Քաղաքագիտությունը` դիլետանտների կրունկների տակ


«Տարուբերվելով» ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան շահերի առանցքում, աշխարհաքաղաքական գործընթացները վերջին 1-2 տարիներին սուր զարգացումների տեսքով «կենտրոնացան» Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Ներկա դրությամբ ամենապայթյունավտանգ կոնֆլիկտները մի կողմից` ԱՄՆ-Իրան, մյուս կողմից` Ռուսաստան-Վրաստան հակամարտություններն են: Կարծես ճակատագրի չար խաղ լինի, կամ էլ, ինչպես սովորաբար ասում են` «հայի բախտ»: Արևելքից և Արևմուտքից շրջափակված Հայաստանը դատապարտված է` աշխարհի հետ հաղորդակցվել միայն հյուսիսով ու հարավով: ԱՄՆ-Իրան պատերազմի պարագայում կփակվի հարավային ճանապարհը, Ռուսաստան-Վրաստան պատերազմի դեպքում` հյուսիսայինը: Ի՞նչ է կախված Հայաստանից` արտաքին քաղաքական մարտահրավերները դիմագրավելու համար: Ճիշտ է, բուն վտանգը հիմնականում սպառնում է մեր հարևաններին, բայց ՀՀ-ն կարող է դրանից նույնքան, նույնիսկ ավելի տուժել: Ինչպե՞ս կարող է Հայաստանը ներազդել այնպիսի հզոր գերտերությունների վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Ավելորդ է ասել, որ այսօր առավել, քան երբեք, մեր իշխանություններից պահանջվում է մեծ զգուշություն և ճկունություն: Փոքր-ինչ անհեռատես և չհաշվարկված քայլն անգամ կարող է պատճառ դառնալ, որ կրկին, ինչպես անցյալ դարասկզբին, ընկնենք այս կամ այն գերտերության կրունկի տակ: Իշխանությունները կարծես թե հասկացել են տարածաշրջանում ստեղծված չափից դուրս բարդ իրադրության նրբերանգները, այլապես վտանգներից խուսափելու ճիշտ ճանապարհից կարող էին շեղվել` կատարելով կտրուկ և ժամանակավրեպ քայլեր, ինչին նրանց դրդում են որոշ վայ-քաղաքագետներ: Պարզվում է` հայ քաղաքագիտական միտքը մեկ դար առաջվա մակարդակից (ինչը, խիստ ցածր էր) այս կողմ չի անցել: Դիցուք` քաղաքական մտքի այսօրվա «տիտանները» ռուս-վրացական սրված հարաբերությունները մեկնաբանելիս` իշխանություններին քննադատում են, թե ինչու Հայաստանը միջնորդի դեր չի ստանձնում և չի փորձում հարթել հակամարտությունը: Մի՞թե կարելի է լինել քաղաքականությունից այնքան բոբիկ` չհասկանալու համար, որ եթե Ռուսաստանի վրա բացարձակ ոչ մի ազդեցություն չեն գործում ԱՄՆ-ի պես հզոր տերության «բարեկամական» հորդորները և միջնորդության առաջարկները, ապա ինչպե՞ս Հայաստանի միջնորդության ցանկությանը կարող է ընդառաջել Ռուսաստա նը: Սույն վերլուծաբանները հակադիր ու ծայրահեղ այլ առաջարկներ էլ են առաջ քաշում: Մի մասը գտնում է, որ Հայաստանը պետք է ոչ միայն միջնորդական առաքելությամբ հանդես գա, այլև օգնության ձեռք մեկնի հյուսիսային հարևանին: Մյուս մասն էլ, հակառակ ծայրահեղության մեջ է ընկնում` տուրք տալով Զատուլինի հայտնի հայտարարություններին, գտնում է, որ ՀՀ-ն իր ռազմավարական դաշնակցի հետ համատեղ, Վրաստանի նկատմամբ պետք է կիրառի նույնքան կոշտ մարտավարություն: Սակայն, ամենազավեշտալին ընդդիմադիր ճամբարի արևմտամետ թևը ներկայացնող քաղաքական գործիչների և մեկնաբանների ցնցումա-կաթվածային արձագանքն է հայ-ռուսական յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումներին: Այս տեսանկյունից բացառություն չկազմեց ՀՀ նախագահի աշխատանքային այցը Մոսկվա և հանդիպումը Վ. Պուտինի հետ: Վերջ կոմպլեմենտարիզմին. առանց դույզն ինչ ձանձրույթի նշույլի, արդեն հազարերորդ անգամ արձանագրեցին արևմտամետները` չմոռանալով նույնքան անգամ շեշտել, որ Հայաստանը վերածվել է Ռուսաստանի վասալի, այլևս ինքնուրույն քաղաքականություն չի վարում և կատարում է միայն Ռուսաստանի թելադրանքները: Դիցուք` «նախկինների» խոսափող, «հիվանդագին» արևմտամետ Ստեփան Գրիգորյանը պնդում է, թե շփվելով միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ, հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի կարծիքն իրականում այլևս հետաքրքիր չէ ոչ մեկին: «Բայց ինչու այդպե՞ս»,- հարցրել է «կարկառուն» քաղաքագետը: Եվ բոլորի պատասխանը իբր նույնն է եղել. «Քանի որ Հայաստանին առնչվող ցանկացած հարց ի վիճակի ենք կարգավորել Մոսկվայում, ի՞նչ իմաստ ունի լինել Երևանում»: Ինչպես ասում են, կեղծիքն էլ չափ ու սահման պետք է ունենա: Օր չի լինում, որ Հայաստան չայցելեն տարաբնույթ միջազգային կազմակերպությունների պատվիրակություն ներ, ղեկավարներ: Նույն տրամաբանությամբ, միայն վերջերս, պետական-պաշտոնական այցով Հայաստան այցելած Ֆրանսիայի և Ռումինիայի նախագահները «սխալ» էին ընտրել իրենց երթուղին: Նրանք ոչ թե Երևան պետք է գային, այլ միանգամից մեկնեին Մոսկվա` Հայաստանի հետ հարաբերությունների հարցը այնտեղ լուծելու: Սույն քաղաքագետը այնքան է խորացել ռուսատյացության մեջ, որ «միամտորեն» հավատում է, հավանաբար նույն իր մակարդակը ունեցող վրացի քաղաքական գործիչներին, թե իբր Կարս-Ախալքալաք երկաթգիծը կառուցվելու է այն պատճառով, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանը բացվելու գործում: Ավելի հեռուն գնալով, հայ արևմտամետների տիպական այս կերպարը փոխլրացման քաղաքականությունը համարում է ընդամենը ֆիկցիա: «Այսօր միանշանակ պարզ է, որ ներկա իշխանությունները Ռուսաստանի վասալն են: Էլ ի՞նչ կոմպլեմենտարիզմ: Ասել է` նույնիսկ իրենց տերմինաբանությամբ եթե խոսենք, ապա ստիպված ենք փաստել, որ ներկա իշխանությունները դավաճաններ են»: Ուրեմն` էլ ի¯նչ Եվրախորհուրդ, Եվրամիության հետ ընդլայնված ի¯նչ հարևանություն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ի¯նչ խորացում: ԱՄՆ-ն էլ հարիֆ երկիր է, որ Ռուսաստանի վասալ Հայաստանին ընդգրկում է «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում և օգնում իրեն արմատապես դավաճանած պետությանը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվի Հայաստանը, եթե սույն «քաղաքագետներին» սնող քաղաքական ուժերը մի օր գան իշխանության: Վրաստանի այսօրվա ողբերգական վիճակին երանի կտանք: Եվ մեր հարևան երկրին սպասվող էլ ավելի վատթար վիճակը կհամարենք դրախտային: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության կոմպլեմենտարիզմի իբր թե կեղծությանը և ՀՀ իշխանությունների անուղղելի ռուսամոլությանը, ինչը անընդհատ թմբկահարում են Արևմուտքի «լույսից» կուրացած վայ-քաղաքագետները, ապա նրանց խորհուրդ կտայինք գոնե մի փոքր ուշադիր հետևել քաղաքական անցուդարձերին և հիշել, օրինակ, որ ընդամենը երկու տարի առաջ մեր տարածաշրջան այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ արտահայտվեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ հիմնելու մասին: Ըստ այդ հայտարարության` առնվազն առաջիկա 4 տարիներին ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա այդ ուղղությամբ որևէ քայլ կատարելուց: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին վերաբերող այնպիսի հետաքրքիր հայտարարություն արեց, որը չպետք է վրիպեր իրենց քաղաքագետ երևակայողների ուշադրությունից: Դրա մեխն այն էր, որ ՀՀ-ն հաջողությամբ կարող է համատեղել անվտանգության տարբեր համակարգերի հետ համագործակցությունը: Այսինքն` լինելով ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, համագործակցել նաև ՆԱՏՕ-ի հետ: Ինչն էլ առանց «կուրսից» շեղվելու իրականացնում են ՀՀ իշխանությունները: Պարզվում է, որ ԱՄՆ-ն ընդունում է հայկական կոմպլեմենտարիզմի սկզբունքները, «ըմբռնումով» է վերաբերվում Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին, իսկ մեր արևմտամետ «քաղաքագետները» ԱՄՆ-ից ավելի ամերիկամետ են, այդ գերտերությունից ավելի ռուսատյաց: Ասել է թե` Պապից էլ ավելի կաթոլիկ: Հետո էլ զարմանում ենք, որ հայկական դիվանագիտությունը հարյուրամյակներ շարունակ միայն պարտություններ է կրել: Հույս ունենանք, որ առկա աշխարհաքաղաքական բարդագույն իրադրությունում իշխանությունները կուլ չեն գնա «ոտաբոբիկ» քաղաքագետների փանջունիական սպառնալի քննադատություններին և չեն շեղվի հավասարակշիռ գործողություն ների ճանապարհից:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ