Բաքուն` երազխաբության մեջ


Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելը կրկին դարձավ ամբողջ թյուրքալեզու աշխարհի հաղթանակը, ինչպես որ դա եղավ Եվրատեսլիում հաղթելու ժամանակ: Առաջին հայացքից ծիծաղելի է թվում նմանօրինակ համեմատությունը, սակայն ավելի զավեշտալի է, երբ հենց Ադրբեջանում են դրանք «հաղթանակներ» բնորոշվում: Մեր հարևանները պարզապես գտնվում են էքստազի մեջ և այդ էյֆորիկ զգացմունքների ազդեցության տակ քիչ է մնում մեծն Հեյդարի մեկ այլ արձան քանդակեն` Բաքվի ևս մեկ փողոց զարդարելու համար: Բայց փորձենք մի փոքր վերլուծել իրադարձությունները և հասկանալ, թե այդ ինչ հաղթանակ են տարել մեր հարևանները, որ համաշխարհային աղմուկ են բարձրացրել և սեփական ժողովրդին երկնքից թափված մանանա են խոսք տալիս: Բոլորս էլ գիտենք, որ հիմնադրվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, ՄԱԿ-ը պետք է դառնար միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, երկրների միջև համագործակցության զարգացման համար նախատեսված հիմնական պլատֆորմը: Սոցիալ-մշակութային, տնտեսական և այլ գործառույթները, առանց չափազանցության, միանգամայն ածանցյալ բնույթ էին կրում: Եվ կառույցի հիմնական առաքելությունը վերը նշվածներից առաջինն էր, որը պետք է հիմնականում իրականացվեր ՄԱԿ-ի վեց մարմիններից մեկի` Անվտանգության Խորհրրդի միջոցով: ԱԽ¬ն բաղկացած էր և բաղկացած է 5 մշտական ու 10 ոչ մշտական անդամներից, որոնք ընտրվում են տարին մեկ անգամ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Վերջին 60-70 տարիները վերլուծելով` կարելի է հասկանալ, որ աշխարհում պատերազմների քանակի և մասշտաբների առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Իմպերիալիզը շարունակվում է, իսկ զավթիչները նույն դեմքերն են (հինգ մշտական անդամները), բացառությամբ այն բանի, որ հիմա դա արվում է ավելի «քաղաքակիրթ» ձևով` լկտի փոխհամաձայնությամբ, կոնկրետ տերությունների ազդեցության գոտիների անխախտելիությամբ և վերջապես ՄԱԿ-ի բանաձևերի «օրինական» լիազորությունների շնորհիվ: Սա է դառը ճշմարտությունը մեր իրականության: Եվ եթե ինչ-որ մեկը կարող է միջազգային քաղաքականության գործընթացի այլ ընթացք ապացուցել, ապա կեցցե արդարությունը և կեցցե մեր քաղաքակիրթ աշխարհը: Վերադառնալով մեր հարևաններին` կոչ անենք, որ մոլորության մեջ չընկնեն` կարծելով, թե Լեռնային Ղարաբաղի հարցում կարող են ԱԽ-ում հեղափոխություն անել և Մեծ հնգյակին սեփական կամքը թելադրել: Վերջիններս միշտ էլ դեմ են քվեարկել ԼՂՀ-ին վերաբերող բանաձևերին և վերահաստատել են այն թեզը, որ ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի բացառապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ կարող է դառնալ Նիգերիան, Զիմբաբվեն կամ էլ ինչ¬որ միկրո-երկիր Օվկիանիայում, ապա կարելի է եզրակացնել հետևյալը. Հայաստանը մտահոգվելու առիթ չունի և պետք է գործի ավելի իրատեսորեն: Ամեն երկիր պետք է ճանաչի իր իրական տեղը միջազգային գործընթացներում և փորձի հնարավորություններից վեր չթռչել, որպեսզի հանկարծ հունական դիցաբանությունից հայտնի Իկարուսի օրը չընկնի, որը շատ մոտենալով արևին` պարզապես այրվեց:

Տիգրան ԼԱԼԱՅԱՆ