ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՁԵՎ


Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական մրցակցությունը հանգրվանային փուլ է մտնում` առավել ցայտուն դարձնելով Ռուսաստանի տարածաշրջա նային գերիշխանությունը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած պետական այցից հետո ակնհայտ էր, որ հաջորդելու է հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ՌԴ նախագահի այցը Բաքու ծրագրված էր միայն սեպտեմբերի վերջին օրերին: Գրեթե մեկ ամիս ավելի շուտ` սեպտեմբերի 2-ին պետական այց կազմակերպելը մի քանի անհետաձգելի նպատակ էր հետապնդում: Մեդվեդևը նախ անհրաժեշտ համարեց Իլհամ Ալիևի հետ հանգամանորեն զրուցել մինչև նրա ԱՄՆ մեկնելը: Բացի այս, ՌԴ նախագահը ադրբեջանցի իր պաշտոնակցին թույլ չտվեց մինչև վերջ ուշքի գալ Հայաստանում ռազմաքաղաքական համագործակցության հայ-ռուսական որակապես նոր պայմանագրի ստորագրումից հետո, բայց անմիջապես էլ պահանջեց պատասխանել, թե ինչ է անելու ստեղծված նոր, առավել հստակ ու միանշանակ աշխարհա-ռազմաքա ղաքական իրավիճակում: Եթե մինչև Մեդվեդևի այցը Բաքու, Իլհամ Ալիևի գլխավոր խնդիրն էր` պարզել, թե Ռուսաստանը ինչ է անելու, երբ Ադրբեջանը հարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա, ապա հիմա ամեն ինչ էականորեն պարզ է: Իլհամ Ալիևին հստակ ասվեց, որ ադրբեջանցի գեներալների ու թուրք էմիսարների ծրագրած հատուկ վարժեցված դիվերսիոն խմբերի առաջատար մասնակցությամբ «կայծակնային» պատերազմն ուղղակի հնարավոր չէ: Նաև բացատրվեց, որ անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշերով, Հայաստանի սահմանամերձ տարածքներում ծավալվող յուրաքանչյուր պատերազմական գործողություն ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային-պետական անվտանգությանը: Իսկ Հայաստանը և Արցախը փաստացիորեն պատերազմական թիկունք չունեցող պետություններ են և յուրաքանչյուր ագրեսիվ գործողություն այս երկրների համար վերածվում է անմիջական սպառնալիքի: Իլհամին թյուրիմացության մեջ հայտնվելու հնարավորությունից զրկելու համար էլ մանրամասնվեց, թե ինչ է նշանակում հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն այսուհետ: Նաև հիշեցվեց, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է և չի կարող լուռ ու անգործ հետևել ռազմական իրադարձությունների զարգացման ընթացքին: Որպես հավելում էլ հաստատվեց, որ Հայաստանի հետ ցանկացած ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանն այլևս պարտավորված է կատարել իր պայմանագրային պարտականությունները: Դեռ մինչև Մեդվեդևի Բաքու կատարած այցը, Թուրքիան արդեն հասկացել էր, թե տարածաշրջանում ստեղծված ուժերի նոր հարաբերակցության ու աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում ինչ զարգացումներ են հնարավոր Հարավային Կովկասում և շտապել էր Ռուսաստանին պաշտոնապես խնդրել` վերակենդանացնելու հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները վավերացնելու գործընթացը: Գուցե «մեծ եղբոր» հենց այս կեցվածքն էր պատճառը, որ քարոզչական ու հրապարակային բոլոր գործողությունները խստագույն վերահսկողության տակ պահող Ադրբեջանում շտապեցին հայտարարել, թե Թուրքիան չի կարող իրենց պաշտպանել պատերազմի դեպքում` եթե նույնիսկ շատ ուզենա. նրան պարզապես թույլ չեն տա դա անել: Ադրբեջանում, միաժամանակ, անթաքույց անվստահությամբ են վերաբերվում թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարին: Իսկ Նախիջևանում թուրքական ռազմակայան տեղակայելու գաղափարը հիվանդ երևակայության արդյունք է, ինչը եթե իրականանա էլ, կարող է ծառայել միայն Թուրքիայի շահերին: Նույնքան ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն ամրապնդելու ու Գյումրիի ռազմակայանն արդիական զինատեսակներով հագեցնելու փաստը հրաշալի արդարացում դարձավ Իլհամ Ալիևի համար: Հիմա արդեն նա ունի բոլոր հնարավորությունները` իր հպատակներին բացատրելու, թե ինչու չի կարող իրագործել ռազմատենչ սպառնալիքները և` թե ինչու իրեն թույլ չեն տա մի 1620 մետրանոց ֆլագշտոկ էլ Արցախում տեղադրել: Հայաստանի ու Արցախի համար, սակայն, պատերազմական սպառնալիքը վերացած չի կարելի համարել երբեք: Մենք միշտ պետք է գիտակցենք, որ ռազմաքաղաքական ցանկացած գործընկերություն հիմնված է որոշակի շահերի փոխադարձ համադրման վրա, որոնք ցանկացած պահի կարող են չհամընկնել: Հետևաբար, Հայաստանն ու Արցախը հետևողականորեն պետք է շարունակեն ամրապնդել ու հզորացնել հայկական բանակը և միաժամանակ կայունացնել համահայկական` Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը: Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան հրաժարվել` խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները և բանակցություններին ինտենսիվ մասնակցելու պատրաստականություն ցուցաբերել: Այս պարագաներում հայկական կողմի բանակցային գլխավոր անելիքը պետք է դառնա բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովումը: Միանգամայն կանխատեսելի է, որ նոր հարթությունում շարունակվելիք բանակցությունների ընթացքում քննարկվելու են այնպիսի կոնկրետության հարցեր, որոնք չեն կարող անգամ պայմանական կամ սկզբունքային լուծում ստանալ` առանց Արցախի պատվիրակության անմիջական ու լիիրավ կարգավիճակով մասնակցության: Այս գործընթացներին հավելյալ խթան կարող է հաղորդել սեպտեմբերի 7-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հերթական տարածաշրջանային այցը` Բաքու, Ստեփանակերտ, սեպտեմբերի 9-ին` Երևան օրակարգով: Խիստ հավանական է, որ այս այցը դառնա նաև բացառիկ, քանի որ սահմանամերձ շփման գոտում աննախադեպ հաճախակի դարձած ադրբեջանական դիվերսիոն սադրանքներն այս անգամ կարող են նկատելի դառնալ ոչ միայն եռանախագահների, այլ նաև դիտարկման խմբի համար ու դատապարտվեն` միջազգային հանրության սահմանած օրենքներին ու տրամաբանությանը համապատասխան: Բայցևայնպես, Հայաստանը և Արցախը արդեն իրավունք չունեն սահմանափակելու իրենց գործողությունները բանակցությունների գործընթացով, քանի որ լիարժեքորեն հասունացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայ նորեն ճանաչելու անհրաժեշտությունը: Հայկական դիվանագիտությունը, քաղաքական վերնախավը, խորհրդարանական պատվիրակությունները, համայն հայոց Սփյուռքը այլևս հետևողականորեն պետք է լծվեն այս գործին: Արցախի անկախության 19-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում այս գաղափարն իրականացնելու անհրաժեշտությունն ուղղակիորեն մատնանշեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մինչ այս աննախադեպ լուծումների հավանականության մասին բացահայտորեն հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի որոշումն այն հաղթաթուղթն է, որ մենք իրավունք ունենք գործադրելու բացառապես ճիշտ ժամանակին ու ստույգ նպատակայնությամբ:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ