Մեզ համար` ոնց որ հրաշապատում


 

Մի քանի օր առաջ տեղեկացա, որ հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը պետական է, երթուղային տաքսիներն էլ իրենց անհարմարավետությամբ մեզ հայտնի Գազելների փոխարեն ամերիկյան հարմարավետ միկրոավտոբուսներ են: Ի դեպ, այնտեղ` Թբիլիսիում երթուղայիների վարորդները վերցնում են այնքան ուղևոր, որքան նստելատեղ կա միկրոավտոբուսում: Սա մեզ` երևանյան տրանսպորտի ձեռքը կրակն ընկած բազմաչարչար երևանցիներիս համար անհավանական հրաշք պատմությունների շարքից է: Մեզանից շատերն անգամ պատկերացնել չեն կարող, որ համայն հայության մայրաքաղաք` Հռոմից էլ հին Երևանում քաղաքային տրանսպորտի երթուղիների գծատերերն օլիգարխներ, կուսակցապետեր, ազգիս ընտրյալ ԱԺ պատգամավորներ չեն, ովքեր գրեթե առանց մի կոպեկի ներդրում անելու միլիոններ են կորզում քաղաքային տրանսպորտի բիզնեսից: Չենք կարող պատկերացնել, որ էս անիրավ աշխարհում հնարավոր է, և հասարակության համար կարևորություն ներկայացնող ինչ-որ բան պետական լինի ու էն էլ` կարգավորված ու ժամացույցի պես աշխատող: Հա´, հա´, մի զարմացեք, մեր հարևան Թբիլիսիում քաղաքային տրանսպորտն ասում են` ժամացույցի պես է աշխատում` ժամը ժամին է գալիս` սահմանված չվացուցակի համաձայն, ու վարորդներից որևէ մեկի մտքով չի էլ անցնում գծից փախչի, ինչ ա թե` մի քանի կոպեկ «լեվի» փող աշխատի:

Հիմա դարձյալ կասեք` սուտ է, մեզ` երևանյան տրանսպորտի ձեռքը կրակն ընկած բազմաչարչար երևանյան ուղևորներին նախանձից տրաքացնելու համար հերետիկոսների հնարած անամոթ սուտ… Բայց այս ամենի մասին պատմել են այդ հրաշքին ականատես հայաստանաբնակ մեր հայրենակիցները: Նրանք ուրիշ հրաշքներ էլ են պատմել: Ծնունդով հավլաբարցի մի երևանաբնակ վերջերս տխուր առիթով գնում է Թբիլիսի` հորը հողին հանձնելու: Թբիլիսիի գերեզմանոցում հողը փորող բանվորին հարցնում է, թե որքան պետք է վճարի: Իսկ նա ասում է, թե գնա դրամարկղում մուծում արա, ու կտրոնը բեր ինձ. առձեռն ինձ փող տալը կոռուպցիա է. աշխատանքից կհեռացնեն: Ծնունդով հավլաբարցի ծանոթս պատմում է ու կես զայրացած, կես զարմացած` ձեռքերը զարկում իրար` «Դու տես, է˜. մի տուտուց վրացի ինձ դրամարկղ ուղարկեց, թե` կոռուպցիա է»:

Ակամա մտորում եմ` միկրոավտոբուսում մի կերպ խցկված, ինչպես ասում են` շախմատի ձի դարձած երթևեկելու ընթացքում է´լ ավելի սեղմվել հրամայող վարորդի հետ նյարդեր քայքայելու փոխարեն մի՞թե հնարավոր է արժանավայել երթևեկել: Մի՞թե հնարավոր է հարազատիդ կորցնելու վշտի մեջ բազարային հարաբերության մեջ չներքաշվել, մի՞թե հնարավոր է… Բայց էս ամեն ինչի մասին եթե փորձես կիսվել նմանատիպ խնդիրները մեզանում կարգավորելու կոչված չինովնիկների ու ազգընտիրների հետ, կասեն, թե այդ ամենի համար վրացիներին ամերիկացիներն են մեծ փողերով ապահովում: Ու ինչպես չասես` կոռուպցիայի դեմ դուք պայքարել ուզեցիք փող տվող չեղա՞վ... Ախր, ձեր այդ աշխարհաքաղաքական կողմնորոշումների խաղերը ժողովրդին հեչ չեն հետաքրքրում` իր այս վիճակում: