«ՄԻ ՆՈՔԱՐԸ ԵՐԿՈՒ ԱՂԻՆ Ի՞ՆՉ ԿՈՆԻ»


Ալիևյան Ադրբեջանը վերջին ամիսներին հիմնովին փոխել է իր մարտավարությունն ու շրջվելով դեպի Ռուսաստան` ջանքեր է գործադրում` այս պետության հետ իր հարաբերությունները բարելավելու: Իհարկե, հիմա մի քիչ գոռոզացել է Ադրբեջանը, որովհետև դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Սակայն երևի պաշտոնական Բաքվում էլ լավ են հասկացել, որ այս անդամակցությունը չափազանց պայմանական մի բան է, որովհետև բոլոր հարցերը լուծում են մշտական անդամները: Ասել է թե` Ադրբեջանին Անվտանգության խորհրդում աջակցողներ և սատարողներ են պետք: Եվ Իլհամ Ալիևն ընտրել է Ռուսաստանը` գիտենալով, որ հատկապես այն ժամանակ, երբ պաշտոնապես իշխանությունը ստանձնի Վլադիմիր Պուտինը` Ադրբեջանին անհրաժեշտ կլինի հավատարմության բազում երդումներ տալ: Պուտինյան Ռուսաստանը ժամանակին չհրաժարվելով Ադրբեջանի հետ գործընկերությունից, այնուամենայնիվ պահպանում էր ուղղահայաց հարաբերություններ, որոնք Մեդվեդևը վերածեց հորիզոնականի: Հիմա Ռուսաստանին հորիզոնական հարաբերություններն այլևս կարող են պետք չգալ, որովհետև աստիճանաբար Կրեմլը նոր բարեկամներ է ձեռք բերում` հեռանալով մահմեդական աշխարհից: Իսկ Ռուսաստանի այդ հեռացումը կարող է ճակատագրական լինել նաև Ադրբեջանի համար, որը մի երկու տարի ՄԱԿ-ում աղմկելուց հետո` կարող է իսպառ մոռացության տրվել, որովհետև ժամանակակից Արևելքն աստիճանաբար խորանում է հեղափոխությունների մեջ` ժխտելով միապետականությունը: Իսկ Ադրբեջանն արդեն այսօր արևելյան խանություն է հիշեցնում` ալիևյան և նախիջանյան կլանների մշտառկա հակասություններով: Բաքվում գիտեն, որ միայն Ռուսաստանի հետ բարեկամությամբ հնարավոր կլինի ազդել հայրենակիցների տրամադրություն ների վրա, շահել նրանց վստահությունը: Ադրբեջանում, ինչպես հետխորհրդային շատ պետություններում, առկա է մղումը դեպի Ռուսաստանը, դեռ շատերը հավատում են ԽՍՀՄ վերածննդին: Հիմա Ադրբեջանում էլ որոշակի տրամադրություններ են ձևավորվել Եվրասիական միության ստեղծման առթիվ, ինչը սկսել է անհանգստացնել Բաքվին, քանի որ հրաժարվելով ստորագրել տնտեսական բովանդակության փաստաթղթի տակ` Ադրբեջանն իրեն արդեն վտանգում է, առաջ բերում Պուտինի զայրույթը: Հետևաբար, քայլեր կատարելով դեպի Ռուսաստանը` Ալիևը կամենում է միանգամից մի քանի քայլ լուծել և կանխել հնարավոր հուզումներն իր երկրում: Ձգտելով ձեռք բերել Ռուսաստանի համակրանքը` իրեն դնելով վասալական կախման մեջ, Ադրբեջանը նաև ջանում է պահպանել իր ամենաջերմ հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ առանց նրա ինքը չի կարողանա քայլեր կատարել համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Ավելին, Բաքվում շատ լավ հիշում են, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է որպես թուրքական նախագիծ և ամրապնդվել Լենինի ու Ստալինի կողմից: Հիմա Բաքվում երբեմն անկեղծանում և խոստովանում են, որ Թուրքիան չի կատարում իր բոլոր պարտավորություններն ու խոստումները, սակայն այստեղ այնքան վճռականություն չունեն, որ դեմ արտահայտվեն Անկարային, պահանջներ ներկայացնեն: Հետևաբար, ինչպես Ռուսաստանի դեպքում, Թուրքիայի հետ հարաբերություններում ևս Ադրբեջանը որդեգրել է վասալի կարգավիճակը` ծառայելով միանգամից երկու տիրոջ: Մենք լավ գիտենք, թե ինչ ճակատագիր են ունենում երկու տիրոջ ծառաները. կամ կորցնում են ինքնուրույնությունն ու վերածվում կամակատարի, կամ էլ վռնդվում են «աշխատանքից»: Ադրբեջանին «աշխատանքից վռնդվելու» վտանգ չի սպառնում, բայց ահա Թուրքիան կարող է վերջնագիր ներկայացնել իր կրտսեր եղբորն ու պարտադրել ծառայել միայն իր շահերին: Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայում առավել իրատես են, այնտեղ գիտեն, որ Ադրբեջանը երբեք չի կարող ազդեցիկ դերակատարություն ունենալ տարածաշրջանային քաղաքականության մեջ, քանի որ առկա է Ռուսաստանի գործոնը: Մոսկվան Բաքվին հպատակեցնելու և իր կամքը թելադրելու բազմաթիվ լծակներ ունի…. Արդեն իսկ ակնհայտ է, որ դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը իրեն դնում է պատանդի վիճակում` այլևս հնարավորություն չունենալով ռազմատենչ հայտարարություններ անել. մինչդեռ նրա գլխավոր զենքը հենց հայտարարություններն էին: Հիմա, իհարկե, Անկարայի դրդմամբ, Ադրբեջանը ՄԱԿ-ում ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիան ընդգրկվի ղարաբաղյան բանակցային գործընթացի մեջ: Սակայն նախագահող երկրների կողմից հնչել են հայտարարություններ` ձևաչափը չփոխելու մասին: Սա նշանակում է, որ երկու տիրոջ ծառա դարձած Ադրբեջանը հայտնվել է երկու քարի արանքում… Քաղաքագետներն այս վիճակը պատային են կոչում, չնայած դեռ մինչև պատայինին հասնելը` Ադրբեջանը կարող է գնալ դեպի խուսանավումները: Բայց ուր գնա, երբ նրան Թուրքիան ստիպում է առաջ շարժվել` չհուշելով, որ առջևում անդունդ է: Գուցե Թուրքիային ձեռնտու է այս վիճակը, որովհետև որքան թուլանա Ադրբեջանը, որքան շատ քննադատվի համաշխարհային հանրության կողմից, այնքան կբարձրանան թուրքական «ակցիաների» գները Ադրբեջանում: Կարելի է ենթադրել, որ նման սցենար գոյություն ունի թուրքական քաղաքականության մեջ: Եթե գոյություն չունենար, Թուրքիան նման մոլեռանդությամբ Ադրբեջանին առաջ չէր մղի …

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ