Քոֆի Անանին անհրաժեշտ է 4,5 մլն դոլար


Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը խնդրել է 4,5 մլն դոլար` իր նստավայրի ամբողջական վերանորոգման նպատակով, որպեսզի այն պատրաստ լինի նորընտիր գլխավոր քարտուղարի համար: ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Հարավային Կորեայի արտաքին գործերի նախկին նախարարը, որը, սակայն, վերանորոգման աշխատանքների պատճառով ստիպված կլինի բնակվել ժամանակավոր կացարանում: Դեռևս 1946 թ. ընդունված որոշման համաձայն, գլխավոր քարտուղարին պետք է տրամադրվի կահավորված բնակարան-նստավայր, որի վերանորոգումը, ինչպես նաև ծախսերը, պետք է ստանձնի կազմակերպությունը: Գլխավոր քարտուղարի նստավայրը գտնվում է Մանհեթենի կենտրոնում. այն չորս հարկանի առանձնատուն է` 1300 քմ ընդհանուր մակերեսով, որը կառուցվել է 20-ական թթ. ֆինանսիստ Ջոն Մորգանի կողմից` իր աղջկա համար: 1972 թ. տունը նվիրեցին ՄԱԿ-ին: Վերջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նստավայրը հիմնովին վերանորոգվել է 1950 թ.: Գլխավոր ասամբլեայի հինգերորդ (բյուջետային) կոմիտեի քննարկմանը հանձնված զեկույցում նշվում է, որ նստավայրն իր նախկին վիճակով ոչ միայն անհարմար է բնակության համար, այլև սպառնում է բնակիչների անվտանգությանը: Փորձագետների կարծիքով վերանորոգման համար կպահանջվի մոտավորապես 9 ամիս, ավելի ստույգ` 2007 թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը: Սակայն աշխատանքներն սկսելուց առաջ նախ անհրաժեշտ է ձեռք բերել Սաթթոն Փլեյս շրջանի բնակիչների միութան թույլտվությունը, ուր ապրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆ