Բանակցություններ` հանուն բանակցությունների


Ստատուս քվոյի փոփոխմամբ նույնիսկ Թուրքիան շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հերթական` կազանյան հանդիպումը, թերևս, շատերի հիասթափությունը հարուցեց, քանի որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների բարձրաձայնած լավատեսությունը հակամարտության մոտալուտ լուծման հույսեր էր արթնացրել: Հիասթափության մասին էր հայտարարություն տարածել, մասնավորապես, ՄԽ համանախագահող երկիր Միացյալ Նահանգների պետդեպը. Դմիտրի Մեդվեդևը հանդիպումը համարել էր ձախողված: Այս համընդհանուր հիասթափության համատեքստում առանձնանում է ՄԽ համանախագահների հայտարարությունը, թե Կազանում, այնուամենայնիվ, առաջընթաց գրանցվել է, քանի որ երկու նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ առաջին հայացքից միմյանց հակասող տեսակետների պատճառների, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետագա հնարավոր զարգացումների մասին է զրույցը քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: - Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում քննարկել են կարգավորման շրջանակում հետագա անելիքները. իրենց ներկայացրած երկրները կարծես թե հիասթափություն չեն արտահայտել վերջին հանդիպումից: ՌԴ արտգործնախարար Լավրովի հրավերով օրերս Մոսկվա էր մեկնել նաև մեր ԱԳ նախարարը: Առաջիկայում գուցե դարձյալ մի հանդիպում էլ կազմակերպվի: Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել. արդյո՞ք ևս մեկ անպտուղ բանակցությունների ականատեսը պետք է լինենք: - Իմ կարծիքով, Ռուսաստանը և Մինսկի խմբի մյուս համանախագահները մտադիր են բանակցային գործընթացը շարունակել նույնիսկ այն դեպքում, երբ բոլորը հասկանում են, որ մոտակա ժամանակներում վերջնական կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Բայց ներկայումս հենց բանակցային գործընթացն ավելի կարևոր է, քան հնարավոր որևէ այլ արդյունք: Ե´վ համանախագահողները, և´ հակամարտության կողմերը հասկանում են, որ ներկա պահին իրականում փոխզիջումային լուծման հնարավորություն գոյություն չունի: Որովհետև այն, ինչին պատրաստ են ադրբեջանցիները, չի բավարարում նույնիսկ զիջումների հակված հայաստանյան կողմին, առավել ևս` Ղարաբաղին: Եվ հակառակը` ինչին պատրաստ են Հայաստանում ամենալիբերալ, անգամ պարտվողական տրամադրություններով մարդիկ, չի համապատասխանում ադրբեջանական կողմի նույնիսկ նվազագույն սպասումներին: Հետևաբար, այս իրավիճակում կա միայն մի հնարավորություն` շարունակել բանակցային գործընթացը, որովհետև այն նոր պատերազմից խուսափելու ամենալավ միջոցն է: Ոչ միակը, որովհետև պատերազմը զսպող իրական միջոցը գոյություն ունեցող ռազմատեխնիկական հավասարակշռությունն է: Հասկանալի է նաև, որ ռազմական գործողություններ կարող է վերսկսել միայն Ադրբեջանը, որին, պատերազմում պարտված կողմ լինելով, առկա ստատուս քվոն ձեռնտու չէ: Ուստի, արտաքին ուժերը փորձում են միայն այդ գործընթացը շարունակել, չնայած` բոլորը լավ հասկանում են, որ դա արտաքին ձևական բնույթ ունի: Բայց, կրկնեմ` բանակցային գործընթացի` այդ հանդիպումների շարունակականությունը գուցե միակ և ամենակարևոր իմաստն է: - Ստացվում է` բանակցություններ` հանուն բանակցությունների՞: - Այո: - Ճիշտն ասած` այդ հավասարումը փոքր-ինչ դժվար է ընկալել: - Կողմերին ներկայացված փաստաթուղթը չի համապատասխանում նրանցից ոչ մեկի շահերին: Բայց մյուս կողմից, այս պահին նույնիսկ ինչ-որ փաստաթղթերի ստորագրումը վերջնական չի լինի: Պատերազմից հետո, երկար ժամանակ ատելության, թշնամանքից հետո մի փաստաթղթով հակասությունը չի լուծվում: Ոչ ոք չի կարող կողմերից որևէ մեկին առաջարկել լիակատար, համոզիչ ինչ-որ լուծում: Եվ ընդհանրապես, հակամարտող ու բանակցող կողմերին բավարարող որևէ առաջարկ գոյություն չունի: Իսկ միջազգային հանրության համար գոյություն ունեցող ստատուս քվոյի իրավիճակն ավելի նախընտրելի է, քան ցանկացած փոփոխություն. միայն` պատերազմ չլինի, միայն թե ավելի բարդ, ավելի անցանկալի զարգացումներ չլինեն: Այս պարագայում նույնիսկ ձևական բանակցությունները պատերազմից խուսափելու միակ տարբերակն է: Բոլորը հասկանում են, որ բարձրաձայնելը, թե առաջընթաց գոյություն չունի և բանակցությունները դադարեցնելը կնշանակի կողմերից մեկին, տվյալ դեպքում` Ադրբեջանին ստիպել, որ նա պատերազմ սկսի: Իսկ ներկայումս գոնե ներքին լսարանին Հ. Ալիևը բացատրում է, որ պատերազմ չի սկսում, որովհետև բանակցություններ են ընթանում: Հակառակ պարագայում, նույնիսկ հասկանալով, որ կարող է պարտվել, Ալիևը կարող է ստիպված պատերազմ սկսել: - Պարզ է, որ մեր տարածաշրջանում գերտերությունների շահեր են բախվում: Ուղղակի նրանք ընդհանուր համաձայնության են հանգել այստեղ խաղաղություն պահպանելու հարցում: Ռուսաստանի շահերն ինչ-որ չափով հասկանալի են, քանի որ մենք սերտ կապեր ունենք այդ երկրի հետ: Իսկ ի՞նչ շահեր կարող է ունենալ Միացյալ Նահանգները, մասնավորապես, Ղարաբաղում: - Իրավացի եք. և´ Ռուսաստանը, և´ ԱՄՆ-ը, և´ Ֆրանսիան, որը Եվրամիությունն է ներկայացնում, ունեն իրենց շահերը, բայց ռազմավարական առումով մի հարցում կոնսենսուսի են հանգել` ոչ ոք պատերազմ չի ուզում: Նույնիսկ Թուրքիան պատերազմ չի ցանկանում: Որովհետև Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավվելով` հակադրվել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Եվրամիությանը` Թուրքիայի համար ցանկալի չի: Ակնհայտ է նաև, թե ինչու Իրանը նույնպես ստատուս քվոյի փոփոխություն չի ցանկանում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և մյուս կողմերի շահերին, նշեմ հետևյալը. այս տարածաշրջանում կայունությունը նշանակում է, որ էներգետիկ ճանապարհները գործելու են, ինչն էլ նշանակում է, որ Միացյալ Նահանգները վերջին տասնամյակում ներկա է մեր տարածաշրջանում, այդ թվում նաև Ղարաբաղյան խնդրում բանակցային գործընթացին մասնակցելու համար: Մյուս կողմից, հասկանալի է` ԱՄՆ-ը էներգետիկ, կոմունիկացիոն շահեր ունի Ադրբեջանի հետ` կապված և´ կասպյան նավթի, և´ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին մատակարարելու հետ: Հայաստանի դեպքում` ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքն է նաև լոբբիստական կազմակերպությունը: Բացի այդ, Վաշինգտոնը Հայաստանը դիտարկում է որպես հնարավոր դաշնակից, կամ Թուրքիային զսպող գործոն, քանի որ վերջինս ակտիվանալով մեր տարածաշրջանում, մրցակից է դառնում Միացյալ Նահանգների համար: Եվրոպայի դեպքում էլ էներգետիկ, տրանսպորտային նշանակությունը կարևոր է: Եվ այնտեղ հասկանում են, որ պատերազմ սկսվելու դեպքում հայերն առաջին հերթին կոչնչացնեն Ադրբեջանի էներգետիկ ողջ ենթակառուցվածքը: - Հետաքրքիր է, որ կազանյան հանդիպումից գրեթե անմիջապես հետո ամերիկյան վերլուծաբանները սկսեցին խոսել Ադրբեջանի և Իրանի ռազմական բախման հնարավորության մասին: Չանցավ մեկ շաբաթ, լրատվամիջոցները տեղեկացրեցին ադրբեջանաիրանական սահմանային միջադեպի մասին: Արդյո՞ք, դա պատահականություն էր: - Իրանի դիտարկմամբ, Ադրբեջանը չափից ավելի է համագործակցում Արևմուտքի և Միացյալ Նահանգների հետ` անվտանգության հարցերում: Միայն այս հանգամանքն արդեն իսկ բավական է, որ Իրանը զգուշավոր վերաբերմունք ունենա Ադրբեջանի նկատմամբ: Բայց մյուս կողմից` Ադրբեջանն իսլամական երկիր է, և իսլամական կանոնների առումով, նրա ղեկավարությունն այնքան էլ ճիշտ չի վարվում իր քաղաքացիների հետ` կրոնական հարցերում: Բացի այդ, Ադրբեջանն Իրանի համար վտանգ է ներկայացնում. Իրանի բնակչության մեծ մասը թուրքալեզու է, որոնց Ադրբեջանում նույնացնում են իրենց հետ` էթնիկ առումով: Այդ պատճառով է, որ Իրանը շատ զգուշավոր է վերաբերվում Ադրբեջանին ու դրանով է բացատրվում Թեհրանի ակտիվ համագործակցությունը Երևանի հետ. այդ թվում և անվտանգության ոլորտում: Ադրբեջանի հետ նշված սահմանային միջադեպը գուցե զուգադիպություն է, բայց ակնհայտ է, որ Իրանի և Ադրբեջանի միջև լուրջ խնդիրներ գոյություն ունեն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ