Մեր օրերի ոչ եռանկյունաձև դարբնոցը


Դարբնությունը դեռևս հնագույն ժամանակներից մարդու մշտական ուղեկիցն է եղել: Մետաղների պաշտամունքը` որպես ուժի ու ամրության խորհրդանիշ, գալիս է վաղնջական ժամանակներից: Հայկական դիցաբանությունում դրա լավագույն օրինակը Մասիսի վիհերում շղթայված Արտավազդ արքայի մասին լեգենդն է, երբ դարբինները կռում ու ամրացնում էին շղթաները` չար ոգին վիհում հավերժ փակված տեսնելու ձգտումով: Մարդկության պատմության հետագա ընթացքում էլ դարբնագործությունն իր տեղն է գտել` որպես երկրագործության հիմք: Իսկ 19-րդ դարից Գյումրին հռչակվել է որպես Անդրկովկասի դարբնագործության կենտրոն` դարբինների իր հայտնի գերդաստաններով: Վերջին ժամանակներում հատկապես մեծ է գեղարվեստական դարբնագործության պահանջարկը: Կռած մետաղե գեղարվեստական հորինվածքները բավական բարձր են գնահատվում մեր օրերում: Վարպետ Մկրտիչի խոսքով` լավ պատրաստված դապասը մոտ 3000-5000 դոլար արժե: Ու եթե նախկինում ժողովրդական արհեստի այս տեսակ արտադրանքը հասանելի էր բոլորին, ապա հիմա այն դարձել է բացառապես ունևոր խավի մենաշնորհը: Մետաղակտորների ու ձողերի անկանոն շարքեր, զարդանախշվող կիսավարտ դարպաս ու պատրաստի բազրիքների տեսականի: Սա դեպի դարբնոց միայն առաջին հայացքի տպավորությունն է: Ապա բոցկլտացող քուրա, այն անմար պահելու համար ածուխ, ժամանակ առ ժամանակ բարձրացող թանձր գոլորշի… Այսպիսին է վարպետ Մկրտիչի դարբնոցը: Չէ, խոսքը բնավ էլ հայտնի ֆիլմի 5 Մկրտիչներից մեկի մասին չէ, ոչ էլ` նրանց եռանկյունի դարբնոցի: Նա մեր օրերի դարբիններից է` իր քառանկյուն դարբնոցով: Ու հնագույն արհեստն այս տոհմում էլ ամուր հիմքեր ունի: Արհեստի հմտությունները պապերից անցել է որդիներին ու թոռներին, օրեցօր ծաղկել ու կատարելագործվել: Ընտանեկան դարբնոցն այսօր ավելի քան 60 տարվա պատմություն ունի: -Հայրս Գյումրիում շատ հայտնի էր: Հովհաննես էր անունը: Էն ժամանակ ինքն էր ու մեկ էլ մի քանիսը: 11 տարեկան էի, երբ հայրս գնացել էր Լենինգրադ` Էրմիտաժի լուստրը սարքելու…,- հիշում է նա ու շտապում ավելացնել,-շա˜տ երկար էր, մոտավորապես 11 մետր: - Ըսիկ շատ բարդ արհեստ է, ինչքան էլ տարիքդ առնիս, գործ էնես, մեկ է, էլի տեղ կա սորվելու: Չնայած էս արհեստով զբաղվող ջահելները հմի շատ են շատըցել: Բայց դե իրանց էրածը էն չէ,-վստահեցնում է զրուցակիցս:-Երկրաշարժից առաջ էս արհեստը մենակ Լեննագանում էր զարգացած, բայց հմի… մենակ Մոսկվայում 150-ից ավել արհեստանոց կա…. Հմի շատ-շատ են ու բոլորն էլ հայեր… Դարբնի խոսքով` աշխատանքը սկսվում է տեղանքի ուսումնասիրությունից ու չափագրումներից: Հետո ընտրում են նախշերը, նախնական գծագրում կատարում ու անցնում գործի: Առանձին-ա ռանձին պատրաստված նախշազարդերն արդեն պատրաստի վիճակում ամրացվում են հիմնական առարկային: Ժամանակակից դարբնագործությունն այսօր մի կարևոր առանձնահատկություն ունի. դա մետաղի սակավ գործածությունն է, ինչը աշխատանքին հաղորդում է թեթևություն, իսկ տարբեր գունանյութերով դրանք ավարտուն տեսքի բերելն արհեստի նոր առանձնահատկություններից է: - Շատ կսիրեմ պղինձով աշխատել ու ոչ թե օր ճկուն, փափուկ է, այլ իր բնական գույնով ու փայլով մե տեսկմ տրամադրություն ստեղծող մետաղ է: Բայց ըսեմ` հիմա շատ հազվադեպ պղնձե իրեր կպատվիրեն. ամենաթանկարժեք պատվերներից է: Օրինակ վերջերս, որպես խոհանոցի զարդարանք, երկու կաթսա պատրաստեցի: Աշխատանքս երկու շաբաթ տևեց. պղինձն ընձի հնարավորություն կուդա ավելի ազատ ստեղծագործել: Թեև մեր զրուցակից դարբին Մկրտիչը հայտնի վարպետ Մկրտիչների հետ առնչություն չունի, այդուհանդերձ հայտնի ֆիլմի նկարահանումը ուղղակի և անուղղակի կապվել է թե´ իր հոր, թե´ դարբնոցի հետ: Սկզբում ֆիլմը ցանկացել են նկարահանել իրենց այս դարբնոցում, բայց քանի որ այն նոր էր վերանորոգվել, որոշում են նորը կառուցել` հատուկ ֆիլմի համար ու նկարահանումից հետո էլ քանդել են: Եվ նրա հայրն է դերասաններին ու ռեժիսորին արհեստի նրբություններն ու առանձնահատկությունները սովորեցրել: Հանրահռչակ Մհեր Մկրտչյանի հետ կապված դրվագն էլ ֆիլմում հոր պատմածներից շատ հստակ է հիշում. -Ֆռունզիկը չայ խմելու ժամանակ երկաթը տաքցրել է ու մտցրել բաժակի մեջ: Ուզեցել է հին գյումրեցիների նման չայը տաքցնե, բայց ըդիկ ճիշտ չէ, էլի, շատ անդուր համ կունենա: Ու պապաս ըդոր համար իրան նկատողություն կեներ: Դարբնոցից թեև ահագին հեռացել էի, բայց մուրճերի ձայները շարունակում էին ազդարարել արվեստ դարձած արհեստի գործերի ծնունդը, ու հեռվից հազիվ նշմարելի լսեցի վարպետ Մկրտիչի ձայնը. -Այ բալա, կրակի մեջ ածուխ լից, կմարի…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ