Սուրճն, այնուամենայնիվ, օգնում է


Համենայն դեպս` ամերիկյան գիտնականներն ասում են, թե օրական մի քանի գավաթ սուրճ խմող կանայք ավելի քիչ են ընկճվածության (դեպերսիա) ենթարկվում: Այսպիսի եզրահանգման պատճառները նույնիսկ դրա հեղինակները չգիտեն, սակայն հետազոտողները կարծում են, որ կոֆեինը կարող է ազդել ուղեղում քիմիական պրոցեսների վրա: Կոֆեին չպարունակող սուրճն, իհարկե, այդ ազդեցությունը չի ունենում: Այսինքն, խոսքը վերաբերում է անարատ սուրճին, որի գոյությունը մեզանում խիստ կասկածելի է: Archives of Internak Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքները հիմնված են այն փորձարարության վրա, որին մասնակցել են ավելի քան 50 հազար ամերիկացի բուժքույրեր: Այսուհանդերձ, ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ նույն փորձագետները դեռևս խորհուրդ չեն տալիս ոգևորվել և ավելացնել սուրճի չափաքանակը: ՍՈՒՐՃ, ԾԽԱԽՈՏ ԵՎ ՈԳԵԼԻՑ Հարվարդի համալսարանին առընթեր բուժհետազոտությունների դպրոցում 10 տարի անընդմեջ հետևել են 2600 կանանց առողջությանը: Նրանց մեծ մասը կամ ընդհանրապես սուրճ չեն խմել, կամ օգտագործել են սահմանափակ չափով: Շաբաթվա ընթացքում 1 գավաթ սուրճ խմողների համեմատ` օրական 2-3 անգամ այդ ըմպելիքն օգտագործողների մոտ դեպրեսիայի վտանգը 15 %¬ով, իսկ օրական 4 գավաթ սուրճ խմողների հակվածությունը` 20 %¬ով պակաս է եղել: Սրճասեր կանայք ավելի հակված են եղել ծխախոտին ու ոգելիցների օգտագործմանը: Նրանց անհամեմատ քիչ է հետաքրքրել եկեղեցի այցելելը` բարեգործական գործունեությունը կամ տեղական համայնքին օգնելը: Փոխարենը` նրանք հազվադեպ են տառապել ճարպակալումից, արյան բարձր ճնշումից ու շաքարախտից: