ՓՐԿՕՂԱԿ` ՔԱՇՔՇՈՒԿԻՑ


Հայաստանում ձևավորված ավանդույթի համաձայն` գործունեությունը դադարեցնող տնտեսվարողներն այդ մասին նախընտրում են հարկայինին տեղյակ չպահել` փոխարենն ամեն ամիս զրոյական հաշվետվություններ ներկայացնելով: Հետաքրքիր, բայց ճարահատ մոտեցում է, քանի որ չգործող կազմակերպությունը լուծարելը մի քանի ամսվա տառապալից գործընթաց է պարտադրում: Դրանից խուսափելը թեև, հազվադեպ, բայց դրական հետևանք էլ է ունենում. ձախողված բիզնեսը վերսկսելու համար նորից գրանցվելու անհրաժեշտություն չի ծագի: Բայց մինչ այդ` տնտեսվարողները շրջանցում են լուծարային դժվարին գործընթացը: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր ժամանակներում գրանցված, բայց չգործող հազարավոր կազմակերպություններ կան, որոնց ընդհանուր թիվը եթե հաշվվի, ապա մեր երկրի յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ բնակչին մեկական ՍՊԸ կամ ԱՁ բաժին կհասնի: Թերևս, այս արտառոցությունը վերացնելու նպատակով Հարկայինը տնտեսական համաներում հայտարարելուց և նախկին տուգանքներն ու տույժերը զրոյացնելու հնարավորություն ստեղծելուց բացի, որոշել է գործունեությունը դադարեցրած կազմակերպություններին միանգամից լուծարել: Ընդ որում, նույնիսկ չգործող կազմակերպության ներկայացուցչի միջնորդության և ավելորդ ջանքերի կարիք չկա, քանի որ նրանք, ովքեր արդեն քանի տարի զրոյական հաշվետվություններ են ներկայացնում, առաջիկայում ինքնաբերաբար կհամարվեն լուծարված: Կարելի է կարծել, որ օրենքի ծուղակում հայտնված և չգործող կառույցները ցնծությամբ պետք է ընդունեն հերթական ու ավելորդ գլխացավանքից ազատվելու լուրը: Սակայն տեղի ունենալիքի արդյունքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը, բնականաբար, շեշտակիորեն նվազելու է, ինչը քաղաքական նոր շահարկումների թեմա է դառնալու: Եթե ուրիշ ոչինչ չգտնվի, ապա համաներումը հաստատ կապվելու է իշխանության նախընտրական ակնկալիքների հետ: Մինչդեռ տեղի ունեցածը նախ և առաջ փակուղային իրավիճակը հաղթահարելու, փոքր և միջին բիզնեսին գործնականում աջակցելու իրատեսական մեկ քայլ է: Ի վերջո, պարտքեր ունեցող տնտեսվարողներն անվճարունակ էին, և պարբերաբար հավելվող տույժերն ու տուգանքներն անընդհատ աճում էին` մեծացնելով վճարելիքը: Եվ ՊԵԿ¬ն ըմբռնումով որոշակի գործողությունների, ասենք` գումարները դատական կարգով բռնագանձելու, քայլին չէր դիմում: Եթե առաջիկայում պարտքերն առանց տույժերի ու տուգանքների վճարվեն, ապա պարտք ունեցող տնտեսվարողներից զատ զգալիորեն կշահի նաև պետությունը: 200 միլիարդ դրամը քիչ գումար չէ: Բացի այդ, ՊԵԿ¬ը ոչ թե տնտեսվարողներին ստիպում է, այլ տարիներով կուտակված գումարային խնդիրները լուծելու իսկապես փոխշահավետ տարբերակ է առաջարկում: