ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿ ԶԻՆՎՈՐԸ


ՀՀ Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ անկեղծ զրուցակից է ու շատ հետաքրքիր է պատմում: Նրա ձևակերպումները, կարծիքները ինքնատիպ են, մտածողությունը` կաղապարներից դուրս, գեներալը չի ընդունում ակնարկներով ասված խոսքը, նրա համար ճշմարտությունը միայն մի դեմք ունի: - Պարոն գեներալ, Դուք այն զորականներից եք, ում առանց երկմտելու կարելի է կենդանի լեգենդ անվանել: Ձեր անունը կապված է մի շարք բախտորոշ ճակատամարտերի հետ, որոնք ոսկե տառերով են գրվելու հայ ռազմարվեստի պատմության մեջ: Եվ, կարծում եմ, շատերը կցանկանան իմանալ, թե ովքե՞ր են Ձեր նախնիները, ինչպիսի՞ն էիք Դուք մանկության տարիներին, ի՞նչ ճանապարհ եք անցել: - Հայրս ղարսեցի էր, տերտերի տղա: Գաբրիելը` պապիս հայրը, նույնպես հոգևորական է եղել, ծառայել է Վանի եկեղեցում, և 1885 թ. թուրքերը ոչնչացրել էին նրա ընտանիքն ու բազմաթիվ հայերի` եկեղեցում վառելով: Փրկվել էին միայն Գաբրիել պապս և քույրը` Մարգոն: Նրանք մեծացել էին ազգականների տանը, շատ զրկանքներ էին տեսել, իսկ 1918-ին, երբ ռուսական բանակը թողել էր Ղարսը, պապս ու իր քույրը փախել էին Անի և հաստատվել Խարկով գյուղում: Պապս դարձել էր գյուղի քահանան և շարունակել հոգևոր ծառայությունը: Պապս շատ հայտնի մարդ է եղել, հռչակված իբրև հեքիմ: Մեկ աղջիկ, չորս որդի է ունեցել, որոնցից մեկն էլ հայրս է: Արտավազդ հորեղբայրս զոհվել է հայրենական պատերազմում, հայրս վիրավորվել է և գերի ընկել: Գերությունից վերադառնալուց հետո նա հրաշքով է փրկվում դատարանից, սակայն չի կարողանում աշխատանք գտնել: Նախքան պատերազմ գնալը թատրոնում էր աշխատում, դեկորների վարպետ էր, գերությունից հետո ստիպված եղավ անասուն պահել: Մենք այդ ժամանակ Թիֆլիսում էինք ապրում: Հորս հանդեպ վերաբերմունքը գրեթե թշնամական էր, ու նա ստիպված էր շատ զգուշավոր լինել: Հիշում եմ` մեր ունեցած-չունեցած մի հատիկ կովի համար գոմ էր սարքել բակի մեջտեղում: Երբ ասում էին` Հովհաննես, ինչո՞ւ գոմդ բակի ծայրին չի, այլ մեջտեղում, պատասխանում էր` որ հարևաններից ոչ մեկին վնաս չտա: Այդ կովն իմ աչքի գրողն էր. պիտի առավոտ շուտ արթնանայի և կաթը վաճառեի Թիֆլիսի շենքերում: Նկատել էի, որ կարդալու ժամանակ ինձ ոչ ոք գործի չի դնում, բայց բավական է գիրքը ձեռքիցս ցած դնեմ, մի հանձնարարություն տալիս են: Որ էդ կովից ու կաթից հեռու մնամ, ստիպված ամբողջ օրը կարդում էի: - Փաստորեն, կովը շատ ավելի մեծ օգուտ է տվել, քան ամենօրյա կաթն ու մածունը: - Հենց էդ էլ ասում եմ. սկսեցի փայլուն սովորել, մեծ հաջողություններ ունեի մաթեմատիկայից, օլիմպիադաների էի մասնակցում: Նույնիսկ մի անգամ առաջարկեցին ազգանունս փոխել-դարձնել Թադաշվիլի ու մասնակցել մաթեմատիկայի համամիութենական օլիմպիադայի: Անկեղծ ասած, համաձայնեցի, բայց մի ծանոթ ունեինք` վրացական ազգանունով, նա հորս խորհուրդ տվեց չփոխել որդու ազգանունը, պարզվեց` ինքը ազգանունը փոխած հայ է ու շատ է զղջում արածի համար: - Իսկ բնավորությամբ ինչպիսի՞ն էիք: - Անկարգ ու կռավարար: Կրծքավանդակիս վրա մինչև օրս մնացել է դանակի հարվածի տեղը, որ դպրոցական տարիներին եմ ստացել: Լավ կռվող էի, էնքան էի զույգ դույլերով կաթ կրել, որ մկաններս պնդացել էին, մի քիչ էլ բոքս պարապեցի ու դարձա փողոցային կռիվների առաջին դեմքերից մեկը: Տանը չորս երեխա էինք` երկու եղբայր, երկու քույր, եղբայրս պապիս էր քաշել, հանգիստ էր, հնազանդ մտածող: - Ռինգո՞ւմ էլ էիք լավ կռվում: - Հա, մեդալներ ունեմ, հետո մենակ բոքս չէի պարապում, նաև` թեթև ատլետիկա, երկար տարածության ամենալավ վազողն էի: Մի դեպք պատմեմ. Բաքվի ռազմական ուսումնարանում սովորելիս մեր` համազորային ուսումնարանը մրցում էր ծովային ուսումնարանի հետ: Մեր կուրսանտներից մեկը հանկարծ հիվանդացավ, և ինձ առաջարկեցին փոխարինել նրան: Ես երկար ժամանակ` 4-5 տարի, չէի մարզվել, բայց համաձայնեցի: Ծովային ուսումնարանից մրցակիցս նույնպես հայ էր: Հենց առաջին ռաունդում նոկաուտ արեցի: Այնպես որ, ռինգում էլ էի լավ կռվում: Վատն էն էր, որ ուսուցիչների հետ յոլա չէի գնում, ինձ հաճախ դասարանից դուրս էին անում: Մի օր էլ ծնող կանչեցին: Մտածեցի` ավելի լավ է տատիս տանեմ, քանի որ նա ռուսերեն չէր հասկանում, իսկ ես ռուսական դպրոց էի գնում: Տատս իրիցկին էր ու շատ հարգված էր: Դպրոց մտավ տարազով, բերանը կապած, ողջ շուքով: Տնօրենն սկսեց բողոքել ինձնից, ասել, որ անկարգ եմ, չարություն եմ անում, դասերը խանգարում եմ: Տատս լռում էր, գլխով անում: Երբ դպրոցից դուրս եկանք, հարցրեց, թե ինչ էր ասում տնօրենը: Ասի` «Ի՞նչ պիտի ասեր, ասում էր` շատ լավ թոռնիկ ունեք, լավ սովորում է, խելոք է, բայց ամոթ չի՞, որ էս լավ երեխային հնամաշ շորերի մեջ եք պահում, էս ի՞նչ է սրա կոշիկները, սրա շալվարը: Մեղք չի՞»: Տատս հորս պատմեց, հայրս էլ ձեռքիցս բռնեց, տարավ խանութ: Ինձ նոր շորեր առավ: Բայց վատն էն էր, որ տուն գնալու փոխարեն, որոշեց գալ դպրոց ու անձամբ խոսել տնօրենի հետ, ասել, որ նրա խորհուրդը լսել է ու իր խելոք տղայի համար նոր շորեր է առել: Հենց տնօրենը հորս տեսավ, սկսեց նույն բողոքները: Հայրս ամեն ինչ հասկացավ, ինձ էնպես ապտակեց, որ մռութս արյունլվա եղավ, ու ստիպված եղան բժիշկ կանչել: Ինչեր ասես չեմ արել. մրգերով բեռնված մեքենաները կամրջի տակով անցնելիս ընթացքը դանդաղեցնում էին, ու էդ ժամանակ մի քանի արկղ թռցնելը խաղուպար էր մեզ համար: - Իսկ ինչպե՞ս որոշեցիք զինվորական դառնալ: - Փոքրուց էի սիրում: Իմ կուռքը ադմիրալ Իսակովն էր: Հայրս հայ զորականների մասին գրքեր էր հավաքում, բոլորը կարդացել էի: Դպրոցն ավարտելուց հետո ցանկացա ընդունվել Բաքվի ծովային զինվորական ուսումնարան, սակայն պարզվեց` տեսողությունս լավ չէր: Կովի պատճառով էնքան գիրք էի կարդացել, տեսողությունս փչացել էր, էդ ժամանակ հորեղբայրս զինկոմիսարիատում էր աշխատում: Նրա օգնությամբ ու խորհրդով ընդունվեցի Բաքվի համազորային ռազմական ուսումնարան: - Ռազմական ուսումնարանը փոխե՞ց Ձեր բնավորությունը: - Նայած ինչ առումով: Խորհրդային գաղափարախոսության ու կրթադաստիարակչական ծրագրերը շատ արդյունավետ էին, մարդուն հայրենասեր էին դարձնում: Մենք հաճախ կռվի մասին ֆիլմեր էինք դիտում, լսում էինք պատերազմով անցած ռազմիկների սխրանքների մասին: Այնպես էին անում, այնպես էին սիրտդ ու ուղեղդ մշակում, որ դառնում էիր հայրենիքի համար կյանքդ նվիրաբերելու պատրաստ, ուզում էիր ինչ-որ լավ բան անել երկրիդ համար, նմանվել հերոսներին: Ես լավ էի սովորում ուսումնարանում, ճանաչված կուրսանտ էի, կոմերիտմիության քարտուղար, նույնիսկ կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու դարձա: Ես էությամբ լիդեր եմ, ու դա միշտ էլ նկատվել է: - Փաստորեն, ուսումնարանը նախկին անկարգ, կռվարար տղային դարձրեց օրինակելի կոմերիտական առաջնորդ: - Չէ, չէ, կռիվներն իրենց տեղն ունեին: Մի անգամ նույնիսկ միլիցիան խառնվեց գործին: Բաքվում մեր տղաներից երկուսին ծեծել էին, խումբ կազմած իջանք քաղաք, ծեծողներին չգտանք, հո հենց էնպես հետ չէինք գալու: Ով ձեռքներս ընկավ` ծեծեցինք: Պարզվեց` մի երկուսին մարմնական վնասվածք ենք հասցրել: Ուսումնարանի պետն ասել էր` ես գիտեմ` սա ում բռունցքների գործն է: Քանի որ լավ էի սովորում, իմ հանդեպ հանդուրժող էին. ծածկեցին-գնաց: Ուսումնարանը ավարտելուց հետո առաջադեմ ուսանողներն իրենք էին ընտրում ծառայության վայրը: Ես գերադասեցի Գերմանիան ու ծառայության անցա խորհրդային բանակում, որպես վաշտի հրամանատար: Պետք է ասեմ, որ խորհրդային բանակը շատ լավ ավանդույթներ ուներ, օրինակ, զինվորի դաստիարակությունը, ծրագրային գործընթաց էր, կար հստակ մեխանիզմ, ու վաշտի հրամանատարին մնում էր պարտաճանաչորեն կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները: Քաղաքացուց զինվոր` հայրենիքի պաշտպան ստանալու ծրագիրն ու մեթոդները հստակ էին և վաղուց քննություն բռնած: Սպան տիրապետում էր այդ ծրագրին ու մեթոդներին, պետք է ասեմ, որ այդ գիտելիքներն ու փորձառությունը շատ պետք եկան արցախյան պատերազմի տարիներին, երբ անհրաժեշտ էր ճակատ մեկնած տղային դարձնել ռազմիկ` այն էլ շատ արագ ու ծայրահեղ իրավիճակում: Խորհրդային բանակում հստակ աշխատում էր մի մեխանիզմ, որը զուգակցում էր ծառայական արդյունքները անձնական շահագրգռվածության հետ: Օրինակելի զինվորը օգտվում էր բազմաթիվ արտոնություններից, և այս դաշտում անօրինական գործարքը, հովանավորչությունը գրեթե բացառվում էին: Օրինակելի լինելը օգուտ էր զինվորին, ընդ որում` ոչ թե բարոյական խրախուսանքի մակարդակով, այլ շատ գործնական: Օրինակ` մեր վաշտը բարձր արդյունքներ ուներ և որպես խրախուսանք 3 ամիս ծառայեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետության բանակում: - ԳԴՀ-ի բանակում ծառայելը ի՞նչ առավելություն ուներ: - Խորհրդային բանակի պես փակ զոնա չէր, կարող էինք գնալ ակումբ, զվարճանալ, պարել աղջիկների հետ, գարեջուր խմել, սնունդը շատ լավ էր, աշխատավարձը` բարձր: - Դուք սեր ունեի՞ք պարերի, աղջիկների և գարեջրի հետ: - Աղջիկների և պարերի հետ սեր ունեի, գարեջրի հետ` ոչ: Ես, ընդհանրապես, ալկոհոլ չեմ օգտագործում: Գերմանիայում հինգ տարի ծառայելուց հետո մեկնեցի Լենինգրադ և ընդունվեցի ռազմական ակադեմիա, հետո եկա Լենինական և հինգ տարի ծառայեցի որպես ավտոծառայության պետ: Այնուհետև ծառայեցի Չեխոսլովակիայում, Բելառուսում: Երբ սկսվեց արցախյան պատերազմը, Երևանի ժողտնտեսության ինստիտուտում ցիկլի պետ էի, որտեղ էլ գնդապետի կոչում ստացա: - Ամուսնացած էի՞ք: - Լենինգրադի ակադեմիայում սովորելու տարիներին եմ ամուսնացել: Արձակուրդին եկել էի Երևան: Մի օր «Երազ» գործարանի լողավազանից դուրս գալով տեսա, որ շորերս գողացել են: Էդպես վարտիքով հասա բարեկամներիցս մեկի տուն, էդ ժամանակ էլ ծանոթացա ապագա կնոջս հետ: - Սեր առաջին հայացքի՞ց... - Սեր, իհարկե, եղավ, բայց մեր կապը ավելի շատ սթափ մտածողության արդյունք էր: Հասմիկն այդ ժամանակ ուսուցչուհի էր: Ես մի քանի օրից պիտի մեկնեի, բայց նա երբեք ինձ հանդիպելու համար դասերը բաց չէր թողնում, ասում էր` չեմ կարող երեխաներին ազատ թողնել, ու ես մտածում էի, որ պատասխանատվության զգացում ունի: Լուրջ, պարկեշտ, խելացի աղջիկ էր, հավասարակշիռ, պարտաճանաչ: - Այդքանը բավակա՞ն է հմայիչ կին ու լավ մարդ լինելու համար: - Տղամարդու և կնոջ հարաբերությունները փոխպայմանավորված են և պետք է ներդաշնակ լինեն: Ամենամեղմ, հարգալից ու դաստիարակված կինը անլուրջ, անպատասխանատու տղամարդու կողքին կարող է բոլորովին այլ կերպ պահել իրեն: Եվ ամենակնամեծար տղամարդը կարող է կոպիտ լինել անինքնասեր ու անարժան կնոջ հետ: Մեծ մասամբ հենց ինքդ ես պայմանավորում կողքինիդ վարքը: - Պարոն գեներալ, հարցս կարող է առաջին հայացքից պարզունակ թվալ` ո՞րն էր պատերազմին մասնակցելու Ձեր ամենակարևոր նպատակը, ամենամեծ դրդիչը: - Չէ, հարցը շատ ճիշտ է, ու ես անկեղծ եմ լինելու, ամբիոնային պատասխան չեմ տալու: Ես պատերազմ գնացի, որ հնարավորինս շատ ռազմիկի կյանք փրկեմ: Հրաշալի, հայրենասեր տղաներ կային, որոնք ռազմական գործին չտիրապետելու, կարգին հրամանատար չունենալու պատճառով զոհվում էին: Ես այն կարծիքին չեմ, թե մենք ոտքի ելանք ազատագրելու Ղարաբաղը, պատերազմը թուրքերն սկսեցին, ընդ որում` շատ վաղուց կազմած ծրագրով, ըստ որի պիտի վերցնեին Զանգեզուրն ու Սևանը և Հայաստանին թողնեն մի փոքրիկ տարածք: Մենք` մեր ժողովուրդը, հասարակ մարդիկ, իրենց հողն ու տունը պաշտպանելու մղումով ելան թշնամու դեմ: Հաճախ խոսում են թշնամու գերապատիկ ուժերի և զինտեխնիկայի մասին` մոռանալով ամենակարևորը, որ թուրքերը առաջնորդվում էին նախօրոք մշակված ծրագրերով, գծված քարտեզով, իսկ մենք ինքնապաշտպանական տարերային կռիվ էինք մղում: Օրերս լրանում է Տող գյուղի ազատագրման 15 տարին: Սա մի հոյակապ մարտ էր, սխրալից, գեղեցիկ: Սարինշենի բարձունքից թշնամին կրակ էր թափում գյուղի վրա: Վերևից գյուղը երևում էր` ասես ափի մեջ: Գյուղը պայքարում էր մեն մի հատիկ հրացանով, ընդդեմ թուրքերի ավտոմատների, գնդացիների ու զրահամեքենաների: Թուրքերի կողմից կռվում էին օմոնականները, խորհրդային զորքը: Երբ մտանք գյուղ ու սկսեցինք հարձակումը, թուրքերի ուժերը ուղիղ չորս անգամ գերազանցում էին մեզ: Բարձունքը վերցրեցինք` տալով երկու զոհ, թուրքերը 6 զոհ տվեցին և 12 գերի: - Շատ է խոսվում Շուշիի հաղթանակի մասին և Ձեր անունը ուղղակիորեն կապվում է այդ ճակատամարտին: Ինչո՞վ է առանձնանում Շուշին, ինչո՞վ է այն նշանավոր: - Մեր դիրքը խիստ անբարենպաստ էր, թշնամին բազում առավելություններ ուներ. հարմար դիրք, հսկայական կենդանի ուժ, զինտեխնիկա: Շուշին ազատագրելու մի քանի ծրագիր կար, որոնցից ամենաիրատեսականը քաղաքը շրջափակելն ու հակառակորդին աստիճանաբար ծնկի բերելն էր: - Աստիճանաբար ասելով` ինչ ժամկետ էիք նախատեսել: - Մի քանի շաբաթ: Սակայն աշխատեց ամենաանհավանական պլանը` քաղաքը վերցրեցինք 28 ժամում: Մեր կենդանի ուժը 4 անգամ պակաս էր, իսկ դիրքի մասին խոսելն ավելորդ է: - Ինչպե՞ս հաղթեցիք: - Օգտագործեցինք ողջ բարոյական ու ֆիզիկական ներուժը, մինչև վերջին կաթիլը: Հաղթեցինք հասարակ հայ մարդու, ռազմիկի անսահման հայրենասիրության, քաջության, կամքի ու ոգու շնորհիվ: Ընդհանրապես, ղարաբաղյան պատերազմում հաղթեց հասարական հայ զինվորը: - Պարոն գեներալ, ինչպե՞ս եք ապրում այժմ, ինչո՞վ եք զբաղվում: - Ինչպես գիտեք, ղեկավարում եմ հանրապետական ԴՕՍԱԱՖ-ը: Այն, իհարկե, չունի նախկին հնարավորություններն ու հեղինակությունը, որ կար խորհրդային շրջանում, սակայն փորձում ենք աշխատեցնել կառույցը, առկա հնարավորությունները առավելագույնս օգտագործելով` մասնագետներ պատրաստել բանակի համար` վարորդներ, կապավորներ զրահամեքենայի անձնակազմ, ծավալել մարտական և ռազմահայրենասիրական գործունեություն, աշխատել դպրոցների հետ: Բարձր արդյունքներ ունենք մարզական ասպարեզում, հրաձգության գծով ԱՊՀ երկրներում երրորդն ենք, մեր նավամոդելիստը I տեղ է գրավել աշխարհում, ռադիոսպորտի գծով ունենք աշխարհի չեմպիոն: - Ի՞նչն է Ձեզ այսօր հուզում ամենից շատ և ի՞նչն է հուսադրում: - Հուզում է հանրակրթական դպրոցի վիճակը: Դպրոցը ապահովում է միայն առարկայական ուսուցում, դաստիարակության ծրագիր չունի: Ինձ մտահոգում է խոնարհումը կեղծ արժեքներին, ցավում եմ հատկապես երիտասարդ սերնդի համար, ովքեր «ՋԻՊ» քշողին ավելի են հարգում, քան պատերազմի հերոսին: Ինձ վախեցնում է արտագաղթը, երբ երիտասարդ մասնագետը ցանկանում է ոչ թե իր հայրենիքում, այլ դրսում աշխատել, այսինքն` վերացել է հայրենիքին պետք լինելու գործոնը, մնացել է միայն անձնական շահը: Ինձ հուսադրում է ազգային բանակի ձեռքբերումները, ուժը: Ուրախանում են, երբ Երևանի փողոցներում շինություն եմ տեսնում, անկախ այն բանից, թե ով է կառուցում: - Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները: - Աղջիկս ֆինանսիստ է: Տղաս` իրավաբան: Աղջիկս բնավորությամբ ինձ է նման` աշխույժ է, ճարպիկ, վճռական: Տղաս Գաբրիել պապիս է քաշել, ավելի խաղաղ է, խոհուն: - Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ: - Հող եմ մշակում, լիմոն եմ աճեցնում, ընկերություն եմ անում թոռնիկներիս հետ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ