«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք»


ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում ԵՐԵԿ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը բացման խոսքում կարևորել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նա նկատել է, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի հատկապես բարձր հրամանատարական կազմի իրավունքների, լիազորությունների և պարտականությունների, ինչպես նաև բողոքարկման կարգի հստակեցման առումով, ինչը այս և հետագա քննարկումների նպատակն է: Նա տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը դիմել է իրենց, որպեսզի օրենքի նախագիծը ներկայացվի Վենետիկի հանձնաժողով. այդ հարցը կքննարկվի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստում: Ներկայացնելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները կարգավորվում են 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Միաժամանակ, գործող որոշման մի շարք դրույթներ արդեն իսկ ժամանակավրեպ են և չեն բավարարում ՀՀ զինված ուժերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները: Առաջարկվում է օրենքով կարգավորել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորա կան կարգապահության կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները: Սահմանվել է զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի նոր տեսակ` կարգապահական վաշտ ուղարկելը` տույժ կրելու և տույժի ենթարկված զինծառայողներին պահելու նպատակով. կարգապահական վաշտը կգործի զինվորական ծառայության խստացված ռեժիմով և կգործի ռազմական ոստիկանության համակարգում: Պարոն Նազարյանի գնահատմամբ` օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի օրենսդրական մակարդակով կարգավորել ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները, կապահովի զինծառայողների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների անարգել իրականացումը, խթան կհանդիսանա յուրաքանչյուր զինծառայողի` ՀՀ պաշտպանության, զինվորական պարտքի և իր պարտականությունների կատարման համար անձնական պատաuխանատվության լիարժեք գիտակցման, ինչպեu նաև հրամանատարների կողմից իրենց լիազորությունների սահմաններում կարգապահական պատասխանատվության ճշգրիտ կիրառման համար: ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրների` նախագծով առաջարկվող լուծումներն ու կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները: Ելույթ ունեցողներին ուղղված բազմաթիվ հարցերը գերազանցապես առնչվում էին բողոքարկման կարգին, կարգապահական վաշտի գործունեությանը, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, խրախուսանքի և տույժի կիրառման մանրամասներին: