«Տգեղն էլ պիտի գեղեցիկ լինի»


Տարոլորտ մշակութային խոշոր միջոցառումների պատշաճ իրագործման նորատիպ հանգրվան դարձած Ծաղկաձորում վերջնագիծը հատեց «Ես եմ» միջազգային երիտասարդական 8-րդ կինոփառատոնը:

Հետամուտ իր որդեգրած սկզբունքին` սատարել նոր կինոսերնդի ձևավորմանը, Ռուբեն Քոչարի գլխավորած մրցութային հանձնախումբը (օպերատոր` Սամվել Բաբասյան, կինոգետ` Նարինե Ջրբաշյան, ռեժիսոր` Ռուբեն Երզնկյան, դերասան` Արամ Գյուրջյան) փառատոնի 5-օրյա ընթացքում դասդասեց ներկայացված 118 վավերագրական, խաղարկային և անիմացիոն ֆիլմերից ընտրված 60-ի ի հայտ բերած թեմատիկ և մասնագիտական արժանիքները: Գլխավոր մրցանակին արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանի «Կարոտը»: «Լավագույն խաղարկային ֆիլմ» (ռեժիսոր` Դիմա Դեդոկ, «Միայնություն» - Բելառուս), «Լավագույն վավերագրական ֆիլմ» (ռեժիսոր` Գառնիկ Կարապետյան, «Հայաստան երկիրս»), «Լավագույն դեբյուտ» (ռեժիսոր` Մարգարետա Կոսմոլ, «Քույրերը» - Գերմանիա) անվանակարգերում հաղթողներին և մեկ տասնյակից ավելի դափնեկիրներին ընտրելիս խելամտորեն հաշվի առնվեցին կինոդիտումներից հետո գրողների ստեղծագործական տանը կազմակերպված քննարկումներին բարձրաձայնված անաչառ կարծիքները:

- Հայ երիտասարդ ռեժիսորների մատը երկրի զարկերակի վրա է,- հպարտությամբ նշեց կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը:- Զավակների կողմից լքված ծնողներ, մանկատանը հայտնված երեխաներ, կին-տղամարդ փոխհարաբերություններ, հանապազօր հաց վաստակելու հարկադրանքով օտար ափերում հայտնվածների կարոտախտ, բանտ, պատերազմներ... Այսօր ոչ փառատոնային ֆիլմերի կարիք կա, որովհետև բազմաթիվ խնդիրներ ունենք կուտակված և դրանց մասին պետք է խոսել, ինչը հաճախ չի արվում:

Գոտեպնդվելով վաստակաշատ «ավագ գործընկերոջ» այս գնահատականից` եզդիների մասին պատմող «Մի ազգի պատմություն» վավերագրական ֆիլմի համար Հայկական ազգային կինոակադեմիայի «Հույս» մրցանակին արժանացած Անետա Օհանջանյանը խոստովանեց, որ մտադիր է մի ամբողջ ֆիլմաշար նկարել հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների ապրելակերպի, էթնիկ յուրատիպությունների մասին:

- Օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ձեռագրով շատ նման են մեր երիտասարդներին, - ասում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը,- նույն տրամադրության մեջ են` աղքատների, խեղճերի են նկարում: Ղազախները շատ հետաքրքիր ֆիլմեր են նկարում, ռուսները լրիվ մաքուր էին նկարել, հատկապես` ՎԳԻԿ-ի ուսանողները. զգում ես, որ պրոֆեսիոնալ բան կա: Մեր դեպքում, Սովետից եկած բան է, որը ներարկում են մեր ջահելներին: Այն, որ մենք մեծ ժողովուրդ ենք, որ ունենք մեծ մտքեր, գաղափարներ, բայց մեզ խեղճ ենք ներկայացնում: Մե´նք պիտի նկարեինք «Մենք ենք, մեր սարերը», իհարկե, լավ ֆիլմ է, լավ դիալոգ կա, բայց էությունն անգրագիտության մասին է, որ իբր հայերն էդ են: Մեր մեջ մտել է, որ այդպիսին պիտի լինենք: Ասածս այն է, որ եթե անգամ դժվար կյանք ենք ուզում նկարել` բանտ, ծերանոց, մանկատուն, դրա մեջ էլ պիտի գեղեցկություն լինի, մենք ասում ենք գեղարվեստ, չէ՞: Տգեղն էլ պիտի գեղեցիկ լինի: Երիտասարդներին թվում է` եթե իրենք այդպես նկարեցին, ուրեմն ռեալիստ են, բայց արվեստը, գեղարվեստը ռեալիզմ չի, դա խրոնիկա է դառնում: Ինչ մակարդակի փառատոներ ունենք, ճիշտ այդ մակարդակի էլ կինոարտադրություն. դրանք համահունչ են: Բայց այս փառատոնն ինձ համար թրեյնինգ է, փորձադաշտ, դպրոց, որտեղ հավաքվում են իրար գլխի, քննարկում միմյանց ֆիլմերը, մի տեղ ապրում: Ուզում եմ մի բան ձևավորվի` անպայման չի, որ լինես առաջինը: Մի քիչ աբսուրդ է, որ բոլորն ուզում են չեմպիոն դառնալ: Ի վերջո, առաջին կամ երկրորդ տեղ ասվածը հարաբերական է: Կարևորը քեզ ընդունեն. եթե ընդունեցին, արդեն հաղթած ես: Սա կուզեի, որ արմատավորվի նաև մեր ժողովրդի մեջ: Ֆրանսիական «Նոր ալիքը» երբ սկսվեց, մի այսպիսի միտք ասվեց` երկու հոգի իրար հետ խոսեցին, և աշխարհը լսեց, հիմա այստեղ տասը հոգի են:

Իր «Աղբյուր» վավերագրական ֆիլմով դափնեկրի կոչման և դրամական պարգևի արժանացած Շարիֆա Ուրազբաևան, ով նաև «Ոսկե Ծիրանին» մասնակցության փորձ ուներ, առանձնակի ջերմությամբ գնահատեց «Ես եմ» երիտասարդական փառատոնի մտերմացնող ներուժը: Հենց այդ ներուժին ապավինելով` քննարկումների անկաշկանդ ընթացքում անկեղծացավ ղազախ ռեժիսորը հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանն անդրադառնալիս.

- Ես կցանկանայի հայ ռեժիսորների ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային դեմքը: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաև իրանական ֆիլմերի հաջողությունն, ըստ իս, հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Հայաստանը, Երևանն իմ երկրորդ տունն է դարձել... Ինձ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթները: Ո´չ Եվրոպային, ո´չ ուրիշ մեկին մենք պետք չենք, մենք մեզ ենք պետք: Ես կուզենայի հին «Արտ հոթելի» հավաքարար 35-ամյա Կարմենի և հյուրանոցի այցելու պլաստիկ վիրաբույժի սիրո վերաճած վեճի մասին պատմող Անդրանիկ Հարությունյանի «Արտ հոթել» ֆիլմը Ղազախստանում ցուցադրել անպայման:

Դիպլոմների և դրամական պարգևների արժանացած բոլոր ֆիլմերի հեղինակներն էլ խորին երախտագիտությամբ ընդունեցին թե բազմափորձ ավագների, թե իրենց ծաղկաձորյան կինոփառատոնի օրերին հարազատացած ռուս և ղազախ, ուկրաինացի և բելառուս, լատիշ և ամերիկացի, վրացի և հայ հասակակիցների նուրբ բարեկամական նկատառումները: Դրանք Անժելա Բադալյանին («Սևի երանգը»), Ժաննա Նազարյանին («Նա, ով մեր կողքին է»), Նելլա Վասիլևսկայային («Փակիր աչքերդ»), Վլադ Տրիֆոնովին («Դոն Ժուան. առասպելի պատմությունը»), Անտոն Կոլոմեեցին («Չորս կին»), Սոֆիա Գևեյլերին («Փոխարենը տրված»), Իվան Շահնազարովին («Ռոք»), Սամվել Մքոյանին («Դեպի փոփոխություններ»), Ադամ Հոլմսին («Ռոբոտ Ջեֆը») և Հասմիկ Ղազարյանին («Մայրը»), նույն Շարիֆային ամենևին չխոցեցին: Ընդհակառակը: Ստեղծագործական բանավեճերում նոր ֆիլմերի գաղափարներ ծնվեցին, սեփական և ուրիշի ստեղծագործությունների ընկալման ու արժևորման նոր հայացք ձևավորվեց: Այլ կերպ ասած` սկսնակ արվեստագետի «ես»-ի հասունացման, անհատականացման բարեբեր միջավայր:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ