Օլիմպիադայի պատմության չորս խայտառակ պահերը


 

Օլիմպիական խաղերը շքեղ մարզաստուգատես են, պետությունների միջև փոխըմբռնման, բարեկամական կամուրջների հաղթահանդես: Բայց դրանց պատմությունը նաև սև էջեր ունի, որոնցից հատկապես 4-ը դավադիր արնահեղության գագաթնակետ կարելի է համարել: Ու այս օրերին մինչ բոլոր մայրցամաքներում մարզասերները բռնկված են օլիմպիական տենդով, ֆրանսիական SlΖte.fr-ն անդրադարձել է խայտառակ այդ դեպքերին` հավանաբար մարդկությանը վերստին սթափության կոչելու նպատակով:

Դրանցից վերջինը 1996-ին էր, երբ Ատլանտայի Օլիմպիադայում կատարված ահաբեկչությունից հետո լրատվամիջոցները հարձակվեցին Ռիչարդ Ջուելայի վրա: Այս ոստիկանը հայտնաբերել էր կասկածելի փաթեթը` մինչ պայթուցիկ սարքը կգործեր: Հակահետախուզության դաշնային բյուրոն նրան որակել էր որպես «թիվ 1 կասկածյալ», և նա դարձել էր ամերիկյան մամուլի կշտամբանքի թիրախը. մամուլը չէր կամեցել տեսնել կասկածյալի և հանցագործի տարբերությունը:

Արդյունքում` ահաբեկչության զոհերի հարազատները նրան դատի էին տվել: Մինչդեռ իրական մեղավորը պարտիզան Էրիկ Ռուդոլֆն էր, ում ինքնությունը բարեբախտաբար պարզվել էր, և զրպարտված Ռիչարդ Ջուելն էլ AtlΖntΖ JournΖl-Constitution և NBC News լրատվամիջոցներից դատական հայցով 500 հազար դոլար բարոյական վնասի փոխհատուցում էր ստացել:

1968 թ. Մեխիկոյում սևամորթների նկատմամբ խտրականության դեմ բողոքի հետևանքով թիմից վռնդել էին մարզիկներին: Հոկտեմբերի 16-ին ամերիկացիներ Թոմի Սմիթը և Ջոն Կառլոսը նվաճել էին ոսկյա և արծաթե մեդալներ: Հաղթողի պատվանդանին նրանք բարձրացել էին ոտաբոբիկ և սև ձեռնոցներով և ձեռքերը վեր բարձրացրել` ի նշան սևամորթների ճնշումների դեմ բողոքի: Արծաթե մրցանակակիր, ավստրալիացի Պիտեր Նորմանն էլ սատարել էր նրանց` հանդես գալով ընդդեմ «սպիտակ Ավստրալիայի» քաղաքականության:

Ավելին, հաղթող եռյակը միաբերան հայտարարել էր, որ գործում է օլիմպիական իրավապաշտպան նախագծի շրջանակներում: ՄՕԿ-ը, սակայն, այդ արարքը համարել էր օլիմպիական սկզբունքների խախտում և ամերիկացի 2 մարզիկներին ուղարկել էր իրենց հայրենիք: Պիտեր Նորմանը սեփական երկրում դարձել է վտարյալ, ու նույնիսկ 32 տարի անց` 2000 թ., նրան չէին ընդգրկել Սիդնեյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում:

Բողոքի ուրույն տեսակով առանձնանում է 1936 թ. Բեռլինյան օլիմպիադան: Չնայած ոմանք կոչ էին արել բոյկոտել Հիտլերի կազմակերպած մրցումները, սակայն 49 երկրներ (այդ թվում և Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան) այնուամենայնիվ համաձայնել էին մասնակցել` հաշտվելով մարզիկների նացիստական ողջույնի հետ:

1972-ին որոշվել էր Օլիմպիադան Մյունխենում անցկացնել, որպեսզի մարդկության հիշողությունից ջնջվեն 36-ամյա վաղեմության բեռլինյան խաղերը: Սակայն պաղեստինցի ահաբեկիչները սեպտեմբերին հափշտակել ու սպանել էին 11 իսրայելի մարզիկների: Եվ բախման արդյունքում 11 գերյալներից բացի զոհվել էին նաև գերմանացի 1 ոստիկան և 8 ահաբեկիչներից 5-ը: Սա թերևս ամենախայտառակ դիպվածն է` Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

2012-ի լոնդոնյան մարզահանդեսում մահեր գրանցվեցին, բայց բարեբախտաբար` ոչ թե բախումների արդյունքում: Իսկ ՄՕԿ-ի ղեկավար Ժակ Ռոգեն հրաժարվել է լռության րոպե հայտարարել` ի հիշատակ 1972 թ. գերյալ մարզիկների: