Ոչ թե պատմել, այլ աշխատել


Պնդողներ կան, որ վերջին շրջանում միմյանց հաջորդող պաշտոնանկություն-նորանշանակումներն ընդամենը սկիզբն են սպասվող իսկական «շքահանդեսի»: Թե իրենց իրազեկման ինչ աղբյուրներ կմատնանշեն այդպես պնդողները` այս պարագայում էական չէ: Կարևորն այն է, որ բոլոր պաշտոնանկությունները հիմնավոր մեկ պատճառ ունեն. համակարգային բարեփոխումներ ու դրանց տեսանելիություն` կոնկրետ գործերով: Մանավանդ` նորանշանակ պաշտոնյաների մարդկային նկարագիրն ու մասնագիտական հմտությունները ովևէ մեկի որևէ կասկած չի հարուցում: Խոսքը մասնավորապես ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Երևանի քաղաքապետ առաջադրված Տարոն Մարգարյանի մասին է: Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ նշանակմամբ իրենց անպաշտպան զգացող քաղաքացիների մեջ հույսեր արթնացան` վերջապես Ոստիկանությունն արհեստավարժ, փորձված և Աստծո խոսքով առաջնորդվող ղեկավար ունեցավ: Համակարգում, իհարկե, այս նշանակումը ոմանց խուճապը հարուցեց: Նույնիսկ արդեն ինքնակամ հրաժարականներ են եղել: Բնական է, դիրքն ու պաշտոնն իբրև ճոճաթոռ օգտագործողները գիտեն, որ Գեներալը դույզն¬ինչ հանդուրժող չէ. ուրեմն` ավելի լավ է հեռանալ, քան պատասխանատվության «ծանր» բեռի տակ մտնել: Ուշագրավ մի մանրամասն, որը շատերին կհետաքրքրի: Երբ վերջին շրջանում փողոցներում հայտնվեցին սևահամազգեստավորներ, ոչ լավատեղյակները նրանց շփոթելով Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ` տարակուսեցին. - Ինչո՞ւ են նրանք այսքան շատացել. ինչ¬որ դե՞պք է եղել: Լավատեղյակներից ոմանք էլ կատակեցին. - Էս սովորական ոստիկաններ են. հագուստը Ռազմականին են նմանեցրել, որ չճանաչեն իրենց: Կատակը` կատակ, բայց որ ոստիկանության հեղինակությունը անշեղ անկում է արձանագրել` փաստ է: Համակարգի աշխատակիցներն անգամ հաճախ բացահայտ բացասական վերաբերմունքը չեն էլ փորձել հերքել: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունում իր աշխատանքով բարի համբավ վաստակած Վլ. Գասպարյանը դեռ նախորդ աշխատավայրում էլ մասնագիտական խնդիրներին անդրադառնալիս` արժանապատվորեն ընդգծում էր. - Ես պրոֆեսիոնալ ոստիկան եմ: Պրոֆեսիոնալիզմ. ահա ինչի պակասն է խանգարում այն ղեկավարներին, ովքեր բազմախոստում ծրագրերով պաշտոն են ստանձնում ու շատ չանցած` կցկտուր արդարացումներով գլխահակ հեռանում: Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանին` Հանրապետության նախագահը նախ ընդգծեց մարդկային որակները և վստահություն հայտնեց. - Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու և համոզված եմ, որ Ոստիկանությունում բարեփոխումները կշարունակվեն: Նորանշանակ Ոստիկանապետի խոսքն էլ, ինչպես միշտ` խորիմաստ էր ու հավատընծա. - Ոչ թե պատմել մեր աշխատանքը, այլ աշխատանք ցույց տալ: Չեն կարող լինել բարեփոխումներ, եթե ինքը` մարդը, բարեփոխված չէ: Պիջակ փոխելով չեն բարեփոխվում. էությունը պետք է բարեփոխվի: Դեմքով դեպի աշխատողը. արդար չէ, երբ աշխատում են շարքայինները, իսկ պարգևները մենք ենք ստանում: Սկզբի համար մեր գլխավոր ուղղությունը` հանդիպել ողջ անձնակազմի հետ` շարքայինից մինչև գեներալ, և որպես ուղեցույց, որպես նոր մարտավարություն նախանշել համազգեստի կորսված պատիվը վերադարձնելը: Հանրապետության ոստիկանապետն արդեն հանդիպումներ է ունեցել Ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և ծառայողների, մի շարք ծառայությունների անձնակազմերի հետ: Նրա գլխավոր պահանջը հասարակության շրջանում օրենքի գերակայության ամրապնդումն է և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Իսկ դրա իրագործման ամենահաս տատուն ուղին` հատկապես հասարակության հետ ամենօրյա աշխատանքում, աշխատաոճում արմատական բեկում արձանագրելը: Այսուհետ մեր համերկրացիները հանձին ոստիկանի պետք է ճանաչեն իրենց անվտանգության ու ապահովության երաշխավորին, իսկ օրենքն իրենց անմաքուր նպատակներին ծառայեցնել փորձողները հանձին ոստիկանի պետք է հաշվի նստեն ապօրինությունների դեմ անզիջում պայքարող իրավապահների հետ: Ոստիկանապետը նաև համակարգի ներկայացուցիչների մարդկային ու քաղաքացիական որակների բարեփոխում է պահանջում, մասնագիտական հմտություններ ու կատարելագործում` կարևորելով հոգատարությունը շարքայինների, կրտսեր սպայակազմի և երիտասարդ կադրերի հանդեպ: Այսպիսով, կարելի է ասել` Ոստիկանությունում մեկնարկել է ինքնամաքրման գործընթացը, որը որքան շարունակական, նույնքան արագընթաց պետք է կատարվի: Ինքնամաքրում, ասել է թե` սեփական թերություն-թուլությունների բացահայտում ու վերացում և, ամենակարևորը` անհանդուրժողականություն նախևառաջ սեփական շարքերի հանդեպ: Նոր ոստիկանապետին ներկայացնելով, ՀՀ նախագահն իր խոսքն ամփոփեց «Ուրեմն` ի գործ» կոչով: Եվ կոչն այդ արդեն առարկայանում է կոնկրետ բացահայտումներով: Ոստիկանության ինտերնետային կայքում «Ինքնամաքրման գործընթացը շարունակվում է» խորագիրը ևս հավաստում է, որ ամենօրյա բացահայտումներն արդեն իսկ դարձել են աշխատաոճ: