Տարեգրության էջերից


* 1992-ի հուլիսի 8-ին տեղի է ունեցել 7 պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընդունած` Ղարաբաղյան հակամարտության շուրջ համատեղ հայտարարության մեջ մտահոգություն էր հայտնվում լարվածության սրման կապակցությամբ, և կողմերին կոչ էր արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վիճելի հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ` Հռոմում և Մինսկում: 1993 թվականի այս օրը Ֆրանսիայի կառավարությունը վճռական բողոք ներկայացրեց Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Շահումյանի շրջանները զավթելու կապակցությամբ: * 1992 -ի հուլիսի 9-ի դրությամբ` բռնագաղթածների ու փախստականների թիվը Ստեփանակերտում կազմում էր 35000: Բռնագաղթածների ու փախստականների ընդունման ու տեղավորման հատուկ հանձնաժողովի հատուկ անցագրերով ԼՂՀ-ից մեկնել է 1409, Շուշիում տեղավորվել` 300 մարդ, իսկ մարտակերտցիների մի մասը վերադարձել է իրենց բնակավայրերը: * Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ծնվ. 9.7.1972, Շուշիում). զինվորական լրագրող, պատմաբան, ազատամարտիկ: ՊԲ կապիտան (1997), պատմ. գիտ. թեկնածու (2001): 1989-92-ին «Արցախի ուսանող-երիտասարդական միության», «Հայ երիտասարդության ճակատի» կազմերում մասնակցել է Ղարաբաղյան շարժման քաղաքական փուլին, «Ցեղակրոն» ջոկատի կազմում` Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը, 1992-93-ին` ԼՂՀ ԻՊՈՒ-ի հրետանու պետի կառավարման մարտկոցում` Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում մղված մարտերին: 1992-94-ին եղել է «Խաչեն» թերթի պատասխանատու քարտուղար, 1993-ից, միաժամանակ` «Մարտիկ» պաշտոնաթերթի աշխատակից: Մ. Հարությունյանն առաջիններից է, որ փորձել է գիտականորեն լուսաբանել Ղարաբաղյան պատերազմի և ՊԲ մարտական ուղու պատմությունը: