«Որպես անհաս փառքի ճամփա»


Մարդկության զարգացումը միշտ էլ ընթացել է ինչ-որ մի «անհասի» հասնելու անզուսպ մղումով: Այս առումով բացառություն չենք նաև մենք: Մեր ժամանակի «անհասն» էլ «մաքուր, արդար ու թափանցիկն» է, որի մասին խոսում են երկրիս քաղաքական երկնակամարի մեծ ու փոքր բոլոր աստղերը: Վերջերս այս «հիթ շքերթին» միացավ նաև ՀՅԴ-ն` առաջարկելով ստեղծել բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված մի շտաբ, որը կվերահսկի ընտրությունների ընթացքը: Թե արդյունավետության ի՞նչ աստիճան կունենա նման մարմնի աշխատանքը և ընդհանրապես, ո՞ր դաշտում պետք է գործի այն, երբ ոչ մի օրենքով նախատեսված չի, թողնենք մի կողմ: Նկատենք միայն, որ մի փոքր անհասկանալի պահ կա հարցի դրվածքի մեջ: Երբ ընդդիմությունն է խոսում ու մտածում վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մասին, հասկանալի է, սա տակտիկա է, որը ձեռնտու է նրան բոլոր առումներով: Նախ, սա հող է, որի շուրջ կարելի է համախմբել ցաքուցրիվ եղած ուժերը, երկրորդ` անգաղափար ու անբովանդակ անցկացվելիք ընտրությունների անհաջող ելքը կարելի է բարդել «անարդար, անմաքուր ու անթափանցիկի» հետ: Այս դաշտում ո՞րն է ՀՅԴ-ի դերը, երբ նա երբևէ ակնարկ անգամ չի արել ընտրությունների կեղծված արդյունքների կամ դրանց ոչ լեգիտիմության մասին: Որոշ իմաստով կարելի է հասկանալ իհարկե նրա անհանգստության պատճառը: Կորցնելով Նախագահի քաղաքական հենարանը լինելու արտոնյալ դիրքը և հայտնվելով երկու հզորների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մրցակցային դաշտում, նա ստիպված է ատամներով պահել գոնե սեփական կուսակիցների ձայները, որոնց կայունությունն էլ դարձել է խիստ հարաբերական: Որոշ տեղեկություններով սկզբնական կազմակերպություններում խիստ դժգոհություններ կան ՀՅԴ վերնախավից, ընթացիկ գումարման պատգամավորական կորպուսից, որ չկարողացան որևէ շոշափելի օգուտ բերել կուսակցության հեղինակությանը: Նախընտրական խոստումներից կոռուպցիայի դեմ պայքարը պոռոտախոս հայտարարություններից այն կողմ չանցավ, իսկ սոցքարտերի հետ կապված տխրահռչակ պատմությունը (ի դեպ` սկսվել է քարտերի զանգվածային վերադարձ) միայն մեծացրեց դժգոհությունների ալիքը: Եթե սրանց էլ գումարենք այն փաստը, որ դժվար է մոգոնել գաղափարներ, որոնք կարող են մրցակցել ընտրողների ցորենակարտոլային «համոզմունքների» հետ, ապա միանգամայն հասկանալի է, որ մնում է որդեգրել օեկաբարո պահվածք` փորձել իշխանության մեջ լավ իշխանություն երևալ, հետագայում «հերոսանալու» հող նախապատրաստելով: Հ. Գ. Հիշենք, որ 90-91-ական թվականներին մենք ունեցանք մաքուր, արդար ու թափանցիկ և° խորհրդարանական, և° նախագահական ընտրություններ: Բայց մեկ տարի անց դուրս եկանք փողոց ու գոռացինք. «Լևո°ն, հեռացի°ր»: Նույն կերպ Վրաստանում Շևարդնաձեն, իսկ Ղրղըզստանում Ասկար Ակաևը գահընկեց արվեցին, բայց, չգիտես ինչու, այդ երկրներում էլ արեգակը առանձնակի երջանկությամբ չի փայլում, եթե չասենք` հակառակը: Իսկ գուցե մեր խնդիրների լուծումը բնավ էլ դա չէ՞: Շատ վաղուց, երբ մի անգամ ժողովրդին ընտրելու հնարավորություն տվեցին, նա «մաքուրով» ընտրեց Բարաբային, իսկ Քրիստոսին խաչեց: Կարելի՞ է մտածել, որ մեր «անհասը» ոչ թե «մաքուր»-ն է, այլ Քրիստոսին Բարաբայից զանազանելը, որպեսզի նորից նա «չխաչվի», այս անգամ Հայաստանում ու մեր ձեռքերով: