Գաղտնապահ ամուսինը


Հնարամիտ սանտեխնիկի թուլությունն էր գարեջուրը, և նա 15 տարի իր ամուսնական ննջարանից թունել է փորել դեպի հարևան գարեջրատուն: Այդ գաղտնուղիով թաքուն այցելել է իր սիրած հաստատություն:

Սանտեխնիկի տառապալից այդ աշխատանքը բացահայտվեց` երբ փլվեցին կոյուղագիծն առանձնացնող պատերը, որոնց միջով անցնում էր թունելը: Հենց թունելն էր այդ փլուզման պատճառը, ինչը շուտով հայտնաբերեցին քաղաքի իշխանությունները: Գարեջրասեր Պետսի Քերը ստիպված էր խոստովանել իր հեղինակած նորարարությունը:

Պետսին պատմել է, որ այդ միտքը հղացել է` «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը դիտելուց հետո: Ասել է, որ կինը շատ խորն է քնում և չի լսել իր «շինարարական» աղմուկը: Եվ այդպես` 15 տարի: 2009-ին նա վերջապես ավարտել է թունելաշինությունը և իր ննջարանից ցանկացած պահին հայտնվել պանդոկի կանանց զուգարանում (կոյուղագիծը այնտեղ էր վերջանում). այնտեղից էլ` դեպի գարեջուր: Տուն էր վերադառնում վաղ առավոտյան, որ կինը ոչինչ չկասկածի (գրել է ridus.ru-ն):

Կինը ոչինչ չի կասկածել, բայց բարի տիրոջ աչքից չի վրիպել տարօրինակ այցելուն, որի որտեղից հայտնվելն ու ուր անհետանալը ոչ ոք չէր տեսնում:

Իր «ճամփան հարթած» «սանտեխնիկի» արարքը շատերին զվարճացրեց, շատերին զարմացրեց, բայց օրենքը նրան պատասխանատվության է ենթարկել` քաղաքային ունեցվածքը փչացնելու համար: