Վիճակը նետված է, վճիռն` ընդունված


Նախագահի ընտրություններին ընդառաջ գնացող ընդդիմության դաշտի քաղաքական գործիչների շարունակական հանդիպումները որքան էլ «թատերականացված շոու» համարվեն, միտված են մեկ միասնական թեկնածուով ընտրությանը: Թեև դժվար է հավատալ, թե միայն իշխանություններին հայհոյող և որևէ թարմ գաղափարով աչքի չընկնող ընդդիմության հավակնոտ լիդերները համատեղ կընտրեն «ամենա-ամենային», այնուամենայնիվ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ասպետական քայլով փոքր ինչ զարմացրեց` հայտարարելով, թե հանուն միասնական թեկնածուի պատրաստ է առանց որևէ նախապայմանի զիջել իր վարկանիշային դիրքերը: - Կարծում եմ, դա շատ կոնստրուկտիվ քայլ է և որոշ չափով օրինակելի կարող է համարվել հատկապես ընդդիմադիր դաշտի համար,- նշում է ՀԺԿ քաղբյուրոյի անդամ Ռուզան Խաչատրյանը: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ «մենք գիտենք երբ, ումով, ինչով» սկզբունքով առաջադրվող լիդերը հետո չի զղջալու իր շտապողականության համար և չի բեկանելու իր իսկ վճիռը: Թեև ընդդիմության համար ընդհանուր եզրահանգման ոչ բոլոր հիմքերն են տեսանելի, այնուամենայնիվ, Ռուզան Խաչատրյանը նշմարում է նրանց, ովքեր պատրաստակամ են այդ հարցում, իսկ դա, ըստ նրա, առաջընթաց քայլ է: Քաղաքական համակարգի առողջացմամբ մտահոգված ընդդիմադիր ուժերը միայն խաղի կանոնների հստակեցման դեպքում կարող են ստեղծել միասնական թիմ: Մինչդեռ սրճարանային բանակցությունների մասնակից ընդդիմադիր դեմքերն ինչ-որ ժամանակ փնովում էին ՀԺԿ-ի գործունեությունը: Բայց. - Եթե մենք զգացմունքային մոտեցում ցույց տայինք, ուրեմն որևէ մեկի հետ չպետք է նստեինք բանակցությունների, այնինչ, մենք գտնում ենք, որ դա անթույլատրելի է: Այդ օրինակը 1999 թ. ցույց տվեց մեր կուսակցության հիմնադիրը` Կարեն Դեմիրճյանը` դաշինք կազմելով այն քաղաքական ուժի հետ, որը 1998 թ. նրա ձեռքից վերցրել էր հաղթանակը: Այդ սկզբունքը միշտ լինելու է մեր գործունեության հիմքում,- ասում է Ռուզան Խաչատրյանը: Իսկ մինչ ժամանակը կարձանագրի ընդդիմադիր լիդերների նպատակների և գործողությունների հաջորդական քայլերը, ՀԺԿ-ն որոշել է թիվ 15 ընտրատարածքում աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչպե՞ս կարող է նա բաց թողնել իշխանությանը հակադրվելու գրավիչ պահը, քանի որ իշխանությունների դեմ պայքարելու հնարավորությունից զատ, ՀԺԿ-ն «Ժառանգության» հետ «համագործակցելու մեծ փորձ և բարեկամություն ունի»: Բացի Պարույր Հայրիկյանից, այսօր ընդդիմադիր գործիչներից որևէ մեկը չի բարձրաձայնում միասնական թեկնածու դառնալու գաղտնի երազանքի մասին: Ռուզան Խաչատրյանը նույնպես չի շտապում կանխատեսումներ անել, թեև չի էլ բացառում ընդդիմադիրների հանդիպումներին մասնակցող ցանկացած առաջնորդի հավանականությունը: Ինչ վերաբերում է 2008-ի Նախագահի ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը, ապա տիկին Խաչատրյանը կարծում է, որ թեև` - Նա լուրջ քաղաքական գործիչ է, ունի 10 տարվա մշտական բնակություն և ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունք, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես չի հայտարարել իր մասնակցության մասին, ուստի դրան վերաբերող ցանկացած հայտարարություն կոռեկտ չի լինի:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ