ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է


 

Ստացվել է այնպես, որ աշխատակիցներին կրճատելու խնդիրը վերջին շրջանում ծառացել ու այդպես էլ անհաղթահարելի է մնացել նույնիսկ խոշորագույն ընկերություններում: Գերազանցապես իրենցից անկախ պատճառներով գործազուրկների առանց այն էլ ստվար բանակը նոր համալրումներ է ստացել գրեթե բոլոր այն կազմակերպություններից, որոնք մշտապես երկրիս խոշորագույն հարկատուների հազարյակում են տեղ զբաղեցնում:

Այսպես, ամենամեծ գործատուն համարվող «Հայաստանի Էլցանցեր» ընկերությունը, որտեղ շուրջ 8 հազար մարդ է աշխատում, բավական մեծ թվով աշխատակիցների գործազուրկ է դարձրել: Խոշորագույն հարկատուն համարվող «Հայռուսգազարդը» 116-ով է կրճատել իր աշխատուժը: «Հարավկովկասյան երկաթուղին, որը վերջին տարիներին միմիայն հաջողություններից է խոսում` հպարտանալով, թե էժան փոխադրամիջոցի համբավն օրեցօր լավացնում է իր գործերն ու մեծացնում շրջանառությունը, 400 մարդ է կրճատել: Շուրջ այդքան աշխատակցի էլ հրաժեշտ է տվել «Արմենտելը». բջջային այս օպերատորն անվերադարձ տուն է ուղարկել 372 աշխատակցի: Խոշորագույն գործատուներ և հարկատուներ համարվող մյուս ընկերություններում վիճակը համեմատաբար բարվոք է:

Նշենք նաև, որ մեր երկրում 100-ից ավելի աշխատակիցներ ունեն շուրջ 420-430 ընկերություններ, որոնց թիվը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել: