ԱՆԱՊԱԳԱ ԸՆԹԱՑՔ


Մտահոգող է վիճակը Օպերային թատրոնի երկացանկում և օպերային բեմադրությունների ասպարեզում: Ինչպես օրերս ասաց ստեղծագործական հարցերով փոխտնօրենը, մեր ժողովուրդը թատրոն է սիրում, ամեն ինչում սիրում է թատերայինի դրսևորումը, ու այդ պատճառով էլ բոլորն օպերան առաջին հերթին ընկալում են որպես թատրոն` գործողության, սյուժեի, դեկորների և զգեստի համադրությամբ: Ճիշտ է, արվեստագիտության թեկնածու Նազելի Սարգսյանը, ով հմտացել է այս ասպարեզում, բալետն ու օպերան չի համարում երաժշտադրամատիկական իրողություն, այնուհանդերձ ի սկզբանե օպերան դիտարկվել է որպես երաժշտական թատրոնի բարձրարվեստ: Արդյո՞ք մեր օպերային երկացանկն այնպիսին է, որ հանդիսատեսը մղվի դեպի թատրոն և արդյո՞ք այսօր Թամանյանի նախագծով ստեղծված ճարտարապետական այս հզոր կառույցն առաջին հերթին թատրոն է ընկալվում… Եթե նայենք ազգային օպերային թատրոններին ներկայացվող պահանջների դիրքերից, ապա կարող ենք ասել, որ այստեղ հետևում են պահանջներին. երկացանկում ընդգրկել են ազգային օպերայի մի քանի լավագույն նմուշներ` «Անուշ», «Ալմաստ», «Արշակ Երկրորդ», «Սայաթ-Նովա»… Չուխաջյանի «Արշակ Երկրորդը» վաղուց հանդիսատեսին չի ներկայացվել, ժամանակին սուր քննադատության արժանացած «Անուշի» բեմադրությունը չի կարող հրապուրել և հետաքրքրել հանդիսատեսին` անգամ Անահիտ Մխիթարյանի հրաշալի կատարմամբ: Այս օպերաների կողքին տեղ են գտել «Տրավիատան», «Աիդան»… Թվարկումը կարող ենք դադարեցնել, որովհետև նման խղճուկ երկացանկ աշխարհի ոչ մի օպերային թատրոնում չկա: Երբ փորձեցինք տեղեկանալ, թե առաջիկայում ինչ է պատրաստվում բեմադրել թատրոնը` մեզ անորոշ պատասխաններ տվեցին: Այս անորոշության գլխավոր պատճառը հենց ծրագրի բացակայությունն է, իսկ ծրագիրը պիտի պատրաստի ու թատրոնին ներկայացնի նրա գեղարվեստական ղեկավարը: Մինչդեռ թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի: Իհարկե, երբեմն ազդագրերին երևում է երաժշտական ղեկավար հասկացությունը` ի դեմս Կարեն Դուրգարյանի: Սակայն մենք թատրոնում ճշտեցինք, որ նման հաստիք գոյություն չունի, իսկ Կարեն Դուրգարյանն էլ գլխավոր դիրիժորն է, ով տևական ժամանակ այդպես էլ որևէ ինքնատիպ ու հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես չի եկել: Գեղարվեստական ծրագրի բացակայությանը զուգահեռվում է ռեժիսուրայի բացակայությունը: Թատրոնի հաստիքացուցակում երկու բեմադրիչ կա` Ալիս Հեքիմբաշյան և Մարինա Սարգսյան: Թե վերջին անգամ ի՞նչ բեմադրություններ են նրանք արել` չհաջողվեց պարզել, փոխարենը` մենք կարդացինք Մարիո Կորրադիի անունը, ում «Աիդան» «մեռյալ թատրոնի» լավագույն նմուշն է, կատարյալ օպերային «խալտուրա», որի նմաններն այսօր աստիճանաբար հեռացվում են աշխարհի թատրոնների բեմերից: Ազգային ակադեմիական թատրոնը մի հսկա կառույց է` մոտ 400 աշխատակցով, բազմաթիվ ֆինանսական խնդիրներով: Տնօրինության գլխավոր մտահոգությունն այսօր աշխատավարձերի և բազմաթիվ այլ վճարումներն են: Եվ ամեն ինչ անելով` տնօրենը լուծում է այս խնդիրները, սակայն նա ստեղծագործական աշխատանքի պատասխանատուն չէ և պարտավոր չէ խաղացանկ ձևավորել: Գեղարվեստական ղեկավարի բացակայության պայմաններում մի տեսակ կրավորական է դառնում նաև գեղարվեստական խորհրդի գոյությունը: Այդ խորհուրդը շատ վաղուց նիստ չի գումարել, չի քննարկել ընթացքի խնդիրները: Թատրոնում խոսակցություններ կան «Մադամ Բատերֆլայ», «Գեղջկական պատիվ», «Լեբլեբիջի» օպերաների բեմադրությունների մասին. այդ օպերաներն իրապես կարող են հետաքրքրել հանդիսատեսին, ձևավորել ունկնդիր-թատրոն կապը, սակայն ամեն ինչ տակավին մշուշոտ է, ամեն ինչ օդում կախված… Ո՞վ է այս ամենին լուծում տալու, ո՞վ է մտահոգվելու գեղարվեստական կայուն քաղաքականությամբ: Ըստ էության` ոչ ոք, որովհետև թատրոնն իսկապես կորցրել է ընթացքը, մոլորվել անապագա ընթացքի բավիղներում… Ուստի հանրային գիտակցության մեջ այս թատրոնը ներկայանում է որպես մշակույթի պալատ, որը երբեմն-երբեմն նաև օպերային և բալետային ներկայացումներ է բեմադրում: Ստեղծված կացության համար դժվար է միայն մի մեղավոր գտնել: Մեղավոր են և´ Մշակույթի նախարարությունը, որի վարած քաղաքականությունը մնում է անհասկանալի, և´ թատրոնը, որն այդպես էլ չի ուզում փշրել կարծրատիպերը, վերջապես իր խոսքը հնչեցնել և պահանջ դարձնել ստեղծագործական խնդիրների քննարկումները: Մեղավոր են մեր երաժշտագետները, ովքեր այդպես էլ ձայն չեն բարձրացնում, հանրային քննարկումներ չեն ծավալում, անհանգստության շեփոր չեն հնչեցնում… Ու այս անտարբերության մեջ աստիճանաբար անէանում-անհետանում է մեր ազգային մեծագույն հարստություններից մեկը` Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը…