Խոսել խոսելու համա՞ր


Խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որը` հախուռն, որը` թույլից-չափավոր շտապեցին գնահատել ընտրական գործընթացներն ու հետընտրական քաղաքական իրողությունները: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ձայն-ծպտունը չլսվեց: Հնչակյանները ցնցված էին, իրենց իսկ խոսքով, «ամենաշոկային վիճակում մենք էինք», ու էդպես շոկի մեջ փակվել-նստել են իրենց գրասենյակում: Եվ ահա, ընտրություններից 3 ամիս անց միայն, հարմար են գտել արտահայտվել: «Ընտրություններից հետո խուսափել եմ ասուլիս տալուց, հիմա հնարավորություն է ընձեռվել»: Ինչո՞ւ, ո՞վ էր նրանց զրկել այդ հնարավորությունից: Կուսակցության ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանն ասում է, թե այս երեք ամսում իրենք իրավիճակն էին վերլուծել: Ու թեև 3 ամիս շարունակ վերլուծել են, սակայն որևէ նոր բան, քան այս ընթացքում հազար անգամ ասվածն է, չասացին: Ընտրութ յունները կեղծվել են, ընտրակաշառք է բաժանվել, երկրում արտագաղթ է, ընդդիմությունը պարտություն է կրել… Հետո՞°, Լյուդմիլա Սարգսյան, հետո՞: Նման բաներ պարզելու համար ի՞նչ կարիք կար հատուկ վերլուծությամբ զբաղվել: Ցանկացած քաղաքացու հրավիրում էիք ձեր գրասենյակ, և կեսժամյա զրույցում նա ավելին կասեր, քան Ձեր վերլուծությամբ պարզածն է: Հասկանալի չէ նաև, թե քաղաքական դաշտում դերակատարում գրեթե չունեցող-չերևացող կուսակցությունը ակտիվանալու ի՞նչ առիթ ունի: Հնչակյանների համար ինչո՞ւ հանկարծ անհրաժեշտ դարձավ գնահատել ընտրությունները, մանավանդ, երբ քաղաքական դաշտի տրամաբանությունն այսօր ամբողջապես Նախագահի ընտրությունների ձևաչափի մեջ է: Նման անսպասելի ակտիվացման պարագայում ֆրանսիական ասացվածքը շատ տեղին կհնչեր. «Ժամանակից առաջ ժամանակը չէ, ժամանակից հետո էլ ավելի ժամանակը չէ»: Եվ առհասարակ, հարց է առաջանում` ինչո՞ւ են ուզում խոսել, երբ կա ասելիքի` լուրջ, հիմնավոր ասելիքի պակաս: Կուսակցության ատենապետուհու ժամանակավրեպ ասելիքի մեջ, այնուամենայնիվ, կային նաև այսօրեական արծարծումներ: Կուսակցությունը հստակեցրել է իր դիրքորոշումն առ այն, որ ընդդիմադիր միասնական թեկնածուն այլընտրանք չունի: Հաղթելու առավելագույն շանսը իշխանական թևը ներկայացնող թեկնածուինն է, սակայն միասնական թեկնածուի հաղթանակը հնչակյանների համար այնքան բաղձալի է և վերին ու վերջին նպատակ, որ հանուն դրա նրանք պատրաստ են աջակցել նաև իշխանությունների թեկնածուին, եթե համոզվեն, որ նա ընդունակ է երկիրը սահմանադրորեն ղեկավարել: Ի՞նչ է ստացվում` համ նալին, համ մեխի՞ն: Տիկին կուսակցապետուհին միասնական թեկնածուի անուններ չի նշում, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Դա ի՞ր տեսակետն է, իր ղեկավարած կուսակցությա՞ն և արդյո՞ք ընդդիմադիր դաշտում գերակա է նման մոտեցումը` կապված ՀՀ առաջին Նախագահի հետ: «Դա նախ իմ կուսակցության տեսակետն է, և, այո°, կա նման միտում»,- մեր հարցին ի պատասխան ասում է կուսակցության ատենապետուհին: Հետաքրքիր է, որ ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանն առայժմ այդ մասին համառ լռություն է պահպանում, ինչը, ինչպես լինում է սովորաբար, ավելի խոսուն է և նշանակում է, որ մարդն այդ մասին դեռևս ասելու բան չունի: Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում նաև այլ թեկնածություններ, այդ թվում նաև սեփական թեկնածուով հանդես գալը: Սա արդեն նրա ասելիքի գագաթնակետն էր և գուցե` որոշակի վերլուծության ենթակա:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ