Ղուրանապաշտ մուսուլմանուհին 


 

Աստվածասիրությունը խրախուսելի է, իհարկե: Զավակներին մանկուց Աստծո պատգամները ճանաչելի դարձնելը` գովելի: Բայց սովորեցնել-պահանջելուց առաջ հարկավոր է նախ պահել այդ պատգամները: Հազիվ թե Ալլահը հովանավորի մարդ ծեծելը. մանավանդ` հարազատ երեխային ծեծելով սպանելը:

Մեծ Բրիտանիայում հենց այդպես է վարվել ղուրանապաշտ մայրը: Ծեծելով նա սպանել է 7 տարեկան որդուն, որովհետև տղան չի կարողացել անգիր անել Ղուրանի տեքստը: 32 տարեկան Սառա Իգի խոսքերով` ինքն ու ամուսինը ցանկացել են, որպեսզի իրենց տղան «հաֆիզ» դառնա. այսինքն` Ղուրանն ամբողջությամբ անգիր իմացող մուսուլման:

-Մենք բարձր նպատակ ունեինք: Ցանկանում էինք, որ երեք ամսում նա սովորեր 35 էջ,- հայտարարել է կինը:

Իսկ որպես պարգև` փոքրիկին խոստացել էին նոր հեծանիվ գնել (գրել է «Ռոսբալտ»-ը):

Երբ մանչուկը չի կարողացել կատարել ծնողների հանձնարարությունը, մայրը դաժան ծեծի է ենթարկել նրան: Եվ ստացած վնասվածքներից երեխան մահացել է: Դրանից հետո աստվածասեր մայրիկն այրել է որդու դիակը, որպեսզի թաքցնի իր հանցանքի հետքերը: Ուրեմն նրան անհանգստացրել է ոչ թե երեխայի մահը, այլ սեփական կաշին փրկելու մղումը: Երևի հավատացե՞լ է, որ Ալլահից էլ կարող էր թաքցնել հանցանքը...

Այդքանով, սակայն, չի ավարտվել հնարամիտ ծնողների մտքի թռիչքը: Ոստիկանության աշխատակիցներին նրանք հավատացրել են, թե երեխան վախճանվել է հրդեհից: Բայց դիահերձումը փաստել է, որ մահը վրա է հասել ծանր վնասվածքների արդյունքում: Բացահայտվել է նաև, որ Սառան մինչ այդ էլ հաճախակի անխնա ծեծել է երեխային, երբ դժգոհ է եղել նրա առաջադիմությունից:

Չկարողանալով մոլորեցնել իրավապահներին, Սառան «խոստովանել» է, թե շեյթանն է (սատանան) իրեն հրամայել` սպանելու որդուն: Նրա ամուսինը հերքում է իր մասնակցութ յունն այդ սպանությանը: