2. Ազատության չվերադարձված պարտքը


Այն պահին, երբ Բուլղարիան «բարիդրացիական հարաբերությունների» պայմանագիր էր կնքում Թուրքիայի հետ, նրանք անտարակույս տեղյակ էին Արևմտյան Հայաստանում եղեռն ապրող ժողովրդի ճակատագրին: 1915 թ. սեպտեմբեր ամիսն էր, ու վաղուց արդեն դիվանագիտական շրջանառության մեջ էր դրված դաշնակիցների` Հայկական կոտորածի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու Բ. Դռանը հղած նոտան: Նույն այդ օրերին Բուլղարիային զիջելով Ադրիանապոլիս քաղաքի կեսը, Դեդեագաչ ¬ Սոֆիա երկաթգծի թուրքական տարածքներով անցնող շուրջ 50 մղոն ուղի և էլի մեկ¬երկու փոքրիկ բնակավայր, Թուրքիան փրկագնվեց Բուլղարիայից` ապահովագրելով Կ. Պոլիսը հյուսիսից: Ու, ընդհանրապես, նման չնչին հողակտորի զիջումով Բուլղարիային դարձրեց իրեն դաշնակից: Ահա այդպիսին էր արյան մեջ խեղդվող մի ողջ ժողովրդի տառապանքների գինը` Բուլղարիայի իշխող վերնախավի աչքերում: Նրանք առավել, քան որևէ մեկ ուրիշը, լավ էին հասկանում իրենց կնքած գործարքի թողնելիք հետևանքները: Եվ դա նրանց կողմից կատարված միանգամայն գիտակցված ընտրություն էր: Առանց երկար¬բարակ խորհելու` սուր բարձրացնելով այնպիսի մի ահեղ տերության դեմ, ինչպիսին Ռուսաստանն էր, Թուրքիան միաժամանակ ահուդողով հետևում էր, թե ինչ վիճակ էր նետելու Բուլղարիան: Իրավիճակն իրոք որ ծայրաստիճան տարիմաստ էր. Ռուսաստանը, որ կարող էր թաթի մի հարվածով ջարդել կես¬Թուրքիան, ուժերի հաշվարկման պահին կշեռքի նժարին չէր դրել այնքան, որքան Բուլղարիան, որը 5 դար շարունակ տնքալով Թուրքիայի ծանր կրնկի տակ, միայն հրաշքով էր (ռուսական զորքերի տեսքով) հառնել ավերակներից և վերակենդանացել: Սակայն, 1915 թ. Թուրքիայի համար Բուլղարիայի դիրքորոշումն իրոք որ բախտորոշ նշանակություն էր ձեռք բերել: Թեև 1915 թ. փետրվար-ապրիլ ամիսներին անգլո-ֆրանսիական նավատորմի ճակատային գրոհը (առանց ցամաքային զորքերի աջակցության` ճեղքել Դարդանելը և դուրս գալ Կ. Պոլիս, անհաջողության էր մատնվել, սակայն թուրքական մայրաքաղաքի վրա կախված սպառնալիքն ամենևին չէր վերացել: Ապրիլի 25¬ին դաշնակիցները սկսեցին դեսանտային զորքերի ափհանումը Դարդանելի ափեր, և Գալիպոլիի թերակղզում ծայր առան կատաղի մարտեր, որի ելքից էր կախված թուրքական մայրաքաղաքի, նաև ողջ օսմանյան կայսրության ճակատագիրը: Եթե այդ պահին Բուլղարիան (որը կարող էր իր մարտական դրոշների տակ հավաքել բավականաչափ մարզված, Բալկանյան պատերազմներում փորձ ձեռք բերած շուրջ 500-հազարանոց բանակ) ելներ Թուրքիայի դեմ, վերջինիս կատարյալ պարտությունը օրերի հարց էր դառնում: Դեպքերի նման զարգացման պայմաններում Եռյակ համաձայնութ յան տերությունների տնօրինության տակ էր անցնում արևմտյան դաշնակիցներին Ռուսաստանի հետ կապող ամենակարճ ու կենսական նշանակություն ունեցող ծովային ուղին (Բոսֆոր-Դարդանել): Եվ միաժամանակյա, համատեղ հարվածով դաշնակիցները բոլոր հնարավորություններն ունեին` սեղմ ժամկետներում վերջ տալ մեծ պատերազմին: Ամենահետաքրքիրն այն էր, որ նույն արդյունքին` սեղմ ժամկետներում վերջ տալ պատերազմին, կարելի էր հասնել անգամ Բուլղարիայի զինված չեզոքության դեպքում: Այդ դեպքում թուրքերը ստիպված էին լինելու բուլղարական սահմանին թողնել 200 հազար զինվոր (Էնվերի իսկ խոսքերով)` հավանական հարձակումից պաշտպանվելու համար: Բնականաբար, նույնքանով էլ պակասելու էր Գալիպոլիի թերակղզում թուրք մարտիկների թիվը. հանգամանք, ինչն արդեն խիստ մեծացնում էր անգլո-ֆրանսիական արշավախմբի հաջողության հնարավորությունը: Եթե անգամ Բուլղարիայի զինված չեզոքության դեպքում անգլո-ֆրանսիական արշավախմբի արդյունքները լինեին այնպիսին, ինչպիսին եղան իրականում (1915 թ. նոյեմբեր¬դեկտեմբեր ամիսներին դաշնակիցները Գալիպոլիի թերակղզում իջեցված դեսանտը էվակուացրին Սալոնիկ` կորցնելով 100 հազար զինվոր և սպա, որոնցից 45 հազարը` սպանված, մնացածը` վիրավոր և հիվանդություններից, գլխավորապես մալարիայի համաճարակից շարքից դուրս եկած), ապա դա էլ չէր փոխի ոչինչ: Որովհետև` կտրված Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ռազմա¬տնտեսական օգնությունից, Թուրքիան կարճ ժամանակ անց կկանգներ լիակատար կրախի առջև և բառիս բուն իմաստով` մեկ արկ իսկ չէր ունենա կրակելու: Այս բոլորը հաշվի առնելով` չափազանցություն չի լինի ասել, որ 1915 թ. աշնանը բուլղարական կառավարության ձեռքին էր պատերազմի տևողությունը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում: Ինչպես արդեն ասել ենք, Թուրքիան չնչին հողակտոր զիջելով` փրկագնվեց Բուլղարիայից: Միաժամանակ, համաձայնելով Մակեդոնիայի անմիջական գրավման Բուլղարիայի ցանկությանը, Եռյակ դաշինքի տերությունները վերջնականապես ներքաշեցին նրան իրենց ազդեցության ոլորտ: Ավստրո-հունգարական զորքերի նոր, ընդհանուր հարձակմանը նեցուկ կանգնեց նաև Բուլղարիան` հոկտեմբերի 15¬ին իր 300-հազարանոց բանակը նետելով Սերբիայի դեմ: Սերբական արյունաքամ բանակի թուլացած ձեռքերից կորզելով Մակեդոնիան` նա իր գործը համարեց ավարտված: Դրանից հետո մեծ դժկամությամբ մասնակցելով գործողություններին, երազում էր միայն, որպեսզի ամեն ինչ որքան հնարավոր է շուտ հանդարտվի, և իրենք մնան իրենց ավարով: Այս ամենը հետաձգեց Ռումինիայի և Հունաստանի մասնակցությունը պատերազմին և, որ շատ կարևոր է, ապահովեց Բեռլին¬Կ. Պոլիս երկաթուղու անարգել ու անվտանգ շահագործումը` իր բոլոր բացասական հետևանքներով: Դժվար չէ եզրակացնել, թե որքան կործանարար եղավ այս ամենը հայ ժողովրդի արևմտյան, դեպքերի հետագա զարգացմամբ նաև` արևելյան հատվածների համար: …Բուլղար ժողովրդին ազատություն և ապագա նվիրած Ալեքսանդր II¬ի ժառանգը` ռուսական կայսրության բոլոր ժամանակների լավագույն միապետերից մեկը` Ալեքսանդր III¬ը, բնականաբար չտեսավ այդ ամենը: Բայց այն ճանապարհը, որով Բուլղարիան գնում էր դեպի դավաճանություն, անցավ նրա աչքերի առջևով: Եվ այն լիակատար անտարբերությունը, որ նա դրսևորեց թուրքական տիրապետության տակ հեծող ևս մեկ քրիստոնյա ազգի նկատմամբ, միայն մեկ անուն ուներ` «Բուլղարիա»: Իսկ որ այդ ամենը ինչ¬որ թյուրիմացության արդյունք չէր, այլ սառը կշռադատված քաղաքական գիծ, Բուլղարիան ապացուցեց նաև 2¬րդ համաշխարհային պատերազմի ժամանակ` երկրորդ անգամ նույն դանակը խրելով իր ազատարար Ռուսաստանի (ԽՍՀՄ¬ի) թիկունքը:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ