  քեզ չպահես,  վայ քեզ…


 

Այս սպառնալիքն ուղղված է լրագրողին, նրան, ով փորձել է դիմակազերծ անել իրեն համայն հայության «Մայր Թերեզա» ներկայացնող խարդախ մի կնոջ նույնքան խարդախ գործունեությունը:

TԻՆՉԵՎ ԽՍՀՄ-ի փլուզվելը «քյավառեցի» Ռիման բուֆետպան էր և դրանով էր հոգում իր բազմանդամ ընտանիքի կարիքները: Երկիրը փլուզվեց, աշխատատեղերն էլ հետը: Հո ձեռքերը ծալած չէ՞ր նստելու: Որոշումը կայացրեց և պառկեց քնելու` հետևելով ռուսական ասացվածքին. «Առավոտն ավելի խելացի է, քան երեկոն»: Այդպես էլ կար: Առավոտն անցավ, տիկին Ռիման ուշ վեր կացավ: Վեր կացավ ու հայտարարեց, որ ինքը ոչ թե քնած էր, այլ կլինիկական մահ էր տարել, լսում էր Աստծո խոսքերը, մոտավորապես այսպիսի. «…Իմ դուստր Սիլվա, այո´, այո, այսուհետև դու Սիլվա ես և ոչ թե Ռիմա…»: Երևի մանկուց գյուղում մեծացած աղջնակը երազել էր, որ իրեն Սիլվա կոչեն և որ հենց այդ անունի շնորհիվ էլ ինքը պիտի ի զորու լիներ տարածքներ զավթել, հյուրանոցներ բացել` անկողին որոնող զույգերի, հատկապես պարսիկների համար (որպես լավ վճարողներ): Այնուհետև Աստված իրեն «պատվիրեց».

- Օֆիս ունեցիր` առանց շահույթ հետապնդելու, որպեսզի կարողանաս խուսանավել այս անօրեն երկրի իշխանավորներին հարկ վճարելուց: Սկզբի համար խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ շատ էժան սնունդով կերակրել մի քանի հոգու և աղջկադ կամ հարսիդ նկարահանել տաս սոված մարդկանց (կամ քո իսկ ծանոթների) ուտելու պահը… զի ամեն ինչ փաստացի արտացոլման մեջ է հասու լինում հատկապես նրանց, ովքեր կարող են հավատալ (կամ էլ ձևացնել հանուն շահի) բարեգործությանդ, որ է` թալան… Մի խոսքով, իմ ծառա Ռիմա, չէ, ինչ եմ ասում, Սիլվա, այսօրվանից կկատարես իմ բոլոր պատվիրանները և շատ կհարստանաս…

Աչքաբաց առևտրականը պատմեց իր «տեսիլքը» և անվարան անցավ գործի: Առաջին հերթին իր տան հարևանությամբ բացեց վարսավիրանոց, ատամնաբուժարան, հյուրանոց և բոլորն էլ «բարեգործական» ցուցանակով… Դա հարկ ու տուրքից ազատվելու ամենապարզունակ և ամենախորամանկ ձևերից է: Հետաքրքիր է` հարկային տեսչությունն ինչպե՞ս է հավատացել: Բայց շտապենք հիշեցնել, որ Աստվածաշնչում պարզորոշ գրված է Աստծո պատվիրանը. «Վճարիր հարկ ու տուրքդ, մի շնանա և մի շնացրու, մի գողանա, մի թալանիր» և այլն:

Հետևաբար, տիկին Ռիմա-Սիլվա, ոչ միայն հակառակվում ես Տիրոջը, այլև համարձակվում ես ստել Աստծո և մարդկանց առջև… Ինչո՞ւ: Որովհետև եթե որևէ մեկը օգտվելով վերոհիշյալ «բարեգործական» հորջորջված ծառայություններից, փորձեր հեռանալ շնորհակալություն ասելով, ապա այդ նույն վարսահարդարն ու մատնահարդարը, ատամնաբույժն ու մյուս աշխատողները արգելում էին «թակարդն» ընկածին դուրս գնալ առանց վճարելու.

- Ի˜նչ բարեգործական, ի˜նչ ֆլան-ֆստան: Ձրի բան չկա: Մենք ոչ մի կապ չունենք տիկին Սիլվայի կողմից փակցրած ցուցանակի հետ: Մենք շենքի ու շինության համար նրան վճարում ենք: Դե, իսկ տիկին Սիլվան այդ փողերով մեկնեց Ամերիկա` նախօրոք խորհրդակցելով իր մի-երկու հովանավորների հետ, ովքեր իրենց մասնաբաժինն ունեին նրա «բարեգործությունից»: Նրանց խորհրդով տիկին Սիլվան իր հետ վերցրեց նաև իր աղջկա ու հարսի կողմից նկարահանված բարեգործական տեսարանները: Ամերիկան խրախուսանքով ու փողի հոսանքով դիմավորեց իրեն համայն հայության «Մայր Թերեզա» հռչակած խաբեբային: Զավեշտալին այն է, որ այդ նկարներից մեկում փոռավոր կիսաշրջազգեստի վրայից զինվորական բուշլատ հագած Սիլվան պատմում է, թե ինքն ազատ ելումուտ ունի տվյալ զորամաս, քանի որ ինքն է նրանց հաց ու ջուր, դեղորայք հասցնողը (ի՞նչ է, զինվորները սոված ու հիվանդ` միայն նրա՞ն են ապավինել…): Մեկ այլ նկարում մի քանի կին շրջապատել են Սիլվայի տարած մթերքներով լի պայուսակը և այնտեղից ուտելիք են հանում (սա էլ կանանց գաղութն է): Որպես ապացույց նա մեքենագրած մի թուղթ է ցույց տալիս` «Շնորհակալություն» վերտառությամբ, որտեղ Սիլվային շնորհակալություն էին հայտնում տվյալ հիմնարկին նյութապես օգնելու համար` Մ. Կոթողյան ստորագրությամբ: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է ստորագրել քրեակատարողական հիմնարկի պետը և ոչ թե վարչության պետը (կարգն է այդպիսին), Սիլվան ճչաց.

- Ետ տուր իմ թուղթը և դուրս գնա… Դու Աստծո՞ւն ես կասկածում:

Մինչ այդ ես հանդգնել էի մի ճշմարտություն ևս ջրի երես հանել: Մինչև նկարների մասին ինձ պատմելը, տիկին Սիլվան մի տեսաերիզ ցուցադրեց, որտեղ ինքը պարսպապատել էր Նորքի 4-րդ զանգվածի այգին, որտեղ իրենց հանգիստն էին անցկացնում մեծամասամբ ծերերն ու երեխաները: Պարսպապատելուց հետո նա մեկնել էր օտար երկիր` ողորմություն հայցելու մեր ազգի համար… Բայց արի ու տես, որ հենց այդ ժամանակվա Երևանի նորընտիր քաղաքապետ Գ. Բեգլարյանի կարգադրությամբ քանդել էին զավթած այգու պարիսպները` այգին հասարակությանը վերադարձնելու համար: Մինչդեռ Սիլվայի ամուսինը փորձել էր խանգարել տրակտորիստին և ինքնակամ վայր էր ընկել (որը պարզ երևում է նկարահանումից): Այդ տեսարանը նկարահանողն էլ նրա աղջիկն է եղել: Եթե հայրը վայր էր ընկել տրակտորի հարվածից, ապա դուստրն անմիջապես պիտի նետվեր դեպի հայրը և շտապօգնություն կանչեր: Իսկ նա նկարահանել է մինչև այն պահը, երբ անծանոթ մարդիկ են զանգահարում «շտապ» և հորը տեղափոխում հիվանդանոց: Սկսած նկարահանումը չընդհատվելով, աղջիկը հասնում է հիվանդանոց` շարունակելով նկարահանումը նաև բժշկի մոտ: Վերջինս զննելով «հիվանդին», ասում է, որ մարդն անվնաս է, ողջ ու առողջ և կարող է տուն վերադառնալ… Մի՞թե սա նախօրոք ծրագրավորված սցենար չէ… Այս ամենից հետո տիկին Սիլվան ինձ է մեկնում այգու սեփականաշնորհման վկայականի լուսապատճենը և ասում, թե ապօրինի են քանդել իր կառուցած պարիսպը: Եվ քանի որ ես հանդգնեցի հարցնել, թե ո՞ւր է վկայականի բնօրինակը, Սիլվան հասավ իր զայրույթի գագաթնակետին և իսկական հայհոյանքի մի «ընտրափունջ» ուղղեց այս պետության ու նրա ժողովրդի հասցեին, ապա ավելացրեց.

- Ես շատ ափսոս եմ ձեր նմանների համար: Չնայած ես լրագրողներ ունեմ, որ 2 մատիս չրթոցով անմիջապես գալիս են ու ուզածս գրում, քանի որ ես ամենայն հայոց Մայր Թերեզան եմ: Եվ այս կինը (ձեռքը խփելով իր կրծքին շարունակում է) նրանց հաց է տալիս: Իսկ դու հենց հիմա դուրս գնա իմ տնից: Քո մասին ես կտեղեկանամ ԻՄ լրագրողից:

Իմ գնալուց մեկ-երկու օր անց զանգահարեց ինձ.

- Քո մասին իմացել եմ: Եթե լեզուդ քեզ չպահես, վայ քեզ…

Այսքան կեղծիքներից հետո, տիկին Սիլվա, դեռ ի՞նձ ես սպառնում… Մի՞թե պնակալեզ լրագրող կա: Կա՞… Չգիտեմ, բայց որ նա իրեն հորջորջել է Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն, դա առնվազն անհեթեթություն է: 

Թերեզա ԱՍԱՏՐՅԱՆ