«ԲԱՆԱԿԸ ՄԵՆՔ ԵՆՔ »


Բազմաբնույթ են բանակ¬հասարակություն կապի սերտացմանն ու ամրապնդմանը միտված միջոցառումները: Պաշտպանական կառույցն ավելի ճանաչելի դարձնելու, ասեկոսեների վրա հիմնված թյուր պատկերացումները ցրելու, վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունն առաջին հերթին գիտակցում է ոլորտի ղեկավարությունը: Ուստի խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է: Տարբեր հասարակական կազմակերպություններ տարաբնույթ ծրագրերով հաճախ են հյուրընկալվում զորամասերում: Այցելությունների ընթացքում կենցաղային պայմաններին, առօրյային ծանոթանալը, զինվորների հետ տարվող զրույցներն, անշուշտ, որոշ չափով ցրում են սխալ պատկերացումներն ու ծայրահեղացված կարծիքները: Օրեր առաջ մեկնարկած «Երիտասարդ համալսարանականների միություն» հասարակական կազմակերպության և Պաշտպանության նախարարության համատեղ` «Բանակը մենք ենք» միջոցառումների շրջանակում շուրջ 60 ուսանողներ այցելեցին զորավարժարան` մասնակցելով կրակային պատրաստության դասընթացին: - Մեր նպատակն է ուսանողներին ծանոթացնել մարտական հերթապահությանը, հրաձգության կանոններին: Քանի որ մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, մեր երիտասարդները պետք է ծանոթ լինեն զենքին,¬ համոզված է ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանը: Բանակի նկատմամբ հետաքրքրությունն օրինաչափ է: Դրանով պայմանավորված` բնական է պաշտպանական կառույցն ավելի լավ ճանաչելու մղումը ևս: Նմանատիպ միջոցառումները լավագույնս ընձեռում են այդ հնարավորությունը: Հատկապես դեռ չծառայած երիտասարդները որոշ չափով հասու են դառնում բանակային կյանքին, սեփական տեսակետի վրա հիմնված պատկերացում են կազմում, որն էականորեն տարբերվում է բամբասանքների մակարդակով տարածվող տեղեկատվությունից: - Գալով այստեղ` ավելի ճիշտ կարծիք ենք կազմում բանակի մասին: Իսկ կրակելը, տղաների ու նաև հրամանատարների հետ շփումը հնարավորություն է ընձեռում` հետագայում ծառայության ընթացքում բանակային կյանքին ավելի հեշտ հարմարվելու տեսանկյունից,¬ հավաստիացնում է ԵՊՀ ուսանող Արսենը: Հատկանշական է, որ իրենց խանդավառությամբ աչքի են ընկնում նաև աղջիկները. - Այս միջոցառումները գործնական գիտելիքներ են տալիս: Այն ամենն, ինչ սովորում ենք դպրոցի բարձր դասարաններում և համալսարանում, ընդամենը թղթի վրա շարադրված գրվածքներ են, սովորում ենք քննություն հանձնելու համար: Իսկ գործնական գիտելիքները հիշվում և տպավորվում են: Քանի որ մեր սահմաններն այնքան էլ խաղաղ չեն, ինչո՞ւ ոչ, մենք ևս պետք է տիրապետենք զենքի կիրառման հմտություններին: Բացի դրանից, մեր աչքով ամեն ինչ տեսնում և հասկանում ենք, որ տարածված կարծիքներն ընդամենը չարակամների մտքի արգասիքն են,¬ ասում է բժշկական համալսարանի ուսանողուհի Ռիման: Այսպիսի հանդիպումները մեծ նշանակություն ունեն նաև զինառայողների համար: Մեր զրուցակիցները վստահեցրին, որ հաճելի է հասարակության ուշադրությունը, իսկ երիտասարդների հետ շփումները, միջոցառումները դրական լիցքեր են հաղորդում: - Այցելությունները զորամասեր կարևորվում են հասարակության կողմից բանակը ճանաչելու առումով: Սակայն դրանք զինվորին ևս շատ բան են տալիս: Ծանոթանում են, զրուցում, կարծիքներ փոխանակում: Որքան հաճելի է, երբ զինվորն ինքն է իր հասակակցին կրակել սովորեցնում,¬ համոզված է զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը: Անշուշտ, ոչ ոք չի կարող չողջունել այսօրինակ միջոցառումները, որոնք ոչ թե միտված են հերթական անհարկի շահարկումների համար թեմաներ որոնելուն, այյև զինվորի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելուն: Ի վերջո, յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումն ունենանք հասարակություն¬բանակ կապի սերտացման անչափ կարևոր գործում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ